Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 104 200-ն արդեն իսկ ստացել են 100 հազար դրամ միանվագ օժանդակությունը, նրանցից 28 475-ը անչափահաս են, 75 725-ը` չափահաս։ Այս մասին նոյեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստում այս տվյալները ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Այսօր 500 մլն դրամ հատկացնելու ենք այս վճարումները շարունակելու համար։ Մշակված է 3 800 դիմում, իսկ 800 նոր անձի դիմում ստացել ենք ԿԳՄՍՆ-ի եւ ՀՀ առողջապահության նախարարության գործընկերներից։ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո ՀՀ բուժառության եւ կրթության նպատակներով ՀՀ տեղափոխված ԼՂ մեր հայրենակիցներ մասին տվյալները եւս կմշակենք։ Այսպիսով, շուրջ 108 800 անձի վճարում կիրականացնենք առաջիկա օրերին»,- հայտարարեց նախարարը։
Նա հայտարարեց, որ վճարումները շարունակվում են նաեւ 40+10 հազար համակարգով, եւ 99 820 մարդու վճարումն արդեն իսկ իրականացվել է։ Նոյեմբերի համար դիմումները նախարարությունն արդեն սկսել է ստանալ, եւ այս պահին նրանց թիվը 8 475 է։
Մկրտչյանը տեղեկացրեց, որ այսօրվանից գործարկվում է էլեկտրոնային հարթակը, որտեղ կներկայացվեն նոյեմբերի եւ դեկտեմբերի համար սպառողական ծախսերի համար հատկացվող 50 հազար դրամ աջակցության մասին տվյալները։
ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շրջանառության ոլորտը։ Հանձնաժողովը հստակ իրականացնում է իր գործառույթները՝ ամենօրյա ռեժիմով հետեւելով, որպեսզի բենզինի շուկայում գործունեություն իրականացնող տնտեսվարողների կողմից իրացման գների չհիմնավորված տատանումներ տեղի չունենան:
Հանձնաժողովից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջազգային բորսաներում արձանագրվել է բենզինի գների բարձրացում: Հաշվի առնելով ՀՀ տնտեսվարողների լոգիստիկ ծախսերը եւ հարկերը՝ հանձնաժողովն արձանագրում է, որ ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ, ԵԱՏՄ անդամ այլ երկրների համեմատ, Հայաստանում բենզինի իրացման գներն ավելի բարձր են, ապա անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ երկրներում, որոնք, ընդ որում, ունեն բենզինի սեփական պաշարներ, կիրառվում են ներքին շուկայի սուբսիդավորման մեխանիզմներ։
Միաժամանակ հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում տնտեսվարողների հետ՝ նրանցից ստանալով օպերատիվ տեղեկատվություն: Հարկ է նշել, որ գների բարձրացմանը զուգահեռ տնտեսվարողները նվազեցրել են իրենց շահույթը՝ նպատակ ունենալով ստեղծված պայմաններում հնարավորինս մեղմել գների ավելացումը:
ԿԱ ՈՐՈՇԱԿԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Կա որոշակի անհամապատասխանություն ԼՂ-ից ՀՀ մուտք գործած եւ գումարներ ստացած մարդկանց թվի միջեւ: Այդ մասին կառավարության նոյեմբերի 17-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բացատրությունը կարող է լինել՝
- այդ արագության մեջ, ենթադրենք, մեքենայի մեջ 5 մարդ է եղել, հաշվառել են 4, այսինքն՝ խնդիր է եղել մարդկանց բաց թողնելու, նրանց առաջնային կարիքները բավարարելու,
- կարող են լինել մարդիկ, որոնք չեն եղել այդ հոսքի մեջ, ընտանիքի անդամներ են եւ այլն, իրենք ավելի շուտ են եղել ՀՀ-ում, եւ իրենք էլ են հաշվառվել,
- մարդիկ կարող են լինել, որոնք շատ վաղուց են ՀՀ-ում, բայց որոշել են հաշվառվել եւ գումար ստանալ:
Հիմա մենք պետք է վերլուծենք, ընդ որում՝ այս երրորդ տվյալն օբյեկտիվորեն հնարավոր է պարզել»,- ասաց Փաշինյանը եւ պարզաբանեց, որ այդ տվյալները կարող են վեր հանվել, օրինակ, եթե պարզվի, որ Լաչինի միջանցքի շրջափակման ընթացքում քաղաքացին Հայաստանում, օրինակ, երթեւեկության կանոններ է խախտել, վարորդական վկայական է ստացել, մեքենա է գնել-վաճառել կամ արձանագրվել է որեւէ էլեկտրոնային հարթակում:
«Կլինեն դեպքեր, որ մեր մոտեցումը կլինի այն, որ գումարի ստացումը համարում ենք օրինաչափ: Կլինեն դեպքեր, որ այդպես չենք համարի: Այն դեպքերը, երբ նման դեպքեր կարձանագրվեն, արդեն կմտածենք՝ ինչ անել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաեւ մեկնաբանեց, թե անհամապատասխանությունների դեպքում ինչու է որոշվել առանց տվյալները ստուգելու վճարել 100 հազար դրամ աջակցությունը: Ըստ Փաշինյանի՝ նրանց գտնելու համար անհրաժեշտ էր եւս 15 օր, բայց այդ ընթացքում այն մարդիկ, որոնք պետք է գումարը ստանային, կմնային առանց օգնության:
«Կառավարության որոշման մեջ սահմանել ենք, որ եթե հետո կպարզվի, որ մարդ է ստացել գումարը, որը պետք է չստանար, այդ գումարը ենթակա է վերադարձի»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ առաջնորդվել են այն սկզբունքով, որ 100 հազարից ավելի մարդու անհրաժեշտ այսրոպեական օգնությունը չուշացնեն: