ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ՝ Wildberries-ԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Wildberries-ի կողմից նախատեսվելիք անակնկալը, որը պետք է ուրախացներ հաճախորդներին, արդեն իրականություն է: Օգտատերերը, նոյեմբերի 19-ից սկսած, ծանուցվում են այն մասին, որ ապրանքների վերադարձման դեպքում գումարի հետվերադարձի ժամկետը նվազեցվել է մինչեւ 1-2 օր, դրա համար նոյեմբերի 19-ից հաճախորդները պետք է պատվերը վերադարձնեն միայն այն կետը, որտեղից ստացել են պատվերը:

 

«Վաճառքի ժամանակ կրճատում ենք դրամական միջոցների ստանալու ժամկետը ապրանքի վերադարձի դեպքում: Սեզոնի ընթացքում կայացրել ենք որոշում, որը թույլ կտա արագացնել դրամական միջոցների հաշվարկման ժամանակը ապրանքները վերադարձնելու դեպքում: Նոյեմբերի 19-ից ապրանքների վերադարձը վճարումից հետո հնարավոր է միայն պատվերների առաքման այն կետում, որտեղից դրանք նախկինում ստացվել են, ինչը թույլ կտա մեզ պարզեցնել համակարգը եւ նվազեցնել գումարի վերադարձման ժամկետը մինչեւ 1-2 օր:

Եթե մոռացել եք, թե որտեղից եք վերցրել ձեր պատվերը, կամ այն առաքվել է ձեզ առաքիչով, ապա կարող եք պարզաբանել ապրանքների վերադարձման կետը ձեր անձնական հաշվում՝ global.wildberries.ru կայքում՝ «Գնումներ» բաժնում, կամ կապվե՛ք Աջակցության ծառայության հետ: Մոտ ապագայում ձեր հարմարության համար մենք նման ֆունկցիոնալությունը կտեղադրենք հավելվածում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է նաեւ, որ հաճախորդները, որոնք ապրանքները վերադարձնում են այլ կետեր, բացի այն վայրերից, որտեղից ստացել են պատվերը, կազմում են ընդհանուրի մոտ 6%: Միաժամանակ նման հաճախորդներին գումարների վերադարձման արագությունը կնվազի միջինը 3-4 օր։

Wildberries-ի անակնկալները սակայն հայ հաճախորդների համար սրանով չեն վերջանում։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջին ժամանակներում կատարած գնումները զարմանք են առաջացրել հաճախորդների շրջանում։ Ապրանքները փաթեթավորված են, ինչպես հարկն է, սակայն փաթեթը բացելուն պես նկատում ես, որ մինչ փաթեթավորված լինելը ապրանքի վրա փակցված է հայերեն «Ներմուծում» պիտակը։

Ստացվում է, որ ապրանքները Հայաստան ներկրվում են մինչ գնում կատարելը, ապա գնելուց հետո Հայաստանից բաշխվում է հայաստանյան ապրանքների ստացման կետեր։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ

Աշխատանքային միգրանտները չեն համարվում զբոսաշրջիկ, բայց եթե Հնդկաստանից զբոսաշրջիկներ էլ այցելեն, մենք միայն ուրախ կլինենք, այդ ուղղությամբ աշխատում ենք: Այս մասին նոյեմբերի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք զբոսաշրջիկների թվի մեջ ներառված են Հայաստան եկած հնդիկները:

 

«Ասիական շուկան մեզ համար նոր զարգացման ուղղություն է, մենք պարբերաբար մասնակցում ենք այնտեղ զբոսաշրջային ցուցահանդեսների, իրականացնում ենք տարբեր գովազդային արշավներ: Մենք դիվերսիֆիկացնում ենք նաեւ մեր զբոսաշրջային ջանքերը. դա մեր ռազմավարության մեջ է մտնում»,-ասաց նա:

Հարցին, թե, ի վերջո, որքան են Հայաստանում գտնվող հնդիկները, նախարարը պատասխանեց. «Մեր ունեցած թվերը, որոնք վերցրել ենք սահմանահատումների վերաբերյալ, խոսում են այն մասին, որ հնդիկների թիվը Հայաստանում 30 հազարից, գուցե նաեւ 20 հազարից քիչ է: Մենք վերցրել ենք 2010 թվականից ի վեր սահմանահատումների քանակը: 20-30 հազարի միջակայքում է»:

Քերոբյանի խոսքով՝ հնդիկները Հայաստանում տարբեր ոլորտներում են ընդգրկված՝ շինարարություն, գյուղատնտեսություն, ծառայությունների ոլորտ: «Չեմ կարող ասել, որ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են գալիս Հնդկաստանից: Այդպիսի մասնագետներ գալիս են ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից: Իսկ Ուզբեկստանից, Իրանից եւ Հնդկաստանից հիմնականում գալիս են ցածր որակավորում ունեցող աշխատողներ, որոնք բանվորական տարբեր մակարդակի գործեր են կատարում»,-ասաց նա:

Անդրադառնալով՝ զբոսաշրջության ապահովության ինդեքսովներին՝ Վահան Քերոբյանը նշեց, որ Հայաստանը 142 երկրների մեջ 7-րդ տեղում է, քանի որ մեր երկրում շատ քիչ է հանցագործությունների քանակը։

«Աշխարհի բոլոր երկրներում զբոսաշրջության ծավալի աճի մակարդակով Հայաստանը 6-րդն է. այն զիջում է Կատարին, Սաուդյան Արաբիային եւ մի քանի այլ երկրների։ Համեմատած բազմաթիվ այլ երկրների՝ մեր երկրում զբոսաշրջությունն աճել է»,- հավելեց նախարարը։

Քերոբյանի հավաստիացմամբ` գլոբալ այն թիրախները, որոնք ՀՀ կառավարությունը դրել էր իր առջեւ ու նպատակ ուներ հասնելու 2026 թ., արդեն իսկ հասել է. նախատեսված էր, որ 2026 թ. մեր երկիր պետք է գա 2.5 մլն զբոսաշրջիկ, մինչդեռ ՀՀ կառավարությունն արդեն իսկ հասել է այդ թիրախին։

 

 

ՀՆԱ-Ի ԱՃԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Երեկ հրապարակվեց առաջին 9 ամիսների ՀՆԱ աճի թիվը, որը 9,2 տոկոս է: Այս մասին  նոյեմբերի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը.

«Չնայած մեծ մարտահրավերներին՝ կառավարությունը գերազանցում է 2013-ի բյուջեով դրված թիրախները՝ 7 տոկոսի փոխարեն հասցնելով 9,2 տոկոսի»,-ասաց նա:

«Ես դեռ 2023-ի բյուջեի քննարկման ժամանակ նշել եմ, որ երեք հիմնական ռիսկերից մեկը աշխատուժի պակասն է, տրնսպորտային խնդիրները եւ անվտանգային խնդիրները»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այսօր կյանքը ցույց է տվել, որ իր կանխատեսումները ճիշտ են:

 

 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵՑ

Լոռու մարզի Երեւանյան խճուղում գտնվող հանրային սննդի օբյեկտը գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, ինչն արձանագրվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից նշված կազմակերպությունում իրականացված վերահսկողության ընթացքում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝ սննդի օբյեկտը կառուցված  չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդի մեջ, գոլորշու խտացումը կամ անցանկալի բորբոսի առաջացումը: Հնարավոր չի եղել կատարել համապատասխան մաքրում եւ ախտահանում, որպեսզի նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը: Խոհանոցի պատերն ու առաստաղը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, հնարավոր չի եղել կատարել պատշաճ մաքրում եւ ախտահանում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն: Ապահովված չի եղել սանհանգույցով, ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարանով եւ չորացման հիգիենիկ սարքով:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

 

 




Լրահոս