ԻՆՉՈ՞Ւ ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ԴՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ զրուցել ենք Անդրանիկ Թեւանյանի՝ մանդատը վայր դնելու, իրենց առաջիկա անելիքների եւ Նիկոլ Փաշինյանի երբեմնի գաղափարակիցը լինելու մասին:

 

-Պարո՛ն Սուքիասյան, օրերս Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ վայր է դնում ավագանու անդամի մանդատը, եւ խմբակցությունը Դուք եք ղեկավարելու: Ընտրություններից առաջ պարոն Թեւանյանը հայտարարում էր, որ գնում է ամբողջական իշխանական համակարգի փոփոխության օրակարգով, հանրահավաքներ էր հրավիրում, քաղաքացիներին հրավիրում էր, որպեսզի լինեն իշխանափոխության օրակարգում, սակայն վայր դրեց մանդատը: Ինչո՞վ էր պայմանավորված այս որոշումը: Եթե իսկապես նպատակը իշխանափոխությունն էր, ինչո՞ւ հետ կանգնեց:

-Եկե՛ք չմոռանանք, որ դրանից առաջ Անդրանիկ Թեւանյանը հրաժարվել էր նաեւ Ազգային Ժողովի պատգամավորի մանդատից, եւ Ձեր ասածը իրականության հետ աղերս կունենար, եթե պատգամավորի մանդատից հրաժարվելով, ամբողջական իշխանափոխություն պահանջելով՝ ընտրություններին մասնակցելուց հետո Անդրանիկ Թեւանյանը գնար եւ դառնար ավագանի եւ սկսեր ավագանու իր գործունեությունը, այսինքն՝ իր կոչին՝ ամբողջական իշխանափոխության,  քվեի տեսքով արձագանքեցին ավելի քան երեսունհինգ հազար երեւանցիներ, ինչը պատկառելի թիվ է, բայց, արի ու տես, որ քվեների այդ թիվը բավական  չէր ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար: Հիմա այդ մանդատը, որ տրվել էր «Մայր Հայաստան» դաշինքին, չի կարելի թողնել բախտի քմահաճույքին: Ամբողջական իշխանափոխության օրակարգը ավելի քան արդիական է «Մայր Հայաստան»-ի օրակարգում, որի վառ դրսեւորումն էր մի քանի օր առաջ Շենգավիթում «Մայր Հայաստան» շարժման գրասենյակի բացումը: Դա հակառակ է մեր քաղաքական մշակույթին. բոլորը ընտրություններից առաջ են բացում, մենք՝ ընտրություններից հետո: Նպատակ ունենք առաջին մեկ-երկու գրասենյակների հաջողելու դեպքում՝ արդեն ամբողջ Երեւանով, հետագայում արդեն ամբողջ Հայաստանով ծածկույթ ապահովել: Հետեւաբար, այն, ինչը որ հռչակվել է, ընտրության արդյունքներով չէ, որ պետք է պայմանավորել: Ընտրություններում մեր ցույց տված արդյունքները ցույց տվեցին, որ կա այդ հանրային պահանջը,  եւ, այո՛, իշխանությունը իր արբանյակ ուժի հետ չկարողացավ 50+1 ձայն հավաքել: Սա մազից կախված քաղաքային իշխանություն է, ինչպես նաեւ փնթիությունը, որը դրսեւորվեց երդմնակալության արարողությունը կազմակերպելու ժամանակ:  Եւ՛ Մարության Հայկի, ե՛ւ Սարգսյան Հրաչի երդմնակալության արարողության ժամանակ վարողը հայտնեց, որ ներկա է ավագանի, նիստը իրավազոր է… Այս պարագայում նման բան չկար: Մենք մտել ենք դատարան եւ լիահույս ենք, որ դատարանը անաչառ կգտնվի հատկապես, որ մենք Թալինում նախադեպ ունենք, հետեւաբար պետք է պարտադրի նորից ավագանու նիստ գումարել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որպես Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամ` մի խումբ պատգամավորների հետ հանդիպում ունեցա Հայաստանում գտնվող Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ՝ Մարկ Դեմեսմեկերի գլխավորությամբ։

Բելգիացի իմ գործընկերների ուշադրությունը հրավիրեցի հայկական երկրորդ հանրապետության ցավալի կորստից հետո բռնի տեղահանված 120000 արցախահայության խնդիրներին, Հայաստանի անվտանգային մարտահրավերներին։

Ընդգծեցի, որ մինչ մեր հայրենակիցները միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում կվերադառնան Արցախ, խնդիր կա պահպանելու հայկական պատմամշակութային հուշարձանները, գերեզմանները եւ արցախահայերի սեփականությունը։ Մարդիկ դռները փակել եւ դուրս են եկել՝ իրենց հետ գրեթե ոչինչ չբերելով:

Ներկայացրի Բաքվում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, գերեվարված քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի, անհետ կորածների որոնողական աշխատանքների վերսկսման անհրաժեշտությունը՝ որպես միջազգային իրավունքի անխախտելի պահանջ։

«Մեր տարածաշրջանում միջազգային իրավունքը չի գործում, քանի որ անգամ Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումները մնացել են անկատար Ադրբեջանի կողմից. պետք է միջազգային հանրությունը այս ուղղությամբ ջանքեր գործադրի»,- ամփոփեցի խոսքս՝ շնորհակալություն հայտնելով բարեկամական խմբի անդամներին իրենց աշխատանքի համար»:

 

 

 

ՉԻ ԽՈՒՍԱՓԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցությունների». ինչպես տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը` պատասխանելով հարցին, թե Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել անցնել ուղիղ բանակցությունների, արդյոք պատրաստ է Երեւանը ուղիղ բանակցությունների։

«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների։ Ավելին՝ փոխանակվում են խաղաղության պայմանագրերի տարբեր նախագծեր։ Դրա մասին մեր Արտաքին գործերի նախարարությունն անընդհատ մեկնաբանություններ է տալիս նորություններ լինելու դեպքում։ Եթե առաջարկներով փաստաթուղթ է ուղարկվում Երեւան, Երեւանից առաջարկներով փոխանցվում Բաքու, դա ի՞նչ է, եթե ոչ բանակցություն»,- ասաց Արշակյանը։ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծեց՝ Հայաստանը բանակցություններից երբեք չի խուսափել եւ մասնակցել է բանակցություններին այն հարթակներում, որոնք արդյունավետ է համարել։

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԻԾԸ

ArmLur.am-ը գրել էր, որ ՔՊ-ականները եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ փակ քննարկում են ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական պատգամավորները եւ նախարարը քննարկել են «Առողջապահության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առաջիկայում հանրային լսումներ կիրականացվեն, եւ այն կմտնի ԱԺ նիստերի օրակարգ: Մեր տեղեկություններով՝ Ավանեսյանի եւ ՔՊ-ականների քննարկումը բավականին ջերմ ու գործնական մթնոլորտում է անցել: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իր գլխավորած նախարարության հեղինակած նախագիծը, այնուհետեւ պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք  հիմնականում դրական կարծիքներ են հնչեցրել նախագծի մասին: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Անահիտ Ավանեսյանի կուսակցական ակտիվությունն իր արդյունքը տվել է:

 

 

ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՓՈԽԱՆՑՎԵՑԻՆ

Երեւանի ավագանու մի շարք անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցվել են, նրանց մանդատները կհանձնվեն ցուցակով հաջորդ թեկնածուներին:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին Երեւանի ավագանու 1-ին նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ հայտնեց  քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմումներ են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երեւան քաղաքի ավագանու անդամ Լեւոն Հովհաննիսյանը, «Հանրապետություն» կուսակցության Երեւան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված՝ Երեւան քաղաքի ավագանու անդամներ Ռոմիկ Մխիթարյանը եւ Տիգրան Տեր-Մարգարյանը, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի Երեւան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված՝ Երեւան քաղաքի ավագանու անդամներ Թաթուլ Պետրոսյանը եւ Անդրանիկ Թեւանյանը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացված արձանագրությունների համաձայն` լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են ՔՊ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միքայել Խաչատրյանին, «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Մկրտչյանին, Հարություն Մանվելյանին, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Աննա Ավետիսյանին եւ Արշակ Սարգսյանին»,- նշեց Ավինյանը:

 

 




Լրահոս