ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ՝ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն է:

 

-Տիկի՛ն Փոստանջյան, թեեւ Դուք ներկա չէիք, բայց հետեւել եք՝ ինչ կատարավեց ավագանու նիստին. փոխադարձ հայհոյանքներ, ծեծկռտուք, միմյանց մազ քաշել, ջուր շփել իրար վրա: Ի՞նչ բնութագրում կտաք կատարվածին:

-Կուզանայի, որ նման բաներ չկրկնվեին, շատ տգեղ էր: Պետք է ամեն բան անել, որ նման միջադեպեր չկրկնվեն:

-Ըստ Ձեզ՝ ովքե՞ր էին մեղավորները, ովքե՞ր հրահրեցին կռիվը:

-Մեղավորը օրենքն է, որ կարող է նման ավագանի ձեւավորվել: Մեղավորին հասկանալու համար շատ հեռուն պետք է գնալ՝ դեպի 2009թ., երբ նման վատ օրենք ընդունվեց. որպեսզի նորմալ ավագանի ձեւավորվի, ինքը պետք է լինի ճկուն օրենսդրության ներքո: Շատ խոցելի օրենսդրությամբ է ձեւավորվել այս ավագանին. սա է հիմնական պատճառը եւ, իհարկե, տիրող ընդհանուր իրավիճակը:

-Տիկի՛ն Փոստանջյան, ուշագրավ է, որ ավագանու կին անդամների մասնակցությամբ սկսվեց միջադեպը. այս մասին ի՞նչ կասեք:

-Կին կամ տղամարդ՝ կապ չունի: Սա նորություն չէր, ԱԺ-ում տեսել ենք նույն բանը: Դահլիճում մարդիկ իրենց վարքագիծը պետք է կառավարեն, բայց եթե թիվ մեկ պաշտոնյան հայհոյանքով է խոսում, էլ ի՞նչ ենք ուզում, այսինքն՝ հայհոյանքը մտցվում է մարդու առօրյա խոսակցության մեջ. սա պատահական չէ: Տարիներ շարունակ այս գործընթացը տեղի է ունենում, հիմնական հեղինակներից մեկն էլ հենց թիվ մեկ պաշտոնյան է:

-Եթե Դուք այդ նիստին ներկա լինեիք, ինչպե՞ս կվարվեիք:

-Իհարկե, պետք է հանդարտեցվեր, չէր կարող շարունակվել, բայց ես մի բան հասկացա, որ այդ ամենը կազմակերպված էր:

-Ու՞մ կողմից էր կազմակերպված:

-Ով շահ ունի այդտեղ, իհարկե, առաջին հերթին՝ այսօրվա իշխանությունների:

-Տիկի՛ն Փոստանջյան, իսկ պատճառը ո՞րն է, որ մանդատը պահել եք, բայց ավագանու նիստերին չեք մասնակցում:

-Անիմաստ եմ համարում այդ նիստերին մասնակցելը, միեւնույնն է, ոչ մի հարց չի լուծվում:

-Այդ դեպքում ինչո՞ւ եք մանդատը պահում, ինչպե՞ս եք այն օգտագործելու:

-Ինչո՞ւ միայն նիստերին մասնակցելով է որոշվում գործունեությունը. հետեւե՛ք իմ ֆեյսբուքյան էջին ու կտեսնեք՝ ինչ աշխատանք եմ կատարում:

-Տիկի՛ն Փոստանջյան, ավագանու մյուս նիստերի՞ էլ չեք մասնակցելու: Եթե շարունակեք չմասնակցել նիստերին, ապա անհարգելի բացակայությունների պատճառով Ձեզ կզրկեն մանդատից:

-Խուլիգանական վայր հաճախելը շատ տհաճ է, առանց այդ էլ այսօր ամենուր այդ վիճակն է, լրացուցիչ մի թունավոր վայր գնալը վնասակար է առողջությանը. դա խուլիգանական վայր է, նման տեղ հաճելի չէ գնալը:

-Հնարավո՞ր է առաջիկայում վայր դնեք մանդատը, եթե չեք ցանկանում մասնակցել նսիտերին:

-Ժամանակը ցույց կտա՝ ինչպես կվարվեմ. դա իմ որոշելիքն է:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՈԼՈՐՏԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ՆԱԽԱՐԱՐԸ

Որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի տիրապետում իր ղեկավարած ոլորտին, նորություն չէ։ Հերթական անգամ ականատես եղանք մասնագիտությամբ իրավաբան առողջապահության նախարարի՝ իր ղեկավարած ոլորտից անտեղյակության եւս մեկ դրսեւորման։

 

Նախարարը երեկ՝ կառավարութան նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհից տուժած երկու պացիենտի մասին՝ ասելով, որ նրանց վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում։

Եւ, ահա, այդ հայտարարությունից րոպեներ անց Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում շտապել է հերքել ինքն իրեն՝ հայտնելով տուժածներից մեկի մահվան մասին։

«Հարգելի՛ լրագրողներ, կառավարության այսօրվա նիստից հետո՝ ձեզ հետ ճեպազրույցի ընթացքում՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետեւանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին խոսելիս, ներկայացրել եմ երեկ` «Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն» իմ այցի պահին նրանց առողջական վիճակի մասին եղած տեղեկատվությունը, երբ երկուսի առողջական վիճակն էլ գնահատվում էր ծանր:

Ցավոք, հիվանդներից մեկի վիճակը կտրուկ վատացել է (ինչը նաեւ այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է): Բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել»,- գրել է նա։

Արձանագրենք՝ լրագրողների հետ նրա ճեպազրույցը եղել է կեսօրից հետո՝ մոտավորապես ժամը 13.00-ի սահմաններում, առնվազն տարօրինակ է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների այս զարգացվածության դարաշրջանում նախարարը տեղյակ չէ իր ոլորտի օպերատիվ ինֆորմացիայից։

Սա դեռ քիչ է, լրագրողներին մեկ օր առաջվա տվյալներ է հաղորդում, այնինչ նա պարտավոր էր այդ տեղեկատվությանը տիրապետել ամենաօպերատիվ կերպով՝ հաշվի առնելով թեմայի կարեւորությունը։ Սա սովորական պացիենտի մասին տեղեկություն չէ, այլ ԵՊՀ հրդեհի, որ իսկական շոկ էր հասարակության համար։

Միայն գովելի է, որ նախարարը շտապել է ինքն իրեն ուղղել, բայց, միեւնույնն է, սա չի արդարացնում նրա անտեղյակությունը։

 

 

 

 

ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է

«ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ 2022 թվականի փետրվարի 10-ից ձեւավորված ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությունը վեց ամսով երկարաձգվել է, եւ լրացել է գործունեության ժամկետը 2023 թվականի օգոստոսի 10-ին: Այսինքն՝ օգոստոսի 11-ից այս հանձնաժողովը փաստացի գոյություն չունի, սակայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բացատրել է, թե երկու տարվա արձակուրդների ընթացքում հանձնաժողովը փաստացի չի գործել, ինչի պատճառով հանձնաժողովի աշխատանքը կամփոփվի դեկտեմբերին: «ԱԺ կանոնակարգ» օրենքը հստակ է սահմանում, որ միայն մեկ անգամ 6 ամսով երկարաձգելու հնարավորություն կա, եւ արձակուրդը չի կարող հիմք հանդիսանալ որեւէ մարմնի լիազորությունների ժամկետի երկարացման համար: Այս տրամաբանությամբ Ազգային ժողովն էլ պետք է 5.5 տարի գործի, որովհետեւ ամեն տարի մի ամիս արձակուրդում է: Քանի որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահպանումը եւ ԱԺ բնականոն գործունեությունը ապահովելու պարտավորությունն ունի միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հետաքրքրվեցինք՝ ինչ քայլեր է ձեռնարկում ԱԺ գործունեության ժամկետը լրացած հանձնաժողովի ըստ էության ապօրինի գործունեությունը չթույլատրելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից տեղեկացնում են. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծվել է 10.02.2022թ.։ 07.07.2022 թ. հանձնաժողովը դիմել է ՀՀ ԱԺ նախագահին գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգելու համար։ Նշենք, որ հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգման հարցը քննարկվում է ԱԺ նիստում. հարցը քննարկվել է 2022 թ. սեպտեմբերի առաջին նիստում, եւ երկարաձգվել է 6 ամսով։ Հանձնաժողովը գործունեությունը երկրորդ անգամ երկարաձգելու խնդրանքով դիմել է 02.04.2023թ.։ Այն ընդունվել է 2023 թ. մայիսի 3-ի նիստում՝ 6 ամսով մինչեւ սույն թվականի նոյեմբերի 3-ը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 եւ 2023 թվականների ամռանը պատգամավորները գտնվել են իրենց հասանելիք արձակուրդներում, եւ հանձնաժողովը փաստացի չի գործել իր ամբողջական կազմով, ուստի վերոնշյալ ժամանակահատվածների հաշվանցմամբ հանձնաժողովի լիազորությունները ավարտվելու են 2023 թվականի դեկտեմբերին՝ ՀՀ ԱԺ համապատասխան նիստում հանձնաժողովի զեկույցի քննարկումն ավարտելու պահին։ Նշենք, որ քննիչ հանձնաժողովը կազմելու եւ Ազգային ժողովին է ներկայացնելու համապատասխան զեկույց»։ ԱԺ նախագահի պարզաբանման մեջ էլ հստակ ժամկետ նշված չէ, թե երբ է ավարտվելու հանձնաժողովի աշխատանքը. գրված է՝ 2023թ. դեկտեմբերին: Սա նշանակում է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը խախտված է, ինչի համար իրավական երկրում Ալեն Սիմոնյանը պետք է պատժվեր: Նա փաստացի չի կարողանում ապահովել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահպանումը եւ ԱԺ բնականոն գործունեությունը:




Լրահոս