Հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցն է:
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այս պաշտոնում առաջադրել են ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանի թեկնածությունը:
Նրա թեկնածությունն ԱԺ-ում կներկայացնի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ վաղուց գրել էր, որ ընդդիմադիր «Հայաստան» եվ «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են պատրաստվում առաջադրել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանին:
Նախորդ անգամ՝ սեպտեմբերի 12-ին, իշխող մեծամասնությունը տապալեց ընդդիմության թեկնածուի ընտրությունը. 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էին ընդդիմադիր 33 պատգամավորներ, իսկ իշխող ֆրակցիայի պատգամավորներն, առհասարակ, չէին եկել քվեարկության, ինչի պատճառով Անահիտ Սարգսյանի թեկնածությունը խորհրդարանը չէր հաստատել:
Քրիստինա Մուշեղյան