«Ամսի 24-ին վերջապես ամուսինս ու եղբայրներս եկան. նույն օրը, բթացած ցավը կոկորդներումս խեղդելով, հեռացանք Արցախից՝ այնտեղ թողնելով ամեն ինչ՝ մանկություն, հայրական տուն, մի ողջ ապրած կյանք ու մեր սուրբ հայրենիքը»,-«Ժողովուրդ» օրաթերթին պատմում է Արցախից բռնի տարհանված Աքսաննա Մաթեւոսյանը:
«Սեպտեմբերի 19-ին ամուսինս ու 3 եղբայրներս դիրքերում էին, ոչ մեկից լուր չունեինք. պատերազմի հաջորդ օրը հայտարարեցին, որ պետք է լքենք գյուղը: Երեք անչափահաս երեխաներիս հետ մի կերպ բարեկամի մեքենայով դուրս եկանք գյուղից եւ գնացինք Ստեփանակերտ: Վերջին օրերին բոլորն այնտեղ էին կենտրոնանում, եւ մտածում էինք, որ Ստեփանակերտում ավելի ապահով է: 6 օր մնացինք Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում, որտեղ տեղակայված էր հիմնականում Մարտակերտի շրջանը՝ իր գյուղերով: Ծանր րոպեներ էին, երեխաները քնում էին սառը հատակին, իսկ մենք սպասում էինք, ինչի՝ ինքներս էլ չգիտեինք: Մտածում էինք ընտանիքի անդամների մասին. միայն թե մեզանից ոչ մեկը չպակասի»,- վերհիշում է Աքսաննա Մաթեւոսյանը։
Այսօր փորձում են նոր կյանք սկսել, ապրում են Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում։ Մինչեւ մշտական աշխատանք գտնելը Աքսաննան որոշել է տնային պայմաններում ժենգյալով հաց եւ փախլավա թխել՝ ինչ-որ չափով հոգալով ընտանիքի հոգսերը:
Աքսաննան եւ ամուսինը՝ Հայրոն, ծնունդով Հադրութից էին: Համալսարանն ավարտելուն պես աշխատել են Հադրութի շրջանի Առաքել գյուղում, ինքը՝ որպես դասվար, ամուսինը՝ պատմության ուսուցիչ: Աքսաննան հստակ հիշում է՝ երբ, որ օրն ինչ է տեղի ունեցել. «Վարձով էինք ապրում մինչեւ 2020 թվի հուլիսի 11-ը, հետո տուն գնեցինք, միահամուռ ուժերով կահավորեցինք, գնեցինք տան համար բոլոր անհրաժեշտ իրերը, որոնք անգամ չհասցրեցինք բացել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ամուսինս ինձ ու 2 փոքրիկներիս ընկերոջ մեքենայով ուղարկեց Հադրութի իբր ապահով գյուղեր (Քարագլուխ, Դոլանլար, Խծաբերդ), իսկ ինքը մնաց Ջրականի (Ջաբրաիլի) մոտակայքում։ Հոկտեմբերի 1-ին ճանապարհվեցինք Երեւան, իսկ ինքը մինչեւ նոյեմբերի 26-ը մնաց Խծաբերդում… Պատերազմի ավարտից հետո ամուսինս որոշեց, որ պետք է ապրենք Արցախում: 2020 թվականի դեկտեմբերի 3-ին արդեն իմ հայրենի գյուղում՝ Հաթերքում էինք: Ամուսինս անցավ ծառայության: Երբեք չէինք խուսափում դժվարությունից, իրար օգնելով՝ սկսեցինք ամեն ինչ նորից ստեղծել:
Անգամ բլոկադան մեզ ընկճել չկարողացավ, բայց այս պատերազմի հետեւանքները…»:
ԶՈՀՎԱԾԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով Արցախում առկա խնդիրներին ավելացել էին նորերը: Կտրվել էր կապը շրջանների հետ, թշնամին վերահսկում էր միջշրջանային ավտոճանապարհների մի մասը: Սկսվեց բնակչության տարհանումը Հայաստանի Հանրապետություն:
9-ամսյա շրջափակումից հետո Արցախում վառելիքի սղության պատճառով շատերն այդ օրերին փորձում էին տարբեր տեղերից վառելիք գտնել: Մարդկանց մի մասը մեկնեց Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում գտնվող վառելիքի պահեստ:
Դեռ չպարզված հանգամանքներում սեպտեմբերի 25-ին պայթեց վառելիքի պահեստը, ինչի հետեւանքով եղան զոհեր եւ վիրավորներ:
«Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների մեկնարկից մինչեւ սեպտեմբերի 24-ը Ռադիկը դիրքերում էր: Սպետմբերի 25-ին, լսելով, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում գտնվող վառելիքի պահեստում բենզին կա, շտապեց այնտեղ: Երեկոյան արդեն իմացանք պայթյունի մասին»:
Ռադիկի կինը՝ Մարիամը, լսելով պայթյունի մասին, շտապեց հիվանդանոց: Ամուսինը Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում էր այդ ժամանակ: Չթույլատրեցին տեսակցել: Քիչ հետո զանգեց Ռադիկը եւ վստահեցրեց, որ իր հետ ամեն ինչ նորմալ է:
Հաջորդ օրն ուղղաթիռով տեղափոխել են Երեւան. «Ծանոթ մարդկանց տեսնելիս Ռադիկը պատմում էր, որ պայթյունի հետեւանքով կարծես թե կլինիկական մահ էր տարել, որի ընթացքում լսել է Մարիամի աղոթքները, որից հետո զարթնել է»:
Ռադիկ Խաչատրյանի մարմնի 70 տոկոսը այրված էր: 4 օր պայքարեց ապրելու համար, սակայն ստացած այրվածքները կյանքի հետ անհամատեղելի էին:
ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ԱՄՆ-ՈՒՄ
Ավստրալական SBS ցանցը բացառիկ իրավունքներ է ստացել ցուցադրելու ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ռազմական դրաման, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Ռիչարդ Սամելը եւ Տատյանա Սպիվակովան։ Ֆիլմի իրադարձությունները զարգանում են 2016 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ֆոնին։ «Դրախտի դարպասը» ֆիլմը ներկայացնում է Արցախյան պատերազմն ու դրա շուրջ համախմբված հերոսների կյանքը, գլխավոր հերոսի մեծագույն սխալն ու այն ուղղելու մեծ ցանկությունը: Իրադարձությունները զարգանում են 2016թ.-ի ապրիլին։ Գերմանացի հայտնի լրագրող Ռոբերտը վերադառնում է Արցախ 22 տարվա զինադադարից հետո կրկին բռնկված պատերազմի իրադարձությունները լուսաբանելու ցանկությամբ։
ԴԱՐՁԱՎ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին առաջին մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` մեքսիկական Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության կանանց 55կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է ոսկե մեդալակիր: Նա պոկել է 81 կգ եւ հրել 107 կգ:
Երկամարտի 188 կգ արդյունքով Գրիգորյանը դարձել է ԱԱ-ի ոսկե մեդալակիր:
ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը ոտնաթաթի վնասվածք է ստացել Նորվեգիայի հավաքականում. հաղորդում է VG-ն։ Ֆարերյան կղզիների հետ ընկերական խաղում Հոլանդը փոխարինման է դուրս եկել եւ վնասվածքը ստացել հանդիման ավարտից մի քանի րոպե առաջ։
Նորվեգիայի հավաքականը հաղթել էր 2:0 հաշվով։
Նորվեգիայի հավաքականի բժիշկ Օլա Սանդան հայտնել է, որ Հոլանդը նույն վնասվածքը ունեցել է նաեւ նախկինում։
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» հետ մասնակցել է 18 հանդիպման, խփել է 17 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
ԿԱՆՑՆԵՆ ՄՐՑԱԽԱՂ
Ֆուտբոլի Հայաստանի եւ Ուելսի հավաքականների երկրպագուները ֆուտբոլային մրցախաղ կանցկացնեն Երեւանում։
Նոյեմբերի 17.ին` ժամը 19։30-ին, Խորեն Հովհաննիսյանի անվան (Հանրապետական մարզադաշտին կից) մարզադաշտում տեղի կունենա բարեգործական ֆուտբոլային հանդիպում FAF-ի եւ Ուելսից ժամանող երկրպագուների` Wales supporters team-ի միջեւ, որի ամբողջ հասույթը ուղղված կլինի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շարունակական կարիքները հոգալու աշխատանքներին։
«Եվրո-2024»-ի ընտրական փուլի նախավերջին տուրի Հայաստան – Ուելս հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին եւ կմեկնարկի 18:00-ին։
ՍԱԼԱՀԸ՝ ՊՈԿԵՐԻ ՀԵՂԻՆԱԿ
Աֆրիկայում մեկնարկեց 2026թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը։
Եգիպտոսի հավաքականը հյուրընկալեց Ջիբութիի հավաքականին եւ առավելության հասավ 6:0 հաշվով։
Չորս գոլ խփեց անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը։