Սուրճն ու թեյն օգնում են պահպանել եռանդը և ֆիզիկական ակտիվության կարողությունը ծերության ժամանակ: Այս եզրակացության են եկել Սինգապուրի Ազգային համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMDA-ում (Journal of the American Medical Directors Association):
Հետազոտությանը, որը տևել է մոտ 20 տարի, մասնակցել է 45-ից 74 տարեկան մոտավորապես 12 հազար մարդ։ Փորձի առաջին փուլի ընթացքում նրանք հարցաթերթիկներ են լրացրել՝ գնահատելու իրենց օգտագործած թեյի և սուրճի քանակը: Նրանք նաև տեղեկատվություն են տրամադրել իրենց սոցիալ-ժողովրդագրական բնութագրերի, բժշկական պատմության, հասակի և քաշի, սննդակարգի, ֆիզիկական ակտիվության մակարդակի և քնի տևողության մասին:
Հետազոտության երկրորդ փուլի ընթացքում (2006-2010 թթ.) կազմակերպիչները խնդրել են կամավորներին հայտնել, թե արդյոք փոխվել են իրենց քաշը և առողջական վիճակը: Երրորդ հարցման ժամանակ, որն անցկացվել է 2014-ից 2017 թվականներին, 73 տարեկան միջին տարիքի մասնակիցներին խնդրել են հայտնել իրենց ինքնազգացողության մասին: Բացի այդ, գիտնականները գնահատել են մասնակիցների ֆիզիկական ուժն ու շարժունակությունը։
Արդյունքները ցույց են տվել, որ սուրճի և սև (և կանաչ) թեյի օգտագործումը նվազեցրել է թուլությունը: Գիտնականները բացատրել են, որ բացի կոֆեինից, այս ըմպելիքները հարուստ են պոլիֆենոլներով (բուսական պիգմենտներով), որոնք ունեն հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկություն։ Նրանց առողջապահական օգուտները, ինչպիսիք են պաշտպանությունը շաքարախտից, սրտանոթային հիվանդություններից, նեյրոդեգեներատիվ հիվանդություններից և գիրությունից, ենթադրվում է, որ օգնում են սուրճ և թեյ խմողներին ակտիվ մնալ մինչև ծերություն: