Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկել է մի նախագիծ, ըստ որի՝ դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները։ 30 ամիս արձակուրդ չգնալու դեպքում գործատուն կարող է աշխատողին առանց դիմումի ուղարկել արձակուրդ, հակառակ դեպքում չուղարկված ամեն օրվա համար կվճարի տույժ՝ միջին ամսական աշխատավարձի 0,15%-ի չափով։
«Ժողովուրդ» օրաթերթը կապվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ սա փոփոխվող օրենքներից մեկն է, քանի որ այս տարվա տարեսկզբից Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են եղել, որոնց ուժի մեջ մտնելու մասին նոր են հայտնում.
«Աշխատանքային օրենասգրքի 266 հոդվածից փոփոխվել է 122-ը։ Կային մի շարք խնդիրներ, որոնք այս գործող օրենսդրությունը թույլ չէր տալիս կարգավորել, չհաշված որ միջազգայնորեն մի շարք գործառույթներ կային, որոնք եւս այս օրենսդրությունը չէր կարգավորում։ Սա նոր փոփոխություն չէ, բավական ժամանակ է փոփոխել ենք, պարզապես մենք պաշտոնապես հայտնում ենք, որը երբ է ուժի մեջ մտնելու»,- ասել է Զառա Մանուչարյանը։
Զառա Մանուչարյանը հավելեց նաեւ, որ օրենքի փոփոխության անհրաժեշտությունը առաջացել է քաղաքացիների կողմից ստացված բողոքների արդյունքում։
«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի հետ, որը մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե ինչու է առաջացել օրենսգրքի փոփոխության անհրաժեշտությունը։
Հավելենք նաեւ, որ արձակուրդ գնալը եւս կարգավորվում է օրենքի համապատասխան կետով, իսկ արձակուրդայինը հաշվարկվում է Աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի կարգավորումներով, մասնավորապես՝ հաշվարկի ժամանակ դիտարկվում է աշխատողի վերջին 12 ամիսները, եւ վերջին 12 ամիսների մեջ կան ամիսներ, որոնք չեն ներառվում հաշվարկի մեջ. դա եւս կարգավորվում է օրենսգրքի համապատասխան հոդվածով։
Հաշվարկի մեջ չեն մտնում, մասնավորապես, արձակուրդում գտնվելու ամիսները, աշխատանքի ընդունվելու ամիսը, ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու ամիսը։ Մյուս ամիսները, որոնք մասնակցում են հաշվարկին, գումարվում են եւ բաժանվում են ամիսների քանակով։ Հավարկին մասնակցում են նաեւ ինչպես հիմնական աշխատավարձը, այնպես էլ լրացուցիչ ստացված աշխատավարձը՝ պարգեւներ եւ հավելավճարները։ Նշված կարգավորումների մեջ է մտնում նաեւ այն, որ աշխատողը արձակուրդի պետք է գնա իր աշխատանքային տարվա ընթացքում եւ այն կարող է հետաձգել՝ կապված իրեն անհրաժեշտ ժամանակահատվածի հետ։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Պատվիրատուն` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որը գտնվում է ք. Երեւան, Կոմիտասի պող. 49/2 հասցեում, հայտարարում է 2024 թվականի ընթացքում ձեռք բերվելիք լաբորատոր փորձաքննության ծառայությունների իրականացման համար փորձարկման լաբորատորիաների մրցույթ (մրցույթի ծածկագիրը` ՀՀ ՍԱՏՄ-ՓԾՁԲ-24)։
Որակավորման չափանիշներին համապատասխանող մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել շրջանակային համաձայնագրեր (այսուհետեւ` Համաձայնագիր), որով Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում Հայաստանի Հանրապետությունում լաբորատոր փորձաքննության ծառայությունների իրականացման պարտավորությունը (այսուհետեւ` Ծառայություն)` Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող բնութագրով սահմանելով փորձաքննության ծառայության տեսակը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1228-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա՝ օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի փորձաքննության ձեռք բերման գործընթացին մասնակցելու հավասար իրավունք:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1228-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի, Տեխնիկական կանոնակարգման մասին օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 23-ի N 623-Ն որոշման հավելվածի 11.1-րդ կետի, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 9-րդ հավելվածի 5-րդ կետի համաձայն` մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային վճարների գծով, ներառված չեն Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների եւ փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում, նշանակված չեն Եվրասիական տնտեսական միության եւ Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու համար։
Փորձաքննության ձեռք բերման գործընթացին մասնակցելու համար մասնակիցը պետք է ունենա հրավերով սահմանված որակավորման չափանիշները եւ Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող մասնագիտական գործունեության համապատասխանությունը Համաձայնագրով նախատեսված գործունեությանը, այդ թվում՝ մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։
Թղթային ձեւով մրցույթի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել Պատվիրատուին՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (ք. Երեւան, Կոմիտասի պող. 49/2), սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչեւ 5-րդ օրը՝ ժամը 16:00-ն։ Ընդ որում՝ թղթային ձեւով հրավեր ստանալու համար Պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է թղթային ձեւով հրավերի տրամադրումն անվճար։
Մրցույթի գրանցման հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ ք. Երեւան, Կոմիտասի պող. 49/2 հասցեով, փաստաթղթային ձեւով, սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչեւ 40-րդ օրվա ժամը 18:00-ն, եւ դրանք պետք է կազմված լինեն հայերեն։
ԴԻՊԼՈՄ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթը Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանից տեղեկանում է, որ համայնքի սահմանամերձ Մովսես, Արծվաբերդ, Չինարի եւ Պառավաքար բնակավայրերի վարչական ղեկավարներ Զավեն Պապյանը, Օնիկ Բալյանը, Սամվել Սաղոյանը, Ռոլանդ Մարգարյանը ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից, քանի որ, օրենքի համաձայն, 1000-ից ավել բնակիչ ունեցող բնակավայրերի վարչական ղեկավարների համար բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր է, իսկ նշված պաշտոնյաները բուհ չեն ավարտել։
ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
Արցախից բռնագաղթելուց հետո Դիլիջանի գիշերօթիկ դպրոցի շենքում ապաստանած, ապա սահմանամերձ Մովսես գյուղում իր երկու աղջիկների հետ բնակություն հաստատած մոտ 40 տարեկան կինը հոգեկան խնդիրներ ունի։ Կնոջ աղջիկներից մեկը Մովսեսի միջնակարգ դպրոցի 7-դ դասարան է հաճախում, մյուս աղջիկը փոքր է, մանկապարտեզ հաճախելու տարիքի է, սակայն մայրը չի թողնում, որ երեխան մանկապարտեզ հաճախի։ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը հայտնեց, որ մասնագետ բժիշկների խումբը կուսումնասիրի կնոջ առողջական վիճակը, որպեսզի որոշի, թե ինչպես վարվել նրա հետ, պարզի՝ նա կարող է արդյոք իրականացնել իր երեխաների խնամքն ու դաստիարակությունը: Նոյեմբերի 14-ին Բերդի համայնքապետարանում կայացած՝ համայնքապետարանի, Տավուշի մարզպետարանի, ոստիկանության, դպրոցների մանկավարժների մասնակցությամբ խորհրդակցությունում, որը վերաբերում էր կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների հետ տավող աշխատանքներին, քննարկվել է նաեւ Մովսես գյուղում հաստատված այդ ընտանիքում տիրող իրավիճակը։
ՄԱՐԶՊԵՏԸ ԼՌՈՒՄ Է
Սեպտեմբերի 23-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը տեղի է ունեցել հանրակրթական դպրոցների տարբեր առարկաների ուսուցիչների կամավոր ատեստավորման հերթական փուլը։ Հոկտեմբերի 10-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկատվական հարցում է ուղարկել՝ հարցնելով, թե այդ գործընթացին Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների քանի ուսուցիչ է մասնակցել, նրանք ատեստավորումից ինչ արդյունքներ են ունեցել: Նոյեմբերի 2-ին ստացված պատասխանում նշված է. «Քանի որ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչները կամավոր ատեստավորմանն իրենք են հայտագրվում, հետեւաբար մենք չունենք նման տեղեկատվություն: Արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն կունենաք նոյեմբերի սկզբին»: Նոյեմբերի 8-ին նույն հարցումը կրկին ուղարկել ենք մարզպետին, նոյեմբերի 15-ին ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման մասնակիցների եւ արդյունքների վերաբերյալ դեռեւս տեղեկատվություն չունենք»:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ