«Դեռ չեմ մտածել Ամանորին պատրաստվելու մասին, քանի որ շատ հարցեր ու խնդիրներ կան ու տրամադրություն չկա Նոր Տարի նշելու: Երևի այն մեզ համար սովորական մի օր կլինի»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Գայանե Ենգիբարյանը։
Գայանեն հիշում է, որ մինչև Արցախի կիսվելը մեծ ուրախությամբ էին դիմավորում Նոր Տարին: Փորձում էին ամեն տարի տարբերվող լինի թե՛ սեղանի առատությամբ, թե՛ տան ու տոնածառի զարդարանքով: Պատերազմից հետո` 2021թ.-ին շատ համեստորեն դիմավորեցին, ասում է ամբողջ քաղաքն այդ օրերին լուռ ու անզարդ էր.
«2020 թվականից հետո, երբ վերադարձանք Ստեփանակերտ, դեռ քաղաքը քարուքանդ վիճակում էր, ամենուր որոնողափրկարարական աշխատանքներից իմանում էինք, որ ինչ-որ մեկի աճյունը կամ մարմնի մասունքը համընկել է ծնողի, որդու ԴՆԹ-ի պատասխանի հետ: Այդ պայմաններում, անտեսելով հարևանի կամ հարազատի վիշտը, ու ասել, որ ես Նոր Տարի եմ նշում, թեկուզ միայն երեխաների համար, միևնույն է ճիշտ չէր լինի: Այդ իսկ պատճառով այդ տարի ոչ միայն մենք, այլև բոլոր արցախցիները Նոր Տարի չնշեցին: 2022թ., 2023թ փորձում էինք ընդամենը երեխաներին ուրախացնել: Կարծում եմ, Նոր Տարին մեզ համար ավարտվեց 2020 թվականին»,- ասում է մեր զորուցակիցը:
Մեր զրուցակիցը պատմում է, որ երեխաները, դեռ լիիրավ չեն պատկերացնում իրավիճակը և նրանց մոտ այն զգացողությունն է, որ սովորական այցելություն է Երևան:
«Երեխաներս այն զգացողությունն ունեն, որ երբ ուզենք գնալու ենք Արցախ, մեր տուն: Ձմեռ Պապիկին դեռ սպասում են ու արդեն հասցրել են նամակ-ցանկություն գրել: Ցանկություններից մեկն էլ Արցախ վերադառնալն էր»,- ասում է տիկին Գայանեն:
Գայանեն այժմ իր 4-հոգանոց ընտանիքով բնակվում է քաղաք Երևանում՝ մեկ սենյականոց բնակարանում: Պայմաններից չի բողոքում, ասում է՝ թեև Ստեփանակերտում ամեն մեկն ուներ իր առանձին անկյունը, բայց հիմա մի սենյակում ավելի ուրախ ու համերաշխ են: