«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը անդրադարձել է նախօրեին իր եւ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի մասնակցությամբ վեճին։
-Տիկի՛ն Աղեկյան, ըստ էության, քաղաքապետարանում օրեր առաջ տեղի ունեցած քաշքշոցը, հրմշտոցը սկսվեց Ձեր եւ Անի Խաչատրյանի վեճից: Տեսանյութերը տարածվեցին ողջ մամուլում: Ի՞նչ բնութագիր կտաք, ի՞նչ դիտարկումներ եք արել: Ըստ Ձեզ՝ ովքե՞ր էին մեղավորները:
-Երեւանի ավագանին ընտրովի մարմին է, որն ունի վերահսկողական լիազորություններ, եւ մենք այստեղ եկել ենք, որպեսզի մեր վերահսկողական լիազորություններն ի գործ դնենք՝ ի շահ երեւանցու: Այս մեկ ամսվա ընթացքը, որի ժամանակ մենք հասկանալի պատճառներով չենք մասնակցել, որը բացատրել ենք մեր հայտարարություններում, կազմակերպել ենք Երեւանի տարբեր վարչական շրջանների հանդիպումներ եւ լսել ենք քաղաքացիներին, որպեսզի իրազեկ լինենք Երեւան քաղաքում առկա խնդիրներին:
Այդ օրը առաջին անգամ էինք մենք նիստի մասնակցում: Ի դեպ, չզեկուցվող հարցերը մեր պահանջով ու պարտադրանքով դարձան զեկուցվող, եւ մենք մասնակցեցինք օրակարգի քննարկմանը: Այս ընթացքում քաղաքական ելույթներ էին հնչում, եւ այդ ելույթների շրջանակում փորձում էին հնարավորինս իրենց մակարդակին հասցնել «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարին եւ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդին: Իրենք, կարծում եմ, որ պետք է գիտակցեին. ավագանու կարգավիճակով աշխատող մարդը պարտավոր է գիտակցել իր հայտարարությունների արձագանքը եւ պատրաստ լինել դրան: Ես, բնականաբար, պատասխանեցի՝ ասելով, որ այն ուժին եք սատարում (պետք է նշեմ, որ Ձեր նշած անձն այդ օրը վաղ առավոտից ստանձնել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փաստաբանի դերը, եւ ես նրան պարզապես հիշեցրի, որ նման լավ փաստաբանություն կարող էիք անել ադրբեջանցիների մոտ), որոնք թույլ են տվել անմարդկային վարք դրսեւորել Վազգեն Սարգսյանի արձանի նկատմամբ Շուշիում: Ես իրականությունը հիշեցրեցի եւ հավելեցի, որ իրենց գնահատականներում զգույշ լինեն, ինչին ի պատասխան՝ նա արձագանքեց՝ իբրեւ թե վիրավորելով:
-Իսկ երբ նիստերից առաջ ասում էիք, որ գալու եք եւ նրանց կյանքը դժոխքի վերածեք, սա՞ նկատի ունեիք:
-Ես կոնկրետ ի նկատի եմ ունեցել ՔՊԿ-ի մասին իրենց դրածո եւ արբանյակ կուսակցությունների հետ միասին, որոնք փորձում էին շեղել ուշադրությունը: Իհարկե, վարչական շրջանի ղեկավարները, այդ անօրենությունները ցույց տալով, նորից հետ բերեցին ՔՊԿ-ի դաշտ:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԱԼԻԵՎՆ ՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում։ Այս մասին նա հայտնել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի գրասենյակի խորհրդարանական կապերի Համագործակցության եւ զարգացման գծով պետական քարտուղարի տեղակալ Լեո Դոկերտիի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է ԱՊԱ-ն։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը «պաշտպանում է տարածաշրջանային խաղաղ օրակարգը, պատրաստ է երկխոսության Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման համար»։
ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ ՀԱՅՀՈՅՈՂ ԿԱՆԱՅՔ
Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ վեճ ծագեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի եւ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջեւ։ Անի Խաչատրյանը փորձում էր պատասխանել Մանուկ Սուքիասյանին՝ մեջբերելով Սուքիասյանի կենսագրությունը եւ քաղաքական ներկան եւ անցյալը։ Խաչատրյանը անդրադաձավ նաեւ «Մայր Հայաստան» խմբակցությանը՝ նրանց ղեկավարին թամադա անվանելով։ Կցկտուր խոսքի ընթացքում, որը իրենից սուր ելույթ պիտի ենթադրեր, Անի Խաչատրյանը հուզմունքից շփոթվում է, որից հետո դահլիճից բղավեցին. «Գոնե անգիր արած գայիր, տիկի՛ն»։
Անի Խաչատրյանը, չլսելու տալով, փորձեց շարունակել, սակայն միջամտեց նաեւ Սոնա Աղեկյանը։ Խաչատրյանը Աղեկյանին անվանեց «կոյուղաջրերի թագուհի», ապա Աղեկյանը Խաչատրյանի վրա ջուր լցրեց, ինչից հետո էլ սկսվեց քաշքշուքը: Խաչատրյանը, իբրեւ պատասխան, ջուրը լցրեց Աղեկյանի վրա, ապա սկսեց քաշել մազերից։
Ամենաթեժ պահին Ավինյանը հրահանգեց անջատել միկրոֆոնները եւ ուղիղ միացումը։ Այս ընթացքում վեճին միացավ նաեւ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը՝ նույն ինքը Նարե Սոսեն։ Ավագանու անդամների եւ ոստիկանների օգնությամբ դահլիճից փորձեցին դուրս հանել Անի Խաչատրյանին, իսկ Հայրապետյանը ամենավերջին հայհոյանքներով ճանապարհեց նրեն։ Խաչատրյանը չհանդուրժելով սկսեց վիրավորել Հայրապետյանին։
Ինչպես արդեն պարզ դարձավ հետո, կռիվը շարունակվել էր նաեւ քաղաքապետարանի միջանցքներում։
Հավելենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանի միջադեպին ոստիկանությունը ընթացք է տվել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ խուլիգանության հատկանիշով քրեական վարույթ է նախաձեռնվել, եւ այս պահին գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում։
ԱՄՓՈՓԻՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎ
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաջորդ ամիս՝ դեկտեմբերին, ամփոփիչ քաղաքական ժողով կանի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այն կուսակցության արդեն 3-րդ քաղաքական ժողովն է: Այս օրերին «Քաղաքացիական պայմանագրում» նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. քննարկվում են քաղաքական ժողովի անցկացման օրվա, տեղի եւ օրակարգի հետ կապված հարցեր: Նշենք, որ կուսակցության քաղաքական ժողովին մասնակցում են կուսակցության վարչության անդամները, կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, ինչպես նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:
ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆԻ ՈՒ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ
«Սեպտեմբերին, հոկտեմբերին եւ նոյեմբերին հայկական կողմին առաջարկներ են ուղարկվել բանակցություններ վարել ինչպես Մոսկվայում, այնպես էլ բազմակողմ միջոցառումների շրջանակում, որոնց հստակ պատասխաններ դեռ չենք ստացել։ Ինչպե՞ս կարող է անհայտ լինել, երբ ես նոր եմ ներկայացրել փաստերը»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե ինքը տեղյակ չէ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման Մոսկվայի առաջարկներին։
«Միեւնույն ժամանակ, Երեւանը ցանկանում է բանակցել Վաշինգտոնում եւ Բրյուսելում, թեեւ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԵՄ-ն չեն կարող համարվել բարեխիղճ միջնորդներ մի շարք պատճառներով: Նրանց գործողությունները ստորադասվում են Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու նպատակին, նրանք ցանկանում են ոչնչացնել տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության մեխանիզմները եւ միեւնույն ժամանակ անամոթաբար գողանալ եւ փոփոխել Մոսկվայի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները՝ պատեհապաշտ նկատառումներին համապատասխան։
Ուստի նրանց միջնորդությունից իրական օգուտ չկա, չի էլ կարող լինել, քանի որ լիցքն այլ է, նպատակը՝ այլ…
Երեւանի անխոհեմ խաղադրույքը, որ Արեւմուտքը կօգնի իրենց, ֆիասկո է ապրել: Սա նույնպես ակնհայտ է: Սա չտեսնելն անհնար է։ Չնայած առկա առաջարկներին եւ հրավերներին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները դեռեւս սառեցված են»,- նշել է նա։