Ի՞ՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի խորհրդարանի 5 խմբակցությունները նախորդ շաբաթ համատեղ նիստ են արել: Նիստը վարել է ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը: Մեր տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները քննարկել են իրենց առաջիկա անելիքները, ԱԺ նիստ հրավիրելու հետ կապված հարցեր: Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, Արցախի պատգամավորների մոտ կոնսենսուս կա առաջիկայում Արցախի ԱԺ նիստ հրավիրել, այս ընթացքում քննարկումներ են գնում՝ օրակարգի հետ կապված: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը հաստատեց այս տեղեկությունը՝ մանրամասներ ներկայացնելով քննարկումից։

 

-Կոնկրետ ոչ թե հավաքվել են, ինչ-որ հարցեր են քննարկել, այլ պետք է Ազգային ժողովում հավաքվեն, իրենց նիստերը անեն: Ազգային Ժողովը գործող մարմին է: Մենք պարբերաբար եւ՛ հավաքվում ենք, եւ՛ հավաքվելու ենք, եւ՛ հետագայում ինչ-որ անելիքներ ձեռնարկելու ենք՝ Ազգային ժողովի գործառույթներին համապատասխան:

-Այսինքն՝ օրակարգում հիմնականում առաջիկայում Ազգային Ժողովի նիստ հրավիրելու հա՞րցն է եղել:

-Ոչ թե օրակարգում, այլ դա պարտականություն է: Դա միշտ էլ եղել է Ազգային ժողովի պարտականություն եւ ոչ թե ցանկություն: Այն պատգամավորը, որը որ չի մասնակցում կամ, նախանշված օրենքի համաձայն, մի քանի նիստերից բացակայում է, խնդիրներ է ունենալու մանդատը պահելու հարցում:

-Իսկ կա՞ն պատգամավորներ, որոնք չեն գալիս նիստերին:

-Իմ ունեցած տեղեկություններով՝ գերակշիռ մեծամասնությունը կողմակից է:

-Օրակարգ կա՞: Գիտե՞ք, թե ինչ եք քննարկելու: Արցախի ինքնորոշման հարցը լինելո՞ւ է:

-Օրակարգը քննարկվում է, եւ երբ որ աշխատանքային խորհրդակցություն կլինի, այդ ժամանակ կորոշվի ամեն ինչ հստակորեն:

-Իսկ ժամկետներ կա՞ն հստակ, թե երբ եք նիստ հրավիրելու:

-Մինչեւ ամսվա վերջ նիստը կկայանա:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

«ՀԱՅԱՔՎԵ»-Ն՝ ԱԺ-ՈՒՄ

«Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 24-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ ««ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ:

«ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրային լսումներին մասնակցելու են «ՀայաՔվե» նախաձեռնության անդամները, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ պատգամավորները եւ մյուս պատգամավորները՝ ըստ ցանկության:

Հիշեցնենք, որ նախագիծը 50.000 եւ ավելի ստորագրություն էր հավաքել, ԿԸՀ-ն հաստատել էր «ՀայաՔվե»-ի ներկայացրած ստորագրությունների վավերականությունը, եւ մուտքագրվել էր այն ԱԺ:

Մեկ ամիս շրջանառության մեջ մնալուց հետո գլխադասային հանձնաժողովը, այս դեպքում՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը, դրական կամ բացասական եզրակացություն պետք է տա:

Անկախ եզրակացությունից՝ նախագիծն ընդգրկվելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ՊԵՍԿՈՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Երեւանի ու Բաքվի եւ պատերազմի պատրաստվելու մասին, հայտնել է, որ ծանոթ չէ դրանց. տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ՝ Փաշինյանը Երեւանում տեղի ունեցած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին, հայտարարել էր, որ Հայաստանը նոր թեժացման սպառնալիք է տեսնում Բաքվի կողմից իրականացվող այսպես կոչված «արեւմտյան Ադբեջանի» հայեցակարգի պատճառով։ Նա նաեւ հայտարարել էր, որ Երեւանի համար անհասկանալի է Բաքվի դիրքորոշումը, որը հրաժարվում է վերադարձնել գերիներին։

«Ես, ցավոք, ոչինչ ասել չեմ կարող, որովհետեւ ծանոթ չեմ պետական մակարդակով Ադրբեջանի նման հայտարարություններին։ Մենք լսել ենք երկրի ղեկավարության՝ Ադրբեջանի ղեկավարության միանգամայն այլ հայտարարություններ, որոնցում ասվում է մի փուլի ավարտի անհրաժեշտության եւ խաղաղության պայմանագրի կնքման պատրաստակամության մասին։ Ուստի, կոնկրետ Փաշինյանի հայտարարությունների մասով ոչինչ ասել չեմ կարող»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում ընդունել Փաշինյանի հայտարարությունները։

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Միկիտա Պոտուրաեւին: Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից: Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու ընդգծել կայուն խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը: Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ մոտեցումները տարածաշրջանային որոշ խնդիրների շուրջ:

 

 

Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրել է. «Այսօր Երեխաների միջազգային օրն է։ 1959թ. նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Երեխաների իրավունքների հռչակագիրը։

Այս տարի տոնի կարգախոսն է՝ «Յուրաքանչյուր երեխայի համար յուրաքանչյուր իրավունք»:

Այս համատեքստում ուզում եմ հիշեցնել, որ մեր սրբագույն Արցախի շուրջ 30000 երեխաների իրավունքներ շարունակվում են խախտված մնալ։

Նրանք զրկված են իրենց հայրենի մանկապարտեզը, դպրոցը հաճախելու, իրենց բակում խաղալու, ոմանք իրենց ծնողին, եղբորը տեսնելու իրավունքներից… Իսկ ինչքա՜ն անմեղ երեխաների մատղաշ կյանքեր ընդհատվեցին… Այսպիսի ապագա մենք չէինք նախատեսել մեր երեխաների համար… Նրանց իրավունքների վերականգման համար պայքարը յուրաքանչյուրիս առաքելությունն է, որը մի օր պետք է պսակվի հաղթանակով։

Թող աշխարհի բոլոր մանուկներն ապրեն ԽԱՂԱՂ երկնքի տակ։

Շնորհավորում եմ մեր հրաշք երեխաներին, որոնք իրենց ներկայությամբ մեր ծանրաբեռնված առօրյան դարձնում են իմաստալից, իսկ աշխարհը՝ ավելի բարի ու ազնիվ»։

 

 




Լրահոս