«ՉԳԻՏԵԻ՝ ՈՒՄ ՓՐԿԵԼ». ՀՈՒՇԵՐ՝ ԱՐՑԱԽԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պատերազմի չէինք սպասում, վստահ էինք, որ դեռ 5 տարի Արցախում հաստատ կապրենք, սակայն երբ վերջերս սկսեցին Հաթերք գյուղում ապաստարան կառուցել, մարդկանց մոտ որոշակի կասկածներ առաջացան: Երբ պատերազմը սկսեց, ավագ դուստրս Ստեփանակերտում էր, երեխաներիս մի մասը՝ դպրոցում, փոքրերն էլ՝ մանկապարտեզում։ Մեր տունը գտնվում է գյուղի ծերին՝ դպրոցից 3 կմ հեռավորության վրա։ Տանն էլ սկեսրայրիս անկողնային հիվանդ մայրն էր… Կորցրել էի ինձ, չգիտեի, թե որտեղ վազեմ, ում փրկեմ։ Ժամեր էր անցել, մինչեւ բոլոր երեխաներիս մի կերպ իրար կողքի հավաքեցի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ պատմում է Արցախից բռնի տեղահանված Ինգա Հակոբյանը:

 

Մի գիշեր կիսակառույց ապաստարանում անցկացնելուց հետո հաթերքցիներին տեղափոխում են Ստեփանակերտի օդանավակայարան՝ ռուս խաղաղապահների մոտ: Այստեղ նրանք մնացին մի քանի օր:

«Ոչինչ չեմ հասցրել վերցնել. եթե անգամ ժամանակ էլ լիներ, չէի կարող: Հասցրեցի երեխաներիս իրար կողք հավաքել եւ ճանապարհի պատրաստել սկեսուրիս, սկեսրայրիս եւ սկեսրայրիս ծնողներին։ Րոպեների հարց էր. մի քանի րոպե հետո գյուղն ամբողջությամբ դատարկ էր»,- վերհիշում է մեր զրուցակիցը:

Գյուղի բազմանդամ ընտանիքներից էին՝ ամուսնու տատիկը, պապիկը, ամուսնու ծնողները, ինքը, ամուսինը եւ յոթ երեխաները: Ինգան չի բողոքում. Հաթերքում լավ էին ապրում եւ դեռ բլոկադայի օրերին հասցնում էին օգնել կարիքավոր ընտանիքներին: Տան ավագները զբաղվում էին անասնապահությամբ ու հողագործությամբ:

Գյուղում երկու սեփական տուն ունեին, իսկ 3-րդ տունը պետությունն էր կառուցել որպես բազմազավակ ընտանիք: Գյուղում են թողել անգամ գյուղտեխնիկան ու մեքենաներ:

«Տնից ոչինչ չկարողացա հանել. այնքան շփոթված էի այդ օրը, որ մոռացա անգամ մեր հավաքած գումարը վերցնել: Մեր բազմանդամ ընտանիքին ոչ ոք չէր համաձայնում տուն տալ։ Սկզբից եկանք Վայք, ու սկսվեցին տան փնտրտուքները, այնտեղից՝ Փոքր Վեդի, սակայն մի շաբաթ անց ստիպված դուրս եկանք եւ եկանք Կոտայքի մարզի Հրազդանի շրջանի Աղավնաձոր գյուղ։ Այստեղ տունը հարմար չէր, եւ ստիպված տատիկ-պապիկը գնացին Ռուսաստան այն մտքով, որ շուտով տուն կգտնենք ու նորից կմիավորվենք։ Վերջապես Աղավնաձորում տուն ենք գտել, որտեղ մեզ ընդունել են շատ ջերմ ու հյուրընկալ։ Եթե հնարավորություն լիներ տուն գնելու կամ ինչ-որ փոխհատուցման, կցանկանայինք մնալ հենց այս շրջանում»,-ասում է Ինգան եւ հավելում, որ չնայած խնդիրները շատ են, բայց փորձում են ստեղծել պայմաններ, մնալ ու հարմարվել Հայաստանում:

 

 

ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմից հետո Շուշիի գորգերի թանգարանից Երեւան տեղափոխած մի շարք գորգերի եւ կարպետների հավաքածուներին հատկացված տարածքը հորդորել են ազատել:

Մանրամասներ իմանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է կապվել Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր եւ հավաքորդ Վարդան Ասծատրյանի հետ, սակայն վերջինս կտրականապես մերժել է:

Նշենք, որ Արցախի Հանրապետության Շուշիի հնագույն գորգերի եւ կարպետների թանգարանը հիմնադրվել է 2011 թվականին եւ բացվել է 2013 թվականին հավաքորդ Վարդան Ասծատրյանի նախաձեռնությամբ՝ նրա գորգերի ու կարպետների անձնական հավաքածուի հիման վրա:

 

 

ՉԻ ՓՈԽԱՐԻՆԻ ՏՆՕՐԵՆԻՆ

Հոկտեմբերի 30-ին Հովհաննես Թումանյանի թանգարանի արդեն նախկին տնօրեն Անի Եղիազարյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել, որում ասվում էր.

«Հովհ. Թումանյանի մտքերից մեջբերումներ անելը կամ համարձակությունը նրա մասին խոսելու Հայաստանի սահմաններից դուրս համարվում է աններելի քայլ եւ արժանանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն կողմից պատժի՝ աշխատանքից հեռացում եւ/ կամ մեծահոգաբար հորդորել սեփական դիմումի համաձայն հեռացում/»։

«Ժողովուրդ» օրաթերթը այդ ընթացքում խոսել եւ պարզաբանումներ էր ստացել եւ՛ ԿԳՄՍ նախարարից, եւ՛ Անի Եղիազարյանից։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Անի Եղիազարյանը փաստեց, որ նախարարության հետ կրկին որեւէ քննարկում չի եղել, եւ իրենից հետո, փոխտնօրենի փոխարեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Թումանյանի թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանը։

«Հ. Թումանյանի  թանգարանի աշխատակիցները նախկին փոխտնօրենին՝ Աշոտ Հարությունյանին՝ որպես ոլորտի մասնագետ եւ մեծ փորձառություն ունեցող մարդու, ներկայացրել էին նախարարություն՝ որպես նախընտրելի տնօրեն, նախարարությունը մերժել էր ինչ-որ սուբյեկտիվ պատճառներով։ Նախապես լիազորությունները դրված էր փոխտնօրեն Մանե Խաչատրյանի վրա, որը այդպես էլ չստանձնեց այն. հիմա ժամանակավորապես այդ պարտականությունները լիազորել են թանգարանի գլխավոր ֆոնդապահին»։

Անի Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարությունից այդպես էլ որեւէ արձագանք չի ստացել։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

ՀԱՂԹԵՑ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

Աշխարհի վարկանիշային առաջատար սերբ Նովակ Ջոկովիչը նոյեմբերի 19-ին կայացած Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) եզրափակիչ մրցաշարի եզրափակիչ խաղում հաղթել է իտալացի Յաննիկ Սիններին։ Մրցույթը կայացել է Իտալիայի Թուրին քաղաքում։

Ջոկովիչը ռեկորդային յոթերորդ անգամ հաղթեց ATP եզրափակչում։

Մինչ խաղը Ջոկովիչը մրցակցի մասին ասել էր. «Նա ֆանտաստիկ թենիս է խաղում: Սա կարող է լինել նրա կյանքի լավագույն թենիսը՝ այս փուլում լավագույն 10 խաղացողների դեմ: Երեկ երեկոյան մենք շատ հավասար հանդիպում անցկացրինք։ Մթնոլորտն անհավանական էր: Ես ավելի քիչ բան չեմ սպասում։ Հավանաբար նույնիսկ ավելի բարձր, քան այն, ինչ տեղի ունեցավ խմբային փուլի խաղում։ Սա եզրափակիչն է։ Ես նախկինում բազմիցս հայտնվել եմ այս իրավիճակում: Ես գոհ եմ նրանից, թե ինչ եմ զգում եւ ինչպես եմ խաղում: Հուսով եմ՝ վաղը կկարողանամ ցուցադրել իմ խաղը»,- ասել է թենիսիստը։

 

 

 

ՄԵԴԱԼՆԵՐ՝ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻՑ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներ Ռուսլան Ասլիկյանն ու Էլիդա Քոչարյանը ոսկե մեդալներ են նվաճել Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` 57 կգ քաշայինների եզրափակչում Ասլիկյանն առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ աղջիկների 60 կգ քաշային կարգի եզրափակչում Էլիդա Քոչարյանը 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել ռումինացի մարզուհու նկատմամբ:  Հայ բռնցքամարտիկներն ընդհանուր առմամբ 2 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում: Երիտասարդական ԵԱ-ի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, իսկ Հայաստանի հավաքականի մյուս անդամներ Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) եւ Սոնա Հարությունյանը (63 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ՝ Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությանը մասնակցել են նաեւ Ռուբեն Գարբոյանը (54 կգ), Արթուր Շախպազյանը (63, 5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Հենրիկ Ճիղրիկյանը (92 կգ) եւ գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը:

 

 




Լրահոս