Սեպտեմբերի 19-ի ագրեսիայի եւ դրան հաջորդած տեղահանումից հետո Արցախի թեմը շարունակում է պահպանել իր կարգավիճակը եւ գործում է՝ համաձայն եկեղեցական-կանոնական սկզբունքների։
Արցախի թեմի հոգեւոր սպասավորների մի մասը հոգեւոր ծառայությունը շարունակում է Հայաստանի Հանրապետությունում։
Տեր Մինաս քահանա Մովսիսյանը նախքան սեպտեմբերյան ագրեսիան Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվն էր։
«Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազրույց է ունեցել հոգեւորականի հետ.
-Որտե՞ղ եք շարունակում հոգեւոր ծառայությունը։
-Այժմ հոգեւոր գործունեությունը ծավալում եմ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում՝ որպես հոգեւոր պատասխանատու։ Նշանակվել եմ Կոտայքի թեմի առաջնորդի կողմից։
-Ի՞նչ եք կարծում, սեպտեմբերի 19-ի ագրեսիայի եւ դրան հաջորդած՝ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո տեղին չէ՞ր սգո օր հայտարարելը։
-Վերջին սարսափելի դեպքերի պատճառով մեր շատ եղբայրներ եւ քույրեր զոհվեցին, որը մեծ ցավ պատճառեց մեր հայ ժողովրդին։ Իհարկե, կարելի էր սուգ հայտարարել, որովհետեւ դա մի սարսափելի կորուստ էր, սարսափելի դեպք էր, որին զոհ գնացին անմեղ մեր զավակները, եւ չի կարելի դրա նկատմաբ անտարբեր լինել։ Պետք էր համաժողովրդական ցավ, սուգ հայտարարել, որպեսզի բոլորս մասնակից լինենք այդ ցավին, սուգին եւ աղոթքին։ Մեր Առաքելական եկեղեցին իր առաքելությունը, հոգեւոր պարտքը կատարեց հոգեհանգստյան արարողություններով»։
-Հոգեւոր պատարագ մատուցո՞ւմ եք:
-Անցած կիրակի Սոլակ գյուղում անդրանիկ պատարագը մատուցեցի։ Դա իմ առաջին սուրբ արարողությունն էր, պատարագն էր։ Մասնակցողներ շատ եղան։ Պատարագին մասնակցեցին գյուղից եւ տարբեր տեղերից եկած հավատացյալ մեր քույրեր եւ եղբայրները։ Աղոթեցինք այս դժվարությունների հաղթահարման համար, աղոթեցինք մեր զոհերի եւ նահատակների համար։ Դրանով մեր հոգեւոր գործունեության սկիզբը դրեցինք։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով Արցախում առկա խնդիրներին ավելացել էին նորերը: Կտրվել էր կապը շրջանների հետ, թշնամին վերահսկում էր միջշրջանային ավտոճանապարհների մի մասը: Սկսվեց բնակչության տարհանումը Հայաստանի Հանրապետություն:
ՓՈՔՐԻԿ ԱՐՑԱԽՑՈՒ ԻՂՁԵՐԸ
«Ստեփանակերտից ինձ հետ բերել եմ միայն պատվոգրերս ու գավաթներս»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Հայկ Սարգսյանը։
Հայկ Սարգսյանն ինը տարեկան հասակից սկսեց հաճախել Սամբոյի ուշու մարզաձեւին եւ սիրեց ու նվիրվեց մարզաձեւի կանոնակարգին: Երեք տարի առաջ հորաքրոջ տղան առաջարկեց գնալ մարզադահլիճ, որն էլ պատճառ դարձավ Հայկի՝ սամբոյին տրվելուն:
«Հետեւեցի եղբորս պարապմունքներին, եւ ինձ դուր եկավ: Դիմեցի մարզչին, եւ նա ինձ նոր խմբի հետ ընդունեց: Երկար էի պարապում, լինում էր՝ անգամ արտաժամյա կամ տան պայմաններում էի պարապում: Չարչարանքերս արդյունք տվեցին. մարզիչս որոշեց ինձ ուղարկել մրցումների: Առաջին անգամ մասնակցել եմ Արցախի Հանրապետության հավատի խաղարկության մրցաշարին եւ նվաճել եմ մրցաշարի գավաթը: Այս նվաճումն ինձ մեծ ոգեւորություն տվեց: Մասնակցել եմ Արցախի Հանրապետության ուշուի բաց առաջնությանը եւ գրավել առաջին տեղը, ինչպես նաեւ openArmenia kung fu մրցաշարին՝ զբաղեցնելով 2-րդ տեղը»,-պատմում է Հայկը:
12-ամյա Հայկը 2023թ. սեպտեմբերյան վերջին իրադարձություններից հետո ապրում է Աշտարակում ընտանիքի հետ: Հայրը, առողջական խնդիրներից ելնելով, հիվանդանոցում է, իսկ մայրը, խնամելով հորը, փորձում է զուգահեռաբար աշխատանք գտնել:
«Մարզիչս Երեւանում վերաբացել եւ շարունակում է պարապմունքները: Պարապմունքներին հաճախել չեմ կարողանում, իսկ Աշտարակում ուշուի խմբակ չի գործում: Շատ կցանկանայի շարունակել պարապմունքներս մարզչիս հետ, բայց այս պահին մայրս այդ հնարավորությունը չունի, իսկ հայրս հիվանդանոցում է: Սպասում եմ՝ մինչեւ հայրս կազդուրվի, որ կարողանամ պարապմունքների գնամ»,-ասում է մեր զրուցակիցը:
Հայկը երազանքներ ու նպատակներ շատ ունի, ասում է, որ ձգտելու է բոլորին հասնել. «Երազանքս է դառնալ աշխարհի չեմպիոն, բարձրացնել Արցախի դրոշը եւ հաղթանակած վերադառնալ Արցախ, որտեղ ինձ կդիմավորեն դափնեպսակով մեր «Տատիկ-պապիկի» («Մենք ենք մեր սարերը» հուշակոթող) մոտ»:
ԳՐԱՌՈՒՄ Է ԱՐԵԼ
Նոյեմբերի 15-ին Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում մեկնարկեց ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ընտրանին առաջնությանը մասնակցում էր 7 մարզիկով: Գվադալախարա էին մեկնել Գոռ Սահակյանը (67 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ): Տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Սահակյանը, «Պոկում» վարժություն գլխավերեւում պահելով 140 կգ, փոքր ոսկե մեդալակիր դարձավ: Երկամարտի 305 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն: Ծանրորդը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել իր հաղթանակներին. «Այս տարին եւս սկսեցի եւ ավարտեցի հաղթանակով:
Երբեմն հաղթելու չափազանց մեծ ցանկությունը լարվածություն է առաջացնում։ Բազում դժվարություններ հաղթահարելով՝ համառ աշխատանքով ավելի մոտեցա իմ նպատակին:
Աստծո օգնությունն ինձ հետ է միշտ, ես դա զգում եմ ու յուրաքանչյուր մրցման մեկնում եմ այն գիտակցությամբ, որ դա իմ հնարավորությունն է, որ պարտավոր եմ հաղթել: Երախտապարտ եմ ծնողներիս, որ իրենց սիրով ու հոգատարությամբ կողքիս էին, մարզիչներիս, որ հավատացին, վստահեցին ու չխնայեցին իրենց ջանքն ու փորձառությունը: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք հավատում ու ոգեւորում էին ինձ»,- գրել է Գոռը:
Հիշեցնենք, որ ապրիլին Երեւանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանին առաջին ոսկին բերել է հենց Գոռ Սահակյանը։ Երկամարտում 19-ամյա Գոռ Սահակյանը գրանցեց 320 կգ արդյունք՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։ 67 կգ քաշային կարգի «Պոկում» վարժությունում նա բարձրացրեց 140 կգ, ապա՝ 145 կգ: «Հրում» վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրեց 170 կգ եւ 175 կգ:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԻՋԵՑ
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Խորվաթիային:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային 10 րոպեներին Խորվաթիայի ընտրանին ակնհայտ առավելություն ուներ եւ տիրում էր նախաձեռնությանը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն էլ շեշտը դնում էր արագ հակագրոհների վրա, սակայն խորվաթները առավելությունը գոլի վերածեցին առաջին կեսի վերջնամասում: Խաղի 41-րդ րոպեին գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Անտե Բուդիմիրը: Երկրորդ կեսի հիմնական մասում եւս գնդակին տիրում էր Խորվաթիան, Հայաստանի ազգային թիմի դարպասապահ Չանչարեւիչը մի քանի դրվագներում փրկեց թիմին վերահաս գոլից: Խորվաիթա-Հայաստան` 1:0: Խորվաթիան այս հաղթանակի շնորհիվ մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը եւ դուրս եկավ Եվրոպայի առաջնության ընտրական փուլ: