ՄԻԱՅՆ ԲՈՑԱՇՈՒՆՉ ԵԼՈՒՅԹՆԵՐ
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը, թերեւս, իր ուրույն տեղն է զբաղեցնում խորհրդարանական մյուս անօգուտ ու ձեւական բնույթ կրող հանձնաժողովների շարքում: Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծվել էր 2022թ.-ի փետրվարի 10-ին՝ ՔՊ-ի նախաձեռնությամբ: Թերեւս հանձնաժողովը կոչված էր ուսումնասիրելու 44-օրյա պատերազմի հանգամանքները, սակայն մինչ օրս, բացի Անդրանիկ Քոչարյանի բոցաշունչ ու աղմկահարույց հայտարարություններից, ելույթներից, նրա ղեկավարած հանձնաժողովը ոչ մի ուշագրավ բացահայտում չի արել: Ընդ որում՝ ուշագրավ է, որ պատերազմի հանգամանքների քննություն իրականացնում են այն իշխանությունները եւ նրա արբանյակ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք չեն կարող որեւէ դեպքում Նիկոլ Փաշինյանին՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի մեղադրել: Ընդդիմադիր ուժերը հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածի՝ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկու անգամ հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեցական ամսով: Այս հանձնաժողովի գործունեությունն արդեն երկու անգամ երկարացվել է՝ 2022թ.-ի հոկտեմբերին 5-ին եւ 2023թ. մայիսի 3-ին. հանձնաժողովի գործունեությունն արդեն երկրորդ անգամ է 6 ամսով երկարաձգվել, այսինքն՝ այն այլեւս չի կարող երկարաձգվել: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն օրերս ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովն ապօրինի է գործում, քանի որ դրա լիազորությունները օգոստոսի 11-ից ավարտվում են. չնայած սրան՝ Անդրանիկ Քոչարյանը մտադիր է մինչեւ դեկտեմբեր երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը: Անդրանիկ Քոչարյանը, ի պատասխան Արծվիկ Մինասյանի հայտարարություններին, գրություն-պարզաբանում է ներկայացրել պատգամավորին, թե 2022թ.-ի եւ 2023թ.-ի ամռանը պատգամավորներն արձակուրդում են եղել, ուստի հանձնաժողովի գործունեությունը պետք է երկարացվի մինչեւ դեկտեմբեր, փաստացի՝ արդեն երրորդ անգամ, ինչն օրենքի խախտում է, եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրա իրավունքը չունի: Այն, որ այս պահին գործում է այդ հանձնաժողովը, արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բացթողումն է, քանի որ նա օրենքով պարտավոր է ԱԺ բնականոն գործունեությունը ապահովել, սակայն չի կարողանում: Ի դեպ, այս իշխանությունների օրոք՝ 2019թ.-ին, եւս մեկ հանձնաժողով էր ստեղծվել՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով, որը եւս այդպես էլ ընդամենը ձեւական բնույթ էր կրում եւ իրականում որեւէ բացահայտում չարեց:
Երեւանի քաղաքապետարանը հերթական խոստումներն է տալիս եւ ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի զարգացման ծրագիրը՝ 2024 թվականի համար։ Օրինակ՝ տրանսպորտի ոլորտում 2024 թվականին նախատեսվում է իրականացնել Երեւանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի եւ միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթաց, հասարակական տրանսպորտի կանգառների կահավորում, մետրոպոլիտենի վագոնների արդիականացում, նոր ավտոբուսների կամ էլեկտրաբուսների ձեռք բերում (18 մետր 249 հատ եւ 8.5 մետր երկարությամբ 171 հատ), նոր տրոլեյբուսների (71 հատ) ձեռք բերում։ Կոմունալ տնտեսության ոլորտում նախատեսվում է իրականացնել Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի թվով 600 վերելակների փոխարինում, բազմաբնակարան շենքերի հարթ եւ թեք տանիքների վերանորոգում, բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգում։ Արտաքին լուսավորության ոլորտում նախատեսվում է իրականացնել Երեւան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի ընթացիկ շահագործման, պահպանման եւ արդիականացման աշխատանքներ, «Երեւանի քաղաքային լուսավորություն» ծրագրի շրջանակում Երեւան քաղաքի 28 փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացում: Բնապահպանության ոլորտում նախատեսվում է իրականացնել Կենդանաբանական այգու ընդլայնում։ Իհարկե, այս ոլորտներում խոստումներ շատ ենք լսել, մնում է՝ դրանք իրականություն դառնան։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը քաղաքական դաշտ է եկել հեղափոխությունից հետո։ Ինչպես ներկայիս իշխանությունների մեծ մասը, այդպես էլ Խանդամյանը նախկին լրագրող է։ Նա 2022 թվականի գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրում հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն, 1 բնակարան բազմաբնակարան շենքում։ Բնակարաններից մեկը ձեռք է բերել, ավելի ճիշտ՝ նրա անունով է գրանցվել 1991 եւ 1995 թվականներին Գեղարքունիքի Գավառ համայնքում (համատեղ սեփականությամբ)։ Տրանսպորտային միջոց Խանդանյանը չի հայտարարագրել։ Խանդանյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 500 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցներ պատգամավորը չի հայտարարագրել։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 881 հազար դրամ, որից 7 մլն 962 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 215 հազար դրամ, որը, ըստ նշված հայտարարագրի համապատասխան կետի, հիփոթեքով բնակարանի մայր գումարի մնացորդն է։ Հենց այս պատճառով էլ Խանդանյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 918 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի սկզբունքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է։ Սարգիս Խանդանյանը այն պատգամավորն է որը ոչնչով աչքի չի ընկել խորհրդարանում։ ՔՊ-ականների համար շոկային էր նաեւ այն, որ այս անփորձ պատգամավորին առաջադրել էին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ինչն էլ թեժ քննարկման առիթ էր դարձել։
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ անվտանգության եւ տարհանվածների հարցերով ներկայացուցիչ Վահան Բադասյանին կանչել ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրան հարցաքննել են ՀՀ քրեական օրենսգրքի 330 հոդվածի շրջանակներում (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը): Armlur.am-ը գրել էր, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ անվտանգության եւ տարհանվածների հարցերով ներկայացուցիչ, Հադրութի պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Տեղեկությունը փորձեցինք պարզել նրա պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանից, որը հաստատեց տեղեկությունը։ Իսկ թե ինչ քրեական գործով են Բադասյանին կանչել հարցաքննության, պաշտպան Մարտիրոսյանը չցանկացավ մանրամասնել։ Մեզ հայտնի դարձավ, որ նա իր սոցիալական էջում հրապարակային խոսք է գրել, որը, ըստ իրավապահների, բռնության կոչ է, իսկ թե կոնկրետ որ գրառման համար են նրան տարել հարցաքննության, առայժմ չկարողացանք պարզել: