Քաղաքացի Տիգրան Գասպարյանը բաց նամակով դիմել է իրավապահ մարմիններին։ ArmLur.am-ը ներկայացնում է այն․
«2017թ.-ի նոյեմբեր ամսին Ղարաբաղի բնակիչ Արկադիա Շիրինյանը իմ եւ եղբորս նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական բռնություն գործադրելու, խաբեության ու կեղծիքի եղանակով հափշտակել է սեփականության իրավունքով իմ ընտանիքին պատկանող ասֆալտի գործարանը, որի շուկայական արժեքը 3-4 միլիոն դոլար է: Այդ մասին 2018 թվականի հունիս ամսին հաղորդում եմ ներկայացրել իրավապահ մարմիններին, որի հիման վրա՝ շահագործման հանցակազմով հարուցվել է քրեական գործ: Այդ գործը քննվել է կոնտրոնի քննչական բաժնում, քննվել է շուրջ 5 տարի, եւ 2022թ.-ի օգոստոս ամսին քննիչ Տիգրան Վարդանյանը որոշում է կայացրել կարճելու մասին, քանի որ գտել է, որ Ա. Շիրինյանը իմ եւ եղբորս նկատմամբ շորթում չի կատարել:
Երբ գործը կարճվելուց հետո ծանոթացանք քրեական գործի նյութերին, տեսանք, որ քննչական մարմինը բավարար քննություն չի կատարել, չեն պարզվել կարեւոր հանգամանքներ, եւ չեն ստուգվել իմ ներկայացրած պատճառաբանությունները:
Դրա վերաբերյալ բողոք եմ ներկայացրել կենտրոնի դատախազին, որն առանց հիմնավորումների իմ բողոքը մերժել է: Ես բողոք ներկայացրի առաջին ատյանի դատարան, եւ բողոքս բավարարվեց: Իր որոշմամբ՝ դատարանը քննչական մարմնին եւ դատախազությանը պարտավորեցրել էր լրացուցիչ նախաքննության ընթացքում կատարել այն բոլոր գործողությունները, որոնք չէին կատարվել նախորդ քննության 5 տարիների ընթացքում: Օրինակ՝ դատարանը որոշման մեջ գրել էր, որ անհրաժեշտ է նշանակել ապրանքագիտական փորձաքննություն, որպեսզի պարզվի գործարանի իրական արժեքը, քանի որ գործարանը մեզանից շորթած Ա. Շիրինյանը, իբրեւ թե, գործարանի արժեքը փոխանցել է. ընդամենը 100 հազար դոլարին համարժեք գումար, որը փոխանցելուց անմիջապես հետո իմ ձեռքից խլել է: Ինչպես նաեւ մի շարք վկաների հարցաքննություններ եւ առերեսումներ, որոնք նախկինում անտեսվել են անհիմն պատճառաբանություններով: Իմ կարծիքով՝ քննչական մարմինը եւ դատախազությունը այս գործով պաշտպանում են Ա. Շիրինյանին, քանի որ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը բերեց վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներ, որոնք մերժվեցին: 2023 թ. մարտ ամսին քրեական գործի վարույթը վերսկսվեց եւ հանձնարարվեց նույն քննիչ Տ. Վարդանյանին, իսկ հսկողությունը՝ կենտրոնի դատախազությանը: Այդ ժամանակ ես դիմումներ գրեցի գլխավոր դատախազին եւ երկու անգամ էլ՝ Երեւան քաղաքի գլխավոր դատախազին, որպեսզի առաջին հերթին հետեւողական լինեն այդ գործի նկատմամբ, ինչպես նաեւ փոխեն դատախազական հսկողությունը եւ քննչական ենթակայությունը: Առանց արձագանքի, իմ դիմումներն ուղարկվեցին կենտրոնի դատախազություն, որից ես դժգոհ եմ, իսկ այնտեղից էլ՝ այն քննիչին, որը, պաշտպանելով Շիրինյանին, իմ գործը կարճել էր:
Ստիպված քննիչ Վարդանյանին մի միջնորդություն ուղարկեցինք, որով խնդրում էինք կատարել այն գործողությունները, որը նշել էր դատարանը: Ըստ էության, քննիչը, խուսափելով կատարել այդ գործողությունները, միջնորդությունը չբավարարեց, որի պատճառով բողոք ներկայացրինք հսկող դատախազ Գ. Հարությունյանին: Այդ դատախազը դեռեւս 2023թ.-ի հուլիս ամսին բավարարեց իմ բողոքը եւ քննիչին հանձնարարեց կատարել դատարանի որոշման պահանջները: Սակայն դրանից անցել է արդեն չորս ամիս, արդյունքում դեռեւս ոչ մի գործողություն չի կատարվել: Քննիչը, շահագործված լինելով, Շիրինյանի հարցում անգործության է մատնել քննությունը: Գործը անուշադրության է մատնել դատախազությունը, քանի որ, ընդունելով հանդերձ դատարանի որոշման անհրաժեշտությունը, հետեւողական չի գտնվում գործի քննության նկատմամբ: Շուտով կլրանա այս քրեական գործի վեցերորդ տարին, սակայն ամբողջ իրավական համակարգը, իմ կարծիքով, լծվել է Շիրինյանի պաշտպանության գործին, այն Շիրինյանի, որը սպառնալով խոստանում էր փոշիացնել իմ ձեռնարկությունը, վերացնել տուն-տեղս, ընտանիքս՝ վարի տալով իմ երեխաներին, իսկ ինձ դարձնելով բոմժ, թափառական, թողնելով մի դամաշնիկով, քանի որ միշտ բարձրաձայնում էր, թե ինքը հզոր է եւ N1 զինվորը՝ նկատի ունենալով երկրի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին»:
«Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է լսել նաեւ երկրորդ կողմի կարծիքը: