Արցախի պատգամավորները նախորդ շաբաթ հանդիպել են Սամվել Շահրամանյանի հետ․ ինչ հարցեր են քննարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցը Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է:

-Տիկի՛ն Հակոբյան, այս շաբաթ մտադիր էիք Արցախի ԱԺ նիստ հրավիրել. ի՞նչու նիստը չկայացավ, որն էր պատճառը:

-Նիստ, այո, պետք է լիներ, բայց մինչև նիստը հանձնաժողովի նիստ պետք է լիներ, ինչը, տեխնիկական խնդիրների պատճառով, չի կայացել, բայց այնպես չէ, որ ԱԺ նիստը չի կայանալու:

-Իսկ ե՞րբ կկայանա նիստը:

-Հավանաբար, առաջիկայում:

-Տիկի՛ն Հակոբյան, մամուլը գրել էր, որ մինչ նիստը նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ, խնդրել է միառժամանակ ոչինչ չձեռնարկել, նիստ չհրավիրել, մինչև ինքը որոշ հարցեր հստակեցնի: Իշխող ֆրակցիայի պատգամավորներն էլ այդ օրը չեն եկել նիստի, դրա համար էլ այն տապալվել է:

-Այդ հարցը ճիշտ կլինի ուղղել «Ազատ Հայրենիք ՔՄԴ» խմբակցության պատգամավորներին: Նախորդ շաբաթ Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորներն են հանդիպել Սամվել Շահրամանյանի հետ՝ Արցախի ներկայացուցչությունում, բայց տեղյակ չեմ՝ առանձին հանդիպում «Ազատ-Հայրենիք ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ եղել է, թե ոչ:

-Իսկ ի՞նչ հարցեր եք քննարկել նրա հետ։

-Հիմնականում մենք՝ պատգամավորներս ենք հարցեր ուղղել Շահրամանյանին, քննարկել ենք առաջիկա մեր անելիքները, Արցախի կառավարության անելիքերի մասին հարցեր ենք քննարկել, ինչպես նաև բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր:

-Սամվել Շահրամանյանի հետ ԱԺ նիստ հրավիրելու վերաբերյալ խոսել եք, ի՞նչ դիրքորոշում է նա հայտնել այդ մասով:

-Այո ԱԺ նիստի մասին էլ ենք խոսել, Սամվել Շահրամանյանն էլ մեզ հետ համակարծիք է եղել, որ պետք է նիստ հրավիրվի: Բոլորս էլ այն կարծիքին ենք, որ պետք է քայլեր ձեռնարկվեն, քանի որ Արցախի հարցը երբեք չի կարող մոռացության մատնվել:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս