«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ». Ի՞ՆՉ Է ԱՅՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ 2022 թվականի փետրվար ամսին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսում էր «Հայկական խաչմերուկի» մասին, որ Հյուսիս-Հարավ նախագիծը վերաձեւակերպել են ու դարձրել Հյուսիս-Հարավ-Արեւելք-Արեւմուտք նախագիծ։

 

Այդ ճանապարհի կամ, եթե կարճ ասենք, «Հայկական խաչմերուկի» ճյուղերից մեկը կկապի հյուսիսն ու հարավը, այսինքն՝ Հայաստանից դեպի Իրան, մյուսը ճյուղը՝ Ադրբեջան-Հայաստան եւ հետագայում դեպի Նախիջեւան-Թուրքիա:

Այս նախագծի արժեքը, ըստ Փաշինյանի, մի քանի 100 մլն ԱՄՆ դոլար է։ Նիկոլ Փաշինյանը նշել էր նաեւ, որ մեկնարկել են Երասխ-Ջուլլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման տեխնիկական եւ նախագծային աշխատանքները։ Հայաստանի կառավարությունը վերաձեւակերպել է «Հյուսիս-Հարավ» նախագիծը՝ դարձնելով «Հյուսիս-Հարավ/Արեւելք-Արեւմուտք» կամ «Հայկական խաչմերուկ» անուններով։ 2023 թվականին «Հայկական խաչմերուկը» ռեբրենդինգի ենթարկվեց, եւ ԵԽ բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանն այն անվանեց «Խաղաղության խաչմերուկ»։

Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացրել է իր կառավարության  «Խաղաղության խաչմերուկ»  նախագիծն ու դրա սկզբունքները, որոնք համաձայնեցվել էին Ադրբեջանի հետ.

Սկզբունք 1. Բոլոր ենթակառուցվածքները՝ ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը, գործում են այն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:

Սկզբունք 2.  Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային եւ մաքսային հսկողություն, ինչպես նաեւ ապահովում է ենթակառուցվածքների՝ ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը:

Սկզբունք 3. Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:

Սկզբունք 4. Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության եւ փոխադարձության սկզբունքով: Հավասարության եւ փոխադարձության սկզբունքով կարող են իրականացվել սահմանային եւ մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ, որը նշեց, որ այս նախագիծը ինչքան էլ քննարկվի, միեւնույնն է, չի իրագործվելու, քանի որ մի ճանապարհ, որը համաձայնեցված չէ հարեւան երկրների հետ, չի կարող իրագործվել։

Փաշինյանի հայտարարություններից հետո ադրբեջանցի քաղաքագետ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը եւ  նշել, որ Փաշինյանը հերթական անգամ դիմում է մանիպուլյացիայի այնպես, ինչպես ժամանակին վստահեցնում էր, որ հնարավոր է հասնել ղարաբաղյան հարցի այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկի» քարտեզային տեսլականը դիտարկել է որպես համաձայնություն «Զանգեզուրի միջանցքին», որքան էլ որ Փաշինյանը պնդի, թե չեն գործում միջանցքային տրամաբանության մեջ:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՀԱՊԿ-Ի ԽՆԴՐԱՆՔԸ

«Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։ Նրա խոսքերը հայտնում է BelTA գործակալությունը։

Նա նշել է, որ թեեւ մյուս բոլոր դաշնակիցները պաշտպանել են այս որոշումը, սակայն հայկական կողմը որեւէ հետաքրքրություն չի հայտնել այս փաստաթղթի նկատմամբ, եւ աշխատանքի վերջին մասում Երեւանը խնդրել է այն ընդհանրապես հանել օրակարգից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին քաղաքական գործիչը հեռախոսով տեղեկացրել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել Երեւանի պետական համալսարանի մամուլի քարտուղար Քնար Միսակյանի հետ՝ տեղեկանալու, թե ինչպես են ընթանում դասապրոցեսները համալսարանում։

«Դասապրոցեսները ընթանում են բնականոն հունով, ուսանողության շրջանում վախի զգացում չկա։ Մենք նորմալ մեր աշխատանքներն ենք շարունակում»,- ասել է մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ նոյեմբերի 17-ի առավոտյան, նախնական վարկածով, հոսանքի տատանումից հրդեհ էր բռնկվել Երեւանի պետական համալսարանի առաջին մասնաշենքի նկուղային հարկում։

Նախնական տվյալներով՝ պատահարի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, երեք մարդ՝ հոսպիտալացվել։ Տուժածները ԵՊՀ կանաչապատման բաժնի աշխատակիցներ են, մահացածը՝ եւս։

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի խորհրդարանի 5 խմբակցությունները նախորդ շաբաթ համատեղ նիստ են արել: Նիստը վարել է ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը:

Մեր տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները քննարկել են իրենց առաջիկա անելիքները, ԱԺ նիստ հրավիրելու հետ կապված հարցեր:

Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, Արցախի պատգամավորների մոտ կոնսենսուս կա առաջիկայում Արցախի ԱԺ նիստ հրավիրել. այս ընթացքում քննարկումներ են գնում՝ օրակարգի հետ կապված:

 

 

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԲԱՑՄԱՆԸ

Ադրբեջանում շարունակում են նախապատրաստվել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, կարծես ոչինչ չի եղել:

«Ադրբեջանի կառավարությունն աշխատում է Զանգեզուրի միջանցքը շահագործման հանձնելու ուղղությամբ. այս գործընթացներին մասնակցում է նաեւ Մաքսային պետական կոմիտեն (ՄՊԿ)։ Այժմ մենք աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի անցակետերի վրա»,- լրագրողներին ասել է Պետական մաքսային կոմիտեի նախագահ Շահին Բաղիրովը. հայտնում է ԱՊԱ-ն։

«Միաժամանակ մենք աշխատում ենք նոր նախագծերի վրա, եւ հաջորդ փուլում կսկսվեն շինարարական աշխատանքները»,- հավելել է Շահին Բաղիրովը։

«Զանգեզուրի միջանցքը» վերաբերում է Հայաստանի տարածքով անցնող մեկ կամ, ավելի ճիշտ, երկու երթուղու՝ երկաթուղային եւ ավտոճանապարհային։ Երեւանը կտրականապես հայտարարել է, որ մերժում է «միջանցքային տրամաբանության» ոգով ցանկացած մոտեցում եւ մերժում է հաղորդակցություններին արտատարածքային կարգավիճակ տալու ցանկացած փորձ։

Բաքուն համառորեն շարունակում է հաղորդակցությունները «միջանցք» անվանել, թեեւ այս երկրի նախագահի մակարդակով թույլ փորձեր են արվել խոսել ճանապարհի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության մասին։

 

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ

Երեկ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը եւ ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Այս համաձայնագրով կարգավորվում է Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) իրավական կարգավիճակը: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից:

Հիշեցնենք, որ առաքելությունը տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ին երկու տարի մանդատով եւ ունի 103 անձից բաղկացած միջազգային անձնակազմ, այդ թվում՝ ԵՄ փորձագետներ ու դիտորդներ ԵՄ անդամ պետություններից։




Լրահոս