ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կամ արտապատվիրակմամբ տարեցների համար գործող 6 խնամքի հաստատություններում բնակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 83 տարեց։

«Ժողովուրդ» օրաթերթի  հաղորդմամբ՝ այս մասին Հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսում հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը՝ մանրամասնելով, որ նրանցից 17-ը  Ստեփանակերտի տարեցների խնամքի հաստատությունից են տեղափոխվել։

«Տարեցներից 50-ը միայնակ է, ինչը նշանակում է, որ նրանք չունեն ընտանիքի անդամներ եւ հավանաբար կշարունակեն խնամք ստանալ տարեցների խնամքի հաստատություններում։ Մենք այս մեկ եւ ավել ամիսների ընթացքում ունեցել ենք վերամիավորումներ։ Բռնի տեղահանման ընթացքում տարեցները եւ նրանց ընտանիքի անդամները տարբեր կերպ, տարբեր փոխադրամիջոցներով էին տեղափոխվել Հայաստանի Հանրապետության տարածք։ Մենք ընտանիքի վերամիավորման գործընթացը սոցիալական աշխատանքի դեպքի վարման տրամաբանությամբ կարողացել ենք ապահովել»,-ներկայացրել է փոխնախարարը՝ հավելելով, որ գործընթացը շարունակվում է։

Նրա խոսքով՝ Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունում սեպտեմբերի 24-ի դրությամբ բնակվող 10 երեխա սեպտեմբերի 25-ին տեղափոխվել է ՀՀ-ի շուրջօրյա խնամքի հաստատություն

«Մեր ճգնաժամային  կենտրոններից մեկում են մինչ օրս բնակվում։ Երեխաների տարիքը 1-ից մինչեւ 17 է։ Տեղափոխման պահին երկու երեխաներ խիստ անբավարար առողջական վիճակում էին գտնվում։ Տեղավորվել են Գորիսի հիվանդանոցում, այնուհետեւ, ամբողջությամբ լավանալու հետ կապված,  տեղափոխվել են խնամքի հաստատություն»,-ասել է Ստեփանյանը՝ ընդգծելով, որ  բոլոր այն  համակարգերը, որոնք կյանքի դժվար իրավիճակում գտնվող տարեցների, երեխաների, հաշմանդամություն ունեցողների  համար գործում են ՀՀ-ում, կիրառելի են նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց դեպքում։

 

 

 

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում. 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար եւս դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ: Այդ մասին նոյեմբերի 17-ին՝ կառավարության նիստին, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը:

Ըստ նախարար Անդրեասյանի՝ կամավոր ատեստավորում անցնելու համար այս տարի դիմել է 6320 ուսուցիչ: Կամավոր ատեստավորման 70 տոկոսից ավելի արդյունք ցուցաբերած ուսուցիչների բարձրացվող դրույքաչափին գումարվում է նաեւ 30-50 տոկոս հավելավճար: Որոշմամբ հնարավորություն է ընձեռվում կրկնապատկել միջինում 125 հազար դրամ դրույքաչափը:

«Որոշման շնորհիվ 3 տարվա արդյունքով 1630 ուսուցիչ եւս կօգտվի վարձատրության բարձրացումից, այդպիսով, կունենանք բարձր վարձատրվող 5179 ուսուցիչ»,- ասաց նախարարը եւ հավելեց, որ քայլեր են իրականացվում, որպեսզի մյուս տարի ատեստավորման գործընթացը թվայնացվի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, պարզաբանեց. «Այն ուսուցիչները, որոնք հավաքել են արդեն իսկ տեղի ունեցած եւ առաջիկայում տեղի ունենալիք ատեստավորումների արդունքում 60-69 տոկոս արդյունք, 2023 թվականի հոկտեմբերից, այսինքն՝ նախորդ ամսվանից, կստանան դրույքաչափի կրկնապատկում»:

Որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակը, ըստ վարչապետի, ուսուցիչներին քաջալերելն է, որ նրանք ավելի ակտիվ մասնակցեն ատեստավորման գործընթացին, իսկ նրանք, որ ատեստավորման շեմը անցել են, աշխատավարձի որոշակի փոփոխություն ունենան:

Կառավարության նիստին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով համապատասխան նախագիծը, նշեց, որ նախորդ երկու ատեստավորումների ժամանակ անցողիկ շեմը չհաղթահարած, բայց 50-59% արդյունք գրանցած կամ առաջինից երկրորդ ատեստավորում 15% աճ ապահոված ուսուցիչներին հնարավորություն կտան երրորդ անգամ մասնակցել ատեստավորմանը:

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ այն ուսուցիչները, որոնք նախկին ատեստավորումների արդունքում 60-69 % արդյունք էին ցույց տվել, 2023 թվականի հոկտեմբերից կստանան դրույքաչափի կրկնապատկում:

 

 

 

ԹԱՔՑՆՈՒՄ Է  ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԹԻՎԸ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը այս տարվա  օգոստոսի 29-ին մարզպետարանում  նիստ է անցկացրել Տավուշի մարզում անտառային եւ բուսածածկ տարածքների հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաեւ դրանց հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հետ, քննարկվել են անտառային հրդեհների, փայտածուխի արտադրման հետ կապված հարցեր։

«Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 8-ին մարզպետին տեղեկատվական հարցում է ուղարկել՝ նրան հարցնելով, թե  մարզում փայտածուխի քանի արտադրամաս է գործում, դրանիցից քանիսն են համապատասխանում բնապահպանական եւ հակահրդեհային կանոններին։

Սեպտեմբերի 18-ին մարզպետարանից  ստացված պատասխանում  նշված է. «Մարզում գործում են փայտածուխի արտադրամասեր, որոնց թիվը հստակ չենք կարող ասել, քանի որ ամենօրյա փոփոխությունների են ենթարկվում՝ կապված գործունեության դադարեցման հետ։ Այն արտադրամասերը, որոնք չեն համապատասխանում բնապահպանական եւ հակահրդեհային կանոններին, ենթարկվում են վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»։

 Սեպտեմբերի 22-ին նոր հարցում ենք ուղարկել մարզպետ Հ. Ղալումյանին՝ խնդրելով հայտնել մարզում գործող փայտածուխի արտադրամասերի թիվը կոնկրետ օրվա՝ 2023թ. սեպտեմբերի 22-ի դրությամբ։

Մարզպետարանից ստացել ենք նախկինում ուղարկված նույն պատասխանը։ Նոյեմբերի 8-ին մարզպետին ուղղված  տեղեկատվական հարցման մեջ հարցրել  եմ՝ 2023թ. նոյեմբերի 10-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ թվով որքան են Տավուշի մարզում գործող փայտածուխի արտադրամասերը, նրանցից քանիսն են համապատասխանում բնապահպանական եւ այլ պահանջներին, գործում են օրինական։  Մարզպետարանից ստացված նամակում   տառացիորեն, առանց մի բառի տարբերության,  նույն  պատասխանն է, ինչ որ  գրված էր սեպտեմբերի 18-ին մարզպետարանից ուղարկված պատասխանում:

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա  հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված  Հայկ Ղալումյանը համառորեն թաքցնում է մարզում գործող փայտածուխի արտադրամասերի թիվը եւ այն, թե  դրանցից քանիսն են օրինական, համապատասխանում բնապահպանական պահանջներին։ Կարելի է ենթադրել, թե նա ինչու է թաքցնում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս