ՀՈՒՇԵՐ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՏԵՂԱՀԱՆՈՒՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շատ դժվար օրեր ենք քաշել բլոկադայում: Ես չեմ կարող ասել, որ այդ օրերին մենք ապրել ենք, կարող եմ միայն ասել, որ գոյություն ենք ապահովել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Սրբուհի Սաֆարյանը:

 

«Օրեր էին լինում՝ հերթերից դափ-դատարկ էինք վերադառնում: Համարյա ոչինչ չկար, իսկ եղածից էլ շատ բան չէինք կարող գնել. թանկ էին: Ձգտում էինք գոնե երեխաների ամենօրյա հացն ապահովել, որ սոված չմնան: Ես էի ազատ՝ ես էի հերթ կանգնում, ամուսինս էր ազատ՝ ամուսինս էր կանգնում: Այդպես իրար օգնելով՝ հերթում օրեր էինք գլորում: Դժվար էր, բայց հուսահատություն չկար մարդկանց մոտ: Դեռ շատերս համոզված ասում էինք՝ որ այսքան երկար է ձգվում, ուրեմն վերջում լավ է լինելու»,- պատմում է Սրբուհին:

Սրբուհին ամուսնու եւ երեք երեխաների հետ ապրել է Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում ամուսնու մեծ ընտանիքի հետ: Գյուղում աշխատանք չգտնելու պատճառով տեղափոխվել էին Ստեփանակերտ:

«Ամուսինս ծառայությունից հետո համալրել է Պաշտպանության բանակի սպայական շարքը: Ծառայում էր Ստեփանակերտի «Ցոր» զորամասում: Որպեսզի ամեն օր երկար ճանապարհ չկտրի Ստեփանակերտ հասնելու համար, տուն վարձեցինք եւ տեղափոխվեցինք Ստեփանակերտ: Մասնակցել է քառօրյա, 44-օրյա եւ այս վերջին պատերազմին: Ուղիղ 19 տարի ծառայել է ՊԲ-ում եւ երբեք ոչինչ չի պատմել առաջնագծից՝ թե՛ լավ, թե՛ վատ: Տեղյակ չէի՝ ինչ իրավիճակ է այնտեղ, եւ երբ ասում էի՝ պատերազմ էլ չի լինի, ասում էր, որ պատերազմը դեռ չի ավարտվել: Անկեղծ, ես պատերազմին չէի սպասում…»,- ասում է Սրբուհին:

Երկու օր ապաստարանում անցկացնելուց հետո միայն Սրբուհին հավաքեց իր առաջնային իրերը: Ինչպես նա է պատմում, շատ բան չի էլ վերցրել, ասում է. «Սիրտս չէր գնում տան իրերս բաժան-բաժան անել»: Տնից ոչինչ չի վերցրել, միայն անձնական իրեր եւ երեխաների համար մի քանի շոր:

«Սեպտեմբերի 20-ին Քրքչանից (Կրկժան) Ստեփանակերտ իջնել էր ցանկանում թշնամին, կրակոցներն անգամ հասնում էին Վերածննդի հրապարակ: Այդ ժամանակ կառավարության եւ քաղաքապետարանի ապաստարաններում էին գտնվում նաեւ գյուղերից տեղահանվածները: Կրակոցներից հետո պարզվեց, որ թշնամին, 50 զոհ տալով, նահանջել է, Կրկժանի վերեւում գտնվող մի աղբյուր կա, այնտեղ: Մի քիչ հանգստացանք՝ հույս ունենալով, որ կստիպենք էլի նահանջել թշնամուն, սակայն դրան հաջորդեց այն հայտարարությունը, որ, ըստ շրջանների, պետք է լքենք Արցախը: Սեպտեմբերի 23-ին վերադարձավ ամուսինս, իսկ սեպտեմբերի 27-ին դուրս եկանք Ստեփանակերտից: Ամբողջ ճանապարհին աղոթել եմ, որ ողջ-առողջ անցնենք Հակարին»,- վերհիշում է մեր զրուցակիցը:

Սրբուհին ընտանիքի հետ հիմա ապրում է Արագածոտնի Արագած գյուղում: Տունը դժվար են գտել, բայց, համեմատած այլ տների, վարձը թեթեւ էր: Երեխաներն արդեն դպրոց են գնում, իսկ իրենք փորձում են աշխատանք գտնել, որ կարողանան հոգալ ընտանիքի հոգսերը:

 

 

 

ՆԵԼՍՈՆՆ ԱՐԴԵՆ ՏԱՆՆ Է 

Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով պաշտոնապես տուժել է 290 մարդ: Պայթյունի վայրում էր նաեւ 17-ամյա Նելսոն Սարգսյանը իր հոր՝ Աշոտ Սարգսյանի հետ։

 

«Կամաց-կամաց առաջ էինք գնում, որ բենզինը վերցնենք ու դուրս գանք, ու էդ պահին չհասկացա, թե ինչ կատարվեց։ Ճիշտն ասած, գիտեի, թե մահացել եմ։ Մինչեւ ուշքի եմ եկել, արդեն ուշ էր, վառված էի։ Ձեռքերս ցավում էր, երբ փորձում էի դուրս գալ։ Ընկնելու պահին շատերը վազում էին, ոտքերի հարվածներից եմ ուշքի եկել։ Մի անգամ դուրս եմ եկել փոսից, նորից ուշաթափվել։ Հետո հորեղբայրս օգնեց դուրս գամ։ Պանելը ծռված էր, չէր պոկվել, թեք վիճակում էր, կոտրելուց փոսեր էր առաջացել, այդտեղից եմ բռնել եւ բարձրացել, հորեղբայրս էլ թիկունքիցս հրեց եւ օգնեց, որպեսզի դուրս գամ։ Հետո հորեղբայրս օգնեց հորս, դուրս եկան։ Գնացել ենք օդանավակայան, հայրս դեռ լավ էր, ման էր գալիս, հագուստներս հանել են, վիրակապել մեր ձեռքերը։ Շատ մարդ կար այդ վիճակում»,- մեզ հետ զրույցում նշում է Նելսոնը։

Սեպտեմբերի 19-ի մարտական գործողությունների հետեւանքով Սարգսյանների ընտանիքը նույնպես ստիպված լքեց իրենց տունը. թշնամին արդեն իրենց թաղամասում էր։ Մի քանի օր անց, երբ սկսվեց բնակչության տարհանումը, լսելով, որ Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում բենզին կա, շտապեցին այդ տարածք անհրաժեշտ վառելիքը գտնելու եւ ընտանիքը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու նպատակով։

«Ամուսինս երեխայի հետ գնաց բենզինի հետեւից, ավտոբուսներով տեղափոխվելը չէր ստացվում։ Մորաքրոջ որդին ասել էր, որ իր ընկերոջ մեքենան կարող է վերցնել եւ երեխաներին տեղափոխել։ Երեխայի հետ գնաց, որ բենզին վերցնի, ես չէի էլ իմացել, որ գնացել են Հայկազով, ասաց «Ֆլեշ»-ում ենք, էսա կվերցնենք ու կգանք։ Ժամը 5-ն անց էր, զանգեցինք, ասացինք՝ ուր եք մնացել, ինչու չեք գալիս, ասաց՝ բենզինը պայթել է, վառվել ենք, ես, Նելսոնս ռուսների մոտ ենք։ Վախեցած վազեցինք դուրս, մեքենա չկար, մի կին իր երեխայի հետ պատրաստվում էր գալ Հայաստան, իրերի մոտ մեզ նստեցրեցին, գնացինք ռուսների մոտ։ Չէին թողնում՝ մենք տեսնեինք, փեսայից էլ տեղեկություն չկար։ Գնացինք պայթյունի տեղը, քուրս կանչում էր՝ Արթո՜ւր, Արթո՜ւր, մենք էլ նայում էինք, չկար։ Մենք էլ գնացինք հիվանդանոց, մանկական հիվանդանոց ենք գնացել, ամեն տեղ նայել՝ դիահերձարանում, Արթուրին չենք գտել։ Մինչեւ հիմա չենք գտել, անհայտ է։ Մեկ ամսից ավել է, Նելսոնը հիվանդանոցում էր, մի քանի օր առաջ ենք եկել, շաբաթը երկու անգամ տանում ենք վիրակապելու։ Քույրս է այս տունը վարձել, իմ աղջիկներին էլ հետը պահել, ամուսինս հիվանդանոցում 9 օր է մնացել, մահացել։ Հիմա միայն ես եմ երեխաների հետ, չգիտեմ՝ ոնց պիտի աշխատեմ էս անծանոթ տեղը, Նելսոնը վիրահատություն ունի, վիրակապելու պիտի տանենք։ Միակ խնդրանքս, որ գոնե օգնեն տնով, որ կարողանամ երեխաներիս հավաքեմ, մի կերպ պահեմ մինչեւ…»,- եզրափակում է Լիլիա Մարդյանը՝ Նելսոնի մայրիկը։

 

 

 

ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ՝ ՇԱԽՄԱՏՈՒՄ

Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին դարձել է Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր:«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող առաջնության վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը մրցեց Անգլիայի հետ եւ առավելության հասավ 2,5-1,5 հաշվով:

Ընտրանու կազմում հաղթանակ տոնեց Շանթ Սարգսյանը՝ պարտության մատնելով Մայքլ Ադամսին: Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Հայաստանի տղամարդկանց թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Առաջին եւ երկրորդ տեղերում հաջորդաբար Սերբիայի եւ Գերմանիայի թիմերն են:

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ

Մադրիդի «Ռեալի» իսպանացի խաղացողներ պաշտպան Դանիել Կարվախալն ու հարձակվող Խոսելուն սոցիալական ցանցերում արած գրառումներով աջակցություն են հայտնել «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Գավիին, որը ծնկի ծանր վնասվածք է ստացել Վրաստանի թիմի դեմ «Եվրո-2024»-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում (3:1) եւ բաց կթողնի առնվազն կես տարի։

«Մրցակիցներ եւ գործընկերներ ենք, բայց առաջին հերթին մարդ ենք։ Դու կվերադառնաս ավելի ուժեղ, ի՛մ ընկեր։ Հաջողություն եմ մաղթում քեզ»,- գրել է Կարվախալը։

«Այս հաղթանակը պարտությունից վատ էր։ Դու ֆանտաստիկ տղա ես, որը խիզախությամբ կհաղթահարի այս իրավիճակը։ Չտխրես։ Բոլորս քեզ աջակցում ենք»,- գրել է Խոսելուն։

Գավին ստացել էր աջ ծնկի խաչաձեւ կապանների եւ արտաքին մենիսկի պատռվածք։ Նա կվիրահատվի։

Ընթացիկ մրցաշրջանում Գավին «Բարսելոնայի» հետ մասնակցել է 15 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

 

 

ԿԵՐԿԱՐԱՁԳԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Վրաստանի հավաքականի եւ Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» 22-ամյա կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կերկարաձգի պայմանագիրը նեապոլյան ակումբի հետ մինչեւ 2028թ. հունիս. հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

Կվարացխելիայի աշխատավարձը կբարձրանա եւ կկազմի տարեկան 4 միլիոն եվրո։ Կնախատեսվի նաեւ պայմանագիրը մինչեւ 2029 թվական երկարաձգելու հնարավորություն։

Կվարացխելիան «Նապոլիին» միացել է 2022թ. հուլիսին։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ. հունիս։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Կվարացխելիան մասնակցել է 11 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

 




Լրահոս