Վիզա ստանալու հերթերը ու դրանից առաջացած անհարմարություններն արդեն երկար ժամանակ է ինչ վատ իրավիճակի մեջ են գցում քաղաքացիներին: Շատ քաղաքացիներ, որոնք ցանկանում են ամենատարբեր նպատակներով մեկնել Հայաստանից, բախվում են վիզա ստանալու հերթերի ու մի շարք այլ խնդիրների հետ:
Ավելի կոնկրետ ու հասկանալի ասված կատարվում է հետեւյալը.
Դեսպանատունը տրամադրում է շենգենյան վիզա ստանալու համար օրեր, որոնք ամրագրում են քաղաքացիները, սակայն լինում է եւ այնպես, որ մարդիկ ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են իրենց հերթից. օրինակ մտափոխվել են, հիվանդ են կամ ցանկացած այլ պատճառով պարզապես ներկա լինել չեն կարող այդ օրը: Ստացվում է, որ այդ օրը մնում է ազատ: Հաշվի առնելով վիզա ստացողների եւ վիզայի համար դեսպանատան կողմից տրամադրվող օրերի քանակի չհամընկնելը տեղի են ունենում մի շարք կեղծիքներ:
Մասնավորապես անհատներ կամ հատուկ խմբեր օր ու գիշեր 24/7 ռեժիմով թարմացնում են ամրագրումների կայքը, որպեսզի ինչ-որ մեկի հերթը «առաջ գցեն» եւ դրանով իսկ գումար են աշխատում: Դրա համար պահանջում են անձնագրի տվյալներ, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար եւ այլն, այսինքն հնարավոր բոլոր
անձնական տվյալները պահանջվում է վիզա ստացողից՝ դեսպանատներում հերթ ստանալու համար, եւ ճարահատյալ քաղաքացին էլ հնարավորինս շուտ վիզա ստանալու համար տալիս է այդ ամենը անհայտ անձանց: Փաստացի այս երեւույթը հղի է բազմաթիվ վտանգներով:
«Հերթը առաջ գցողները» ունեն իրենց հատուկ խումբը, որով քաղաքացիները կապ են հաստատում եւ պայմանավորվում հետագա գործողությունների համար:
ArmLur.am-ը եւս տարբեր երկրների օրինակով փորձել է վիզա ստանալու «այդ մութ եղանակից եւս օգտվել»:
Միայն մեկ ժամվա ընթացքում Ֆրանսիայի դեսպանատանը հունվարի վերջին հերթ ստանալու համար մեզ հետ կապվեցին շուրջ 7 հոգի: Գների սահմանը տատանվում էր 25000-30000 դրամի սահմաններում: Իսկ եթե ցանկանում ենք ավելի մոտ օր՝ օրինակ դեկտեմբերին, այն կարժենա ավելի թանկ, քանի որ հավելյալ ռեսուրսներ է պահանջում:
Մեր զրուցակիցների խոսքից պարզ դարձավ նաեւ մեկ այլ բան. եթե օրինակ մի երկրի դեսպանատուն գերծանրաբեռնված է, կարող են ավելի հեշտ ու համեմատաբար ավելի նոսր հերթեր ունեցող դեսպանատուն ամրագրել վիզա ստանալու հերթ, ստանալ Շենգեն վիզա ու այցելել այնտեղ, որտեղ ուզում եմ, սակայն ցանկալի է՝ առաջինն այցելել եվրոպական այն երկիրը, որի դեսպանատուն դիմել են:
ArmLur.am-ը կապ հաստատեց Ֆրանսիայի դեսպանատուն՝ հասկանալու, թե արդյոք իրենք վերահսկում են այս ամենը, ինչու օրերի քանակը հավուր պատշաճի չի տրամադրվում քաղաքացիներին, մեզ պատասխանեցին, որ բանավոր ոչ մի հարցի պատասխանել չեն կարող: Միայն նշեցին, որ օրեր տրամադրում են, պարզապես ծանրաբեռնվածությունը մեծ է:
Մարիամ Ղազարյան