Երեկ Կառավարության նիստում ընդունվել է «Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին» որոշումը։
Այն ենթադրում է, որ ՀՀ կամ ԵՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիներին, որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար տրանսպորտային միջոց, դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կմաքսազերծեն դրանք: Այս օրենքից ամենաշատը տուժել են Վրաստանից մեքենա բերած և չմաքսազերծած քաղաքացիները, ովքեր մեքենաները չմաքսազերծելուց հետո դեկտեմբերի 30-ից սկսած կտուգանվեն։
ArmLur.am-ը հետաքրքրվել է վարորդներից, թե որքանով են համամիտ այս նոր որոշման հետ։
Հետաքրքիրն այն է, որ այս օրենքը գործում է ԵՏՄ ադամ բոլոր երկրներում։ Հայաստանում օրենքի ընդունումն ուշացավ, սակայն քաղաքացիների կողմից և՛ լավ, և՛ վատ արձագանքներ ստացավ։ Վրացական պետհամարանիշներով մեքենաները բերվում են Հայաստան մի քանի նպատակով՝ այն մատչելի է, քանի որ վերջին թվականներին արտադրված մեքենա գնելն այդ տարբերակով մատչելի է, մաքսազերծման համար հավելյալ գումարներ չեն վճարի։ Հաջորդը՝ քաղաքացիները վրացական համարանիշներով մեքենաները Հայաստան են բերում ժամանակավոր օգտագործման համար և այն դարձնում են անհատ տաքսիներ, սկսում զբաղվել ուղևորափոխադրումներով։ Այս դեպքում էլ խնդիրն այն է, որ վթարի ժամանակ մեքենան, ինչպես նաև վարորդը չեն ստանա համապատասխան ապահովագրական փոխհատուցում, իսկ ուղևորը պարզապես ապահովագրված չի լինի։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան