Գերմանիան եւ Հայաստանը համագործակցության ուղղությամբ նոր ճանապարհ են բացում, Գերմանիայի կառավարությունը դրամաշնորհների եւ վարկերի տեսքով Հայաստանին կտրամադրի 84.6 մլն եվրոյի օժանդակություն:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ Երեւանում անցկացված հայ-գերմանական միջկառավարական երկօրյա բանակցությունների արդյունքներին նվիրված ասուլիսում այս մասին հայտարարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման եւ համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը:
Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունները ստորագրել են միջկառավարական բանակցություններին վերաբերող արձանագրություն: 2014 թվականից ի վեր՝ սրանք առաջին պաշտոնական բանակցություններն են: Բանակցությունների ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր՝ տնտեսական զարգացման համագործակցության վերաբերյալ:
«Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից կտրամադրվի լրացուցիչ 84.6 մլն եվրոյի օժանդակություն՝ դրամաշնորհների եւ վարկերի տեսքով, որն ուղղված կլինի միջին մասնագիտական տեխնիկական կրթության, ինչպես նաեւ վերականգվող էներգետիկայի ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու համար»,-ասաց Քերոբյանը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական զարգացման եւ համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը 2014թ.-ից ի վեր անցկացված առաջին միջկառավարական բանակցությունները որակեց բավականին արդյունավետ:
«Կարծում եմ, որ սա շատ հստակ ուղերձ է ամբողջ աշխարհին, որ Գերմանիան եւ Հայաստանը համագործակցության ուղղությամբ նոր ճանապարհ են բացում: Հայաստանը եւս մեկ անգամ փաստում է, որ հանձնառություն է ստանձնել դեպի ժողովրդավարություն, ժողովրդավարական հասարակություն»,- ասաց Նիլս Աննենը:
Հայաստանի եւ Գերմանիայի համագործակցությունը շարունակվելու է տնտեսության բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ միջին մասնագիտական կրթության: Գերմանիան փորձելու է ամրապնդել Հայաստանի մարզերի կարողությունները համապատասխան ծառայությունների տրամադրումը բարելավելու նպատակով: «Առանձին աջակցություն նախատեսված է Հայաստանի կառավարությանը՝ ընդունելու եւ ինտեգրելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բնակչությանը»,-ասաց Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական զարգացման եւ համագործակցության նախարարության պետքարտուղարը:
Նա նշեց նաեւ էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին, մասնավորապես՝ ներդրումներ են արվելու վերականգնվող էներգետիկայի ուղղությամբ: Սա Հայաստանի Հանրապետությանը թույլ կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի գինը:
«Մեծ ուշադրություն ենք դարձնելու Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդմանը, ինչը մեծապես ընդգծվել է մեր համագործակցության բանակցությունների տիրույթում»,- նշեց գերմանացի պաշտոնյան:
Ստորագրված համաձայնագրով նախատեսված գումարը նաեւ որպես վարկային միջոց Հայաստանի Հանրապետության բանկերի միջոցով տրամադրվելու է ընկերություններին:
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ընդունել է գերմանական «Gerkan, Marg and Partners» ճարտարապետական կազմակերպության ներկայացուցիչներ Թոբիաս Քայելին եւ Յոհան Րաբեին։ Հանդիպմանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, հիմնադրամի փորձագետ-ճարտարապետ Աստղիկ Դանիելյանը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ քննարկվել են Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքների վերաբերյալ հարցեր: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել տեղադիրքին, գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներին:
Ճարտարապետական կազմակերպության մասնագետները ներկայացրել են կատարած վերլուծության արդյունքները, որի համար հիմք են ծառայել ինչպես նախատեսվող տարածքի վերաբերյալ տվյալները, այնպես էլ միջազգային փորձը: Հաշվի են առնվել մշակութային առանձնահատկությունները եւ տարածքի բնական լանդշաֆտային պայմանները։ Կատարվել է նմանօրինակ համալիրների տարածքների ֆունկցիոնալ կազմակերպման եւ ծավալատարածական կառուցվածքների, նաեւ համաշխարհային հայտնի կառույցների եւ խոշորամասշտաբ օբյեկտների համեմատական վերլուծություն:
Մասնագետների խումբն ուսումնասիրել է ՀՀ գործող նորմատիվ իրավական փաստաթղթերը, կատարել տարածքների համամասնական վերլուծություն: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարածքի նկատմամբ հատակագծային սահմանափակումների գնահատմանը։ Դիտարկվել են նաեւ Ակադեմիական քաղաքի կլաստերների միջեւ ֆունկցիոնալ կապերի ապահովմանը, ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող այլ հարցեր:
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքները շարունակվում են ամբողջ ծավալով:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ-Ն ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ
Այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գեորգի Խաինդրավայի հետ։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, ադրբեջանական պատվիրակության կազմում են պաշտպանության փոխնախարար – գլխավոր տնօրեն Ագիլ Գուրբանովը, պաշտպանության փոխնախարար – ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը եւ այլ պաշտոնատար անձինք։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության հեռանկարները։
ՆԻՍՏԻՆ ՔՊ-Ն ՉՄԱՍՆԱԿՑԵՑ
Նոյեմբերի 21-ին նշանակված էր Բերդ համայնքի ավագանու նիստ, որի օրակարգի կարեւոր հարցերից մեկը «Վալլեքս գրուպ» ընկերությունների խմբի անդամ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող Տավուշ-Խնձորուտ հանքային դաշտի տարածքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հոկտեմբերի 26-ին համայնքում կայացած հանրային լսումների նկատմամբ ավագանու որոշում կայացնելն էր։
Համայնքի բնակիչները դեմ էին արտահայտվել երկրաբանական ուսումնասիրություններին։ Բերդ համայնքի ավագանին ունի 21 անդամ, որից 11-ը՝ «Զորավոր համայնք», 8-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր», 2-ը՝ «Արժանապատիվ սերունդ» խմբակցությունների անդամներ են։
Նոյեմբերի 21-ի ավագանու նիստին «Զորավոր համայնք» խմբակցության 11 անդամներից 2-ը չեն մասնակցել հարգելի պատճառներով, քանի որ իրենց առողջական խնդիրների պատճառով գտնվել են Երեւանի բուժհիմնարկներում: Նիստի սկզբում ներկա չեն եղել նաեւ «Արժանապատիվ սերունդ» խմբակցության ավագանու երկու անդամները։ ՔՊ խմբակցության բոլոր 8 անդամները նիստից բացակայել են։
Քվորում չլինելու պատճառով ավագանու նիստը հետաձգվել է կես ժամով, այդ ընդմիջումը տեւել է մեկ ժամ, որի ընթացքում «Արժանապատիվ սերունդ» խմբակցության երկու ավագանիներից մեկը ներկայացել է նիստին։
Այնուամենայնիվ, ավագանու նիստ անցկացնելու համար անհրաժեշտ քվորում չի եղել։ ՔՊ խմբակցության բոլոր անդամները, առանց որեւէ բացատրության, նիստից բացակայել են, ինչը մտածելու տեղիք է տալիս։ Հոկտեմբերի 26-ին՝ Բերդում կայացած հանրային լսումներից հետո, երբ համայնքը միակամ դեմ է արտահայտվել համայնքի տարածքում մետաղական հանքավայր բացելու նպատակով երկրաբանական հետազոտություններին, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե որն է լինելու իրենց հետագա անելիքը, ասել է, որ իրենք սպասելու են համայնքի ավագանու որոշմանը։
Հոկտեմբերի 26-ին Բերդի մշակույթի տանը կայացած հանրային լսումերի վերաբերյալ համայնքի ավագանին պետք է որոշում ընդունի հանրային լսումներից հետո՝ առավելագույնը մեկ ամսվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ նոյեմբերի 26-ը, այլապես «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն կարող է դիմել կառավարություն եւ ստանալ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու թույլտվություն: Բերդ համայնքից տեղեկացա, որ ավագանու հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 23-ին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ