ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏՆ ՈՒ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել: Մինչ հարցաքննությունը, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ուշագրավ զարգացումներ են եղել։

 

Կենտրոն համայնքի ղեկավար Սամվել Ղուկասյանին Հակակոռուպցիոն կոմիտեն ծանուցում է ուղարկել՝ ներկայանալու հարցաքննության, սակայն Սամվել Ղուկասյանը ծանուցման մեջ նշված օրը չի ներկայացել կոմիտե, ուստի, մեր աղբյուրների պնդմամբ, ԱԱԾ աշխատակիցները մտել են թաղապետարան ու թաղապետի հետ միասին ներկայացել են նախաքննական մարմին, որտեղ էլ Ղուկասյանը հարցաքննվել է:

Տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել Հակակոռուպցիոն կոմիտեից, որտեղից չմեկնաբանեցին՝ նշելով, որ քրեական վարույթի շրջանակում հարցաքննվող անձանց վերաբերյալ տվյալներ չեն հայտնում։

Իսկ ի՞նչ քրեական վարույթի շրջանակներում են Ղուկասյանին կանչել հարցաքննության:

Ինչպես հայտնի է, ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչությունում ստացված տվյալների հիման վրա՝ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված եւ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Տիգրան Մարտիրոսյանը, որը համայնքի ղեկավար Սամվել Ղուկասյանի հովանավորյալն է եւ սիրելին, զբաղեցնելով Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Արման Հ.-ի հետ տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1մլն 700 հազ. ՀՀ դրամ կաշառք:

Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ վերը նշված անձինք իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաեւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող ընկերության օգտին հրատապ գնման ընթացակարգերի մասին ընկերության տնօրենին տեղեկացնելու եւ անհրաժեշտ խորհրդատվությամբ այդ ընթացակարգերին տվյալ տնտեսվարողի պարտադիր մասնակցությունն ապահովելու համար 2023 թվականի հուլիսի 11-ին նրանից ստացել են 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Տիգրան Մարտիրոսյանը, դարձյալ Արման Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական լիազորություններն ու ազդեցությունն օգտագործելով, Ն. Ա.-ին եւ Ա. Ա.-ին փաստացի պատկանող՝ Երեւան քաղաքում գործող սրճարանների դիմաց անցուղիների տեղադրման եւ նախատեսված գազոնային ծածկի հաշվին մայթի լայնացման աշխատանքներն անտեսելու ու չարձանագրելու համար նրանցից 2023 թվականի հուլիսին եւ օգոստոսին ստացել են շուրջ 700.000 ՀՀ դրամ կաշառք:

13.11.2023թ. կաշառք ստացած երկու պաշտոնյաներն ու վերջիններիս կաշառք տված անձանցից երկուսը ձերբակալվել էին:

Կենտրոն վարչական շրջանի կոմունալ տնտեսության բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանը եւ նույն բաժնի աշխատակիցը կալանավորված են: Ահա այս քրեական վարույթի շրջանակներում էլ Սամվել Ղուկասյանը հարցաքննվել է: Մենք կհետեւենք քննության ընթացքին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՍՊԱՆԵԼ Է ՍԿԵՍՈՒՐԻՆ

Տաթեւիկ Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու հետեւանքով անօգնական վիճակում գտնվող եւ իր հետ համատեղ բնակվող ամուսնու ծնող՝ Վարսենիկ Մարկոսյանի մերձավոր ազգականը, վերջինիս հետ ունենալով մշտական լարված հարաբերություններ, վերջինիս սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ պարբերաբար ծեծի է ենթարկել նրան՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա գլխի շրջանին։

2023 թվականի ապրիլի 12-ին նախորդող 10 օրերի ընթացքում, գտնվելով նշված բնակարանի խոհանոցում, մետաղական շերեփով 2 անգամ հարվածել է Վարսենիկ Մարկոսյանի գլխի շրջանին՝ վերջինիս պատճառելով գլխուղեղի տարածուն վնասվածքային ախտահարում՝ փակ բութ գանգուղեղային վնասվածք, կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ, որոնք 2023 թվականի ապրիլի 02-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հիշյալ տանն անմիջականորեն հանգեցրել են Վարսենիկ Մարկոսյանի մահվանը։

Կատարողը տնային կալանքի տակ է, իսկ գործը ուղարկվել է դատարան։

 

 

ՈՒԵԼՍՑԻՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑԻՆ

6 օտարերկրացի, խուլիգանություն կատարելու հիմքով, ձերբակալվել եւ համապատասխան փաստաթղթերով ներկայացվել էին Քննչական:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր ՆԳՆ ոստիկանությունից:

«Եւս 16-ը հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ երեւալու հիմքով ձերբակալվել, բերվել էին բաժին եւ ազատ էին արձակվել»,- մանրամասնել էին ոստիկանությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ BBC-ի, 32 ուելսցի երկրպագու է ձերբակալվել Հայաստան-Ուելս խաղից առաջ: Ձերբակալվածները իրավապահներին հայտնել էին, որ խաղից առաջ սիրում են շատ խմել, խմել են, միմյանց չեն հասկացել ու սկսել են վիճել։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին փուլում Հայաստանի հավաքականը Երեւանում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Ուելսի ընտրանու հետ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քննարկում են ուելսցիների նկատմամբ քրեական վարույթը կարճել։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՐԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավոր Ռուբեն Ներսիսյանի լիազորությունները դադարեցվել են։

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի լիազորությունները դադարեցվել են։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 12-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը եւ նրա ընկեր, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը քաղաքական հաշվեհարդար են տեսնում դատավորների հետ: ՔՊ-ի հետ չհամագործակցելու համար քաղաքապետի թեկնածուներից մեկի փեսային փաստացի ստիպել են ազատման դիմում գրել»:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս Կարեն Անդրեասյանը եւ Գրիգոր Մինասյանը փաստացի (ճնշման տարբեր օղակներ գործի դնելով) ստիպել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին, որպեսզի աշխատանքից ազատման դիմում գրի կամավոր: Պատճառը Երեւանի ավագանու ընտրությունների մասնակից, «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանն է:

Պարզվում է՝ այս ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարբեր օղակներով փորձում է հնարավոր թեկնածուների հետ հանդիպել, խոստումներ ստանալ, թե ընտրություններից հետո արդյոք պատրաստվում են ՔՊ-ի հետ կոալիցիա-դաշինք ձեւավորել եւ քաղաքապետ ընտրել ՔՊ թեկնածուին: Վիկտոր Մնացականյանը քանի որ կտրուկ մեժել է համագործակցությունը ՔՊ-ի հետ, նրա փեսային՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանին, ստիպել են ԲԴԽ-ից ազատման դիմում գրել հեռանալ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորի ազատման դիմումն արդեն ԲԴԽ-ում է: Իհարկե, փորձեցինք այս տեղեկությունը ճշտել երկու կողմերից. դատավոր Ռուբեն Ներսիսյանը երեկ ողջ օրն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խոսնակի միջոցով փոխանցեց. «Բացառիկ հորինվածքներն ու բամբասանքները զվարճալի կլինի մեկնաբանել»:

 




Լրահոս