«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայկական կողմը, եւս մեկ անգամ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման եւ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայության հաստատման ուղղությամբ, նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի իր՝ թվով 6-րդ խմբագրությունը։ Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Հարկ ենք համարում հիշեցնել, որ մինչ Հայաստանն ադրբեջանական վերջին առաջարկները ստանալուց հետո դիտարկում էր դրանք եւ պատրաստակամ էր շարունակել պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները՝ չնայած ԼՂ-ում ծանր շրջափակման հետեւանքով օրեցօր սրվող մարդասիրական ճգնաժամին, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որը հանգեցրեց ԼՂ ողջ հայ բնակչության բռնի տեղահանման։
Հաջորդիվ, շարունակելով բացահայտ կերպով արհամարհել խաղաղության գործընթացին վերադառնալու հնարավորությունը եւ այդ ուղղությամբ միջազգային գործընկերների ջանքերը, ադրբեջանական կողմը չմասնակցեց նախ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում Գրանադայում, ապա Բրյուսելում երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումներին, թեեւ այդ հնգակողմ եւ եռակողմ հանդիպումները նախապես համաձայնեցված էին:
Հայկական կողմը շարունակել է աշխատանքները համաձայնագրի տեքստի շուրջ եւ առավել արդյունավետ է համարել դրանք ներկայացնել Ադրբեջանին հենց ենթադրվող հանդիպումների ընթացքում։ Այնուամենայնիվ, բանակցային գործընթացը փակուղի մտցնելու եւ մեր տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու փորձերը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը կառուցողականորեն փոխանցել է համաձայնագրի վերաբերյալ իր դիտարկումները եւ, ինչպես բազմիցս նախկինում, ապացուցել է, որ պատրաստ է կրկին ներգրավվել բանակցություններում՝ որպես ուղենիշ ունենալով՝
l միմյանց տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների փոխադարձ ճանաչումը եւ հարգումը,
l համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի եւ խորհրդային ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա՝ հետագա սահմանազատման գործընթացի իրականացումը.
l պետությունների ինքնիշխանության ու իրավազորության լիակատար հարգման եւ հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը։
Հավելենք, որ հայկական կողմը շարունակում է կարծել, որ չնայած բոլոր բարդություններին եւ մարտահրավերներին՝ կա երկու երկրների միջեւ խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որը կարող է իրացվել երկուստեք քաղաքական կամքի առկայության պարագայում: Հայկական կողմը շարունակում է դրսեւորել այդ կամքը: Այդ կամքի արտահայտություններից է նաեւ այն, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջեւ պետական սահմանին»,- ասված է հայտարարության մեջ:
ԿԱՐՄԻՐ ԽԱՉԸ ՀԱՅՏՆՈՒՄ Է
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին երեկ՝ Նախիջեւանում կայացած սեմինարի ժամանակ, լրագրողներին ասել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը։
«ԿԽՄԿ-ն ստուգում է, թե արդյոք այդ մարդկանց համար պայմաններ են ստեծվել իրենց ընտանիքների հետ շփման համար։ Մենք՝ որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտե, այցելում ենք այդ անձանց, այս գործունեության արդյունքում բոլոր տեղեկությունները, հարցերը փոխանցվում եւ քննարկվում են միայն երկկողմանի գաղտնի ձեւով համապատասխան կառույցների հետ»,- ասել է նա։
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԲԵՌ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստան է առաքում 40 տոննա հումանիտար բեռ։
«Հումանիտար օգնությունն ուղղված է այն քաղաքացիներին, որոնք հարկադրված լքել են Լեռնային Ղարաբաղի տարածքը», – նշված է Telegram-ում հրապարակված հաղորդագրությունում։ Նշվում է, որ ՌԴ ԱԻՆ-ի «Իլ-76» ինքնաթիռը «Ժուկովսկի» օդանավակայանից մեկնել է Երեւանի օդանավակայան։ «Օգնությունը կազմակերպվել է Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ եւ ՌԴ կառավարության պատվերով», – հայտնել են ՌԴ ԱԻՆ-ում։ Հումանիտար օգնությունը ներառում է սննդամթերք, ծածկոցներ, շարժական էլեկտրակայան։
ՄԵՏՐՈՅԻ ԿԱՅԱՆԸ ՓՈՐՁԱՔՆՆՎՈՒՄ Է
Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագիծն ամբողջապես պատրաստ է, այն այժմ անցնում է փորձաքննությունների փուլը:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագիծն ամբողջապես պատրաստ է, այն այժմ անցնում է փորձաքննությունների փուլը:
Այն բոլոր քննարկումները, որոնք վերաբերել են մետրոյի Աջափնյակ կայարանին, վերջապես արդեն մոտենում են իրականացման փուլին»,-նշեց Ավինյանը:
ՀՐԱԴԱԴԱՐ՝ ԳԵՐԻՆԵՐԻ ԴԻՄԱՑ
2023 թվականի հոկտեմբերի 7-ից սկսված եւ 1 ամիս եւ 2 շաբաթ ձգվող Իսրայել-Պաղեստին հակամարտությունը նվազեցրել է տեմպերը, սակայն ավարտը դեռ մոտ չէ։
Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում բնակվում է շուրջ 3 հազար հայ՝ հիմնականում արհեստավորներ, բժիշկներ, ձեռնարկատերեր, հոգեւորականներ, մտավորականներ։
Այստեղ է գտնվում Երուսաղեմի հայոց պատրիարքությունը՝ Սրբոց Հակոբյանց վանքով ու վանքապատկան կալվածքներով, հայկական տպարանով։ Գաղտնիք չէ, որ պատմական ամենադժվար փուլում եկեղեցին եղել է ժողովրդին համախմբող եւ ապաստան տվող կառույցը։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամ Տեր Էմմանուել վարդապետ Աթաջանյանի հետ, որը մեզ հետ զրույցում խոսել է պատերազմական իրավիճակում հայ եկեղեցու գործունեութան մասին։
Հիշեցնենք, որ պատերազմական գործողությունները ընթանում էին Գազայի հատվածում, որտեղ «Համաս» խմբավորման զինյալները ամենադաժան ձեւով մորթում եւ սպանում էին Գազայի բնակիչներին։ Քանի որ, բացի Գազայից, հրետակոծվում են նաեւ Իսրայելի այլ քաղաքներ եւս, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հայ իսրայելաբնակ Մաքսիմ Սարգսյանի հետ, որը նախկինում Հայաստանում քաղաքացիական ակտիվիստ է եղել։ Նա մեզ պատմեց, որ հրետակոծության տեմպը նվազել է, սակայն պատերազմին սկսել է միջամտել նաեւ Լիբանանը։
Հավելենք նաեւ, որ Իսրայելը եւ «Համաս» խմբավորումը համաձայնության են եկել եւ որոշել ամեն 10 գերու դիմաց 1 օր հրադադար հայտարարել։
ՆԻՍՏԻՆ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ
Կրեմլը ցավում է, որ Հայաստանը բարձր մակարդակով չի մասնակցի Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, կարող ենք ափսոսանք հայտնել, որ Հայաստանը վաղը բարձր մակարդակով չի մասնակցի այս գագաթնաժողովին: Հուսով ենք, որ կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակով մասնակցություն, բայց, իհարկե, ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակում»,- ասել է նա լրագրողներին։
Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու ՀԱՊԿ շրջանակներում Մինսկում կայանալիք հանդիպումներին։ Հայաստանի արտգործնախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը Բելառուսի իր գործընկեր Սերգեյ Ալեյնիկի հետ հեռախոսազրույցում նույնպես ավելի վաղ ասել էր, որ չի կարողանա մասնակցել ԱԳ նախարարների խորհրդի համատեղ նիստին: Երեկ այս մասին նշեց նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։