Հայաստանի ամերիկյան համալսարանը և Վաշինգթոնի նահանգային համալսարանը նոյեմբերի 30-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Լրագրողական գերազանցության կենտրոն ստեղծելու և լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր ներդնելու մասին։ Ինչպես տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից, համալսարանական փոխգործակցության այս քառամյա նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կհատկացնի 1․3 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում․ նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել Հայաստանի մեդիա ոլորտի կատարելագործմանը։
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ամեն տարի ուսման վարձի 90%-ի չափով կրթաթոշակ կտրվի լրագրողական մագիստրատուրայի 9 ուսանողի, ընդ որում՝ որոշ ուսանողներ մրցութային հիմունքներով հնարավորություն կստանան ամառային պրակտիկա անցնել Միացյալ Նահանգներում և կատարելագործել իրենց լրագրողական հմտություններն ԱՄՆ լրատվական կառույցներում ձեռք բերած գործնական փորձի միջոցով։
«Մենք հպարտ ու երախտապարտ ենք, որ ԱՄՆ դեսպանությունը մեզ է շնորհել այս կարևոր դրամաշնորհը, – ասել է ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանը։ – Համալսարանի հիմնադրման օրվանից ԱՄՆ կառավարությունն ԱՄՆ ՄԶԳ Ամերիկյան կրթօջախների ու բուժհաստատությունների (ASHA) ծրագրով տարբեր հարցերում աջակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանին, իսկ սա նոր ձեռքբերում է մեր երկարամյա համագործակցության տիրույթում։ Պատրաստ ենք սիրով աշխատել Վաշինգտոնի համալսարանի մեր գործընկերների հետ` կյանքի կոչելու այս նախագիծը և ի վերջո սկսելու լրագրողների ուսուցման մագիստրոսական ծրագիրը։ Վստահ ենք, որ այս նոր ծրագիրը մեծապես շահեկան կլինի Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի համար»։
Նշվում է, որ Լրագրողական գերազանցության կենտրոնը ծառայելու է որպես լրագրողական կրթության և ոլորտային հետազոտությունների, ուսուցումների, լավագույն փորձի և լավագույն փորձագետների ու քաղաքականություն մշակողների հետ համագործակցության հարթակ, որն ի ցույց կդնի որակյալ լրագրողական աշխատանքի ներուժն ապատեղեկատավությանը հակազդելու ասպարեզում և կօգնի բարելավել մասնագիտական կապերը Հայաստանի լրագրողական էկոհամակարգում։ Կենտրոնը նաև կառաջարկի մասնագիտական կատարելագործման ծրագրեր ընդհանուր մեդիա համայնքին։
Դեպանության տեղեկացմամբ՝ այս նոր համալսարանական փոխգործակցության մեկնարկի ազդարարման կապակցությամբ Հայաստան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային բյուրոյի քաղաքականության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ռաֆիկ Մանսուրը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև դեսպան Քրիստինա Քվինը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հայ-ամերիկյան հարաբերությունների հիմքում ընդհանուր արժեքներն են, այդ թվում՝ մամուլի ազատությունը և կրթության կարևորագույն դերն ամուր, ժողովրդավարական և ապատեղեկատվությանը տուրք չտվող հասարակություն ձևավորելու հարցում։ Միացյալ Նահանգները հպարտ է իր ներդրմամբ աջակցել համալսարանական փոխգործակցության այս նախաձեռնությանը, որն իր նպաստ է բերելու Հայաստանի ժողովրդավարական զարգացման և լրագրողների նոր սերնդի կրթության գործում», – նշել է Մանսուրը։
«Այս նախագծի նպատակն է աջակցել ներկա և ապագա լրագրողներին՝ ձեռք բերելու գիտելիքներ և հմտություններ, որոնք դրական ազդեցություն կունենան լրագրության ոլորտի վրա, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս», – ասում է Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի (CHSS) դեկան Հակոբ Յակուբյանը: – Ծրագիրը կնպաստի ֆակուլտետի ակադեմիական բազմազանության ընդլայնմանը և այդպիսով մեզ համար կստեղծի նոր հնարավորություններ պրոֆեսիոնալ առաջնորդներ կրթելու համար»։
«Իրապես ոգևորիչ է պաշտոնապես սկսել լրագրողական կրթության ոլորտում այս նոր եզակի փոխգործակցությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի և Վաշինգտոնի նահանգային համալսարանի միջև։ Սա շրջադարձային քայլ է Հայաստանի մեդիա ոլորտի զարգացման ուղղությամբ և առաջիկա տարիներին կնպաստի Հայաստանի լրագրողական համայնքի մասնագիտական կատարելագործմանը», – ասել է Վաշինգտոնի նահանգային համալսարանի հաղորդակցության գծով պրոֆեսոր, դ-ր Լորենս Փինթաքը։
Նշվում է նաև, որ, այս ծրագրից զատ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նաև Հայաստանի ամերիկյան համալսարանին ֆինանսավորում է տրամադրում լրագրողների համար անգլերենի երկամյա դասընթաց կազմակերպելու նպատակով, որը թույլ կտա լրագրողական համայնքի անդամներին կատարելագործել անգլերենի իմացությունը՝ մասնագիտական կարիքներից բխող դասընթացների միջոցով։