ՀԱՅՀՈՅՈՂ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՎԱՌՎԱԾ ՓԱՅՏԻ ԿՏՈՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը մի քանի անգամ  անդրադարձել է հոկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մշակույթի տան առաջին հարկում բռնկված հրդեհի դեպքին: Մեր հետեւողական ուշադրությունը խորապես զայրացրել է Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին, ով զանգահարել էր մեր խմբագրություն եւ սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Անկեղծ ասած, անհասկանալի է, թե որն է պարոն քաղաքապետի նման հայհոյախառն  «հուզմունքի» պատճառը: Մենք ընդամենը տեղեկացրել էինք, որ հրդեհ է բռնկվել, եւ որ այդ մասին լուր հրապարակած «Ժողովուրդ» օրաթերթի այդ օրվա տպաքանակը կրպակից  հավաքվել է` այդպիսով վարդենիսցիներին զրկելով տեղեկություն ստանալու հնարավորությունից: Նշենք, որ Վարդենիսի մշակույթի տունն արդեն քանի ամիս է` վերանորոգվում է: Այն իսկապես անհուսալի վիճակում էր գտնվում` զուրկ մշակույթի տունն իր նպատակին ծառայեցնելու համար անհրաժեշտ տարրական պայմաններից: Նախորդ հրապարակման շրջանակներում զրուցել էինք Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ, ով ասել էր, որ հրդեհի պատճառով այդքան էլ մեծ վնաս չի եղել, եւ հրդեհն առաջացել է անզգուշությունից: «Փայտ ա վառվել, ծխախոտ են գցել, հրդեհ ա բռնվել, իսկ վերանորոգման աշխատանքներն էլ շարունակվելու են: Փոքր հրդեհ ա եղել, որտեղ որ քանդվում է, այդտեղ փայտեր են այրվել, հրշեջ ա եկել, հանգցրել ա»,-հավաստիացրել էր քաղաքապետը:Արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջից տեղեկացել էինք, որ դեպքի վայր է մեկնել փրկարարների երկու մարտական հաշվարկ, որոնց ջանքերով հրդեհը մեկուսացվել ու մարվել է, որտեղ 400քմ մակերեսով տարածքում այրվել էր:Պարզվեց, որ քաղաքապետի այն հավաստիացումը, թե հրդեհը մեծ վնաս չի պատճառել, իրականությանն այդքան էլ չի համապատասխանում: Ականատեսները վկայում են, որ մշակույթի տան միջանցքում բռնկված հրդեհն ամբողջությամբ այրել է թե՛ նոր տեղադրված դռները, թե՛ արդեն վերանորոգված պատուհանները (ժողովրդի խոսքով ասած` եվրոները): Կրակն այնքան ուժեղ է եղել, որ առաջին հարկն ամբողջությամբ սեւացել է: «Ժողովուրդ»-ի` արտակարգ իրավիճակների նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցել են մշակույթի տանը տեղի ունեցած հրդեհի լուսանկարները, որտեղ պարզ երեւում է,  թե ինչքան հատված է այրվել: Եւ նայելով լուսանկարները` կարելի է հասկանալ, որ պարոն քաղաքապետը, մեղմ ասած, ստում է` ասելով, թե սովորական հրդեհ է, ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Եւ մեր այն տեղեկությունը, թե հրդեհը միտումնավոր է եղել, նկարների պատկերը չի բացառում: Անզեն աչքով երեւում է, որ պատուհանները դրել են կրակի վրա եւ այրել: Թե ով է հրկիզել Վարդենիսի մշակույթի տունը, տակավին մնում է անհայտ: Բայց փաստ է, որ կրած վնասներն ակնհայտորեն մեծ են: Եւ հենց այս մասին մեր հրապարակումից հետո «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր զանգահարել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքապետ, Վարդենիսի ՀՀԿ կառույցի ղեկավար Վոլոդյա Խլոյանը եւ սեռական բնույթի հայհոյանքներ տվել. «Ես խլոյ Վալոդն եմ, ինձ մի՛ բանսարկեք: Ես ձեր թերթը չեմ հավաքել…»: «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի հետ` պարզելու համար,  թե Հանրապետական կուսակցությունում  ինչ են կարծում Վարդենիսի ՀՀԿ կառույցի ղեկավարի պահվածքի մասին, երբ վերջինս չի տարբերում փողոցը խմբագրությունից: «Ի՞նչ գնահատական եք ուզում, ցանկացած բարոյական քայլ` լինի լրատվամիջոցի, քաղաքական գործչի, թե քաղաքացու կողմից, ես ողջունում եմ: Բայց որեւէ բացասական քայլ, որը դեմ է օրինականությանը եւ դեմ է մեր հասարակության բարոյական նորմերին, ինձ համար ընդունելի չէ: Ես պատժի միջոցների չեմ տիրապետում, կան դատական ատյաններ: Ես իմ կարծիքն եմ արտահայտում` ցանկացած ոք,  ով նմանատիպ քայլ է կատարել,  ինձ համար ընդունելի չէ»,-նշեց ՀՀԿ մամուլի քարտուղարը: Իսկ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանն էլ խոստացավ գնահատական տալ ամեն ինչ ճշտելուց հետո.  «Մենք կճշտենք ու ձեզ կտեղեկացնենք, թե իրականում ինչ է եղել: Եթե հայհոյել է, ճիշտ չի արել, մնացածի համար հետո կպատասխանենք»:Կսպասենք նժդեհականների պատասխանին եւ իրենց քաղաքապետին կարգի հրավիրելու գործընթացի մեկնարկին:1. Լուսանկարում «եվրո» պատուհանի վառված մի հատվածն է, ինչից պարզ է դառնում, որ միտումնավոր կրակի մեջ են գցել եւ այրել:2. Արդեն վերանորոգված պատուհաններն ամբողջությամբ այրվել են:3. Վերանորոգման աշխատանքներից ավելացած փայտերն ու նոր պատուհաններն են, որոնք վառվել են ամբողջությամբ:4. Պատերն ու առաստաղը լրիվ սեւացած են, իսկ հենասյուներից մեկը պոկվել է:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս