ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ. այս մասին նոյեմբերի 23-ին ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

 

Հարցին՝ առաջիկայում նախատեսված է արդյոք Միրզոյան-Բայրամով հանդիպում, նա արձագանքեց. «Այդպիսի տեղեկատվություն դեռեւս չկա»։

ԱԳ փոխնախարարը Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովի հերթական հանդիպումը համարում է Հայաստանի կողմից կառուցողականության դրսեւորում:

Հիշեցնենք՝ երեկ  հայտնի դարձավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանին, ըստ նախնական պայմանավորվածության, նոյեմբերի 30-ին կկայանա պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի հերթական նիստը։

Ադրբեջանի հետ բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների առկայությունը պարտադիր է:

«Կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը շատ կարեւոր դեր ունի», – ասաց նա։

Այդ հարցերը, ըստ փոխնախարարի, օրինակ, վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին։ «Այստեղ կարեւոր է միջազգային մեխանիզմների առկայությունը։ Դա մի հարց է, կան նաեւ այլ հարցեր, որտեղ երաշխիքները կարեւոր են: Մենք նշել ենք, որ այս պահին բռնի տեղահանված բնակչության իրավունքների հարցը բարձրաձայնվում է Հայաստանի կողմից բանակցություններում», – ընդգծեց Սաֆարյանը։

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարց չկա:

«Մենք բազմիցս նշել ենք, որ այս խնդիրը Ադրբեջանի կողմից ոչ կառուցողական մոտեցումների շարքին է վերաբերում»,-ասաց նա:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալուն՝ Մնացական Սաֆարյանը նշեց, որ այս փուլում եւ այս պահին ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կամ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցեր ՀՀ օրակարգում չկան՝ մեկնաբանելով ռուս պատգամավոր Զատուլինի կողմից հնչեցրած մտահոգությունները, որ առաջիկայում կդրվի Գյումրիից ռուսական բազան հանելու, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցը։

«Աշխատանքային հարաբերություններ են, բնականաբար, կան տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ, շարունակում ենք աշխատանքները դրանց անդրադառնալու, արձագանքելու ուղղությամբ»,- նշեց փոխարտգործնախարարը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպիսին են հիմա հայ-ռուսական հարաբերությունները՝ նկատի ունենալով նաեւ տարբեր պաշտոնյաների կողմից հնչող փոխադարձ քննադատությունները։

Փոխնախարար Սաֆարյանը նշեց, որ ՀԱՊԿ-ի տարբեր միջոցառումներին մասնակցելու որոշումը  ՀՀ-ն կայացնում է՝ ըստ նպատակահարմարության։

Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից արած այն հայտարարություններին, որ Հայաստանը քաղաքական վեկտոր է փոխում, փոխարտգործնախարարն ասաց. «Դրանք իրենց մոտեցումներն են, այդ մասով մենք հայտնել ենք մեր մոտեցումների մասին»։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Ավելի ուշ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ունեցած պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին: Նրա խոսքով` մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում, վերադառնում, հետո հաջորդ անգամ նորից գնում, նույն բաները կրկնում:

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱԿԱՐԳ» ՆԻՍՏ

Կառավարության նիստի ժամանակ՝ նոյեմբերի 23-ին՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, հոսանքի տատանում եղավ, եւ նիստերի դահլիճում էլեկտրաէներգիայի անջատում եղավ մի քանի վայրկյանով։

«Սա այն է, ինչի մասին Ձեզ ասում էի, պարո՛ն Սանոսյան. այսօր էլ եմ այս թեմայով խոսակցություն ունեցել  աշխատակազմի ղեկավարի հետ։ ՀՀ-ում էլեկտրական էներգիայի որակի հարցը բարձրացնում ենք ու այսպես էլ հետեւողական չենք լինում։ Ինչքա՞ն պետք է ես հանձնարարական տամ. չի կարելի 10 տարի նույն բանի մասին անընդհատ հանձնարարական տալ։

Մեր երկրում անորակ է էլեկտրական հոսանքը, այս շենքում՝ նույնպես, աշխատասենյակներում լույսերը թարթում են, ու ոչ մի անակնկալ չկա, որ հոսանքը գնում է»,- մթության մեջ բարկացավ Փաշինյանը՝  դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին:

 

 

 

 

ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովի բոլոր որոշումները լեգիտիմ են լինելու՝ չնայած հայկական կողմի բացակայությանը. այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը (փոխանցում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը)։

Արտգործնախարարը հաստատել է, որ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ «Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, քննարկել ենք, ի թիվս այլ հարցերի, այս հարցերն ու որոշումների կայացման մեխանիզմները։ Բոլոր որոշումները, որոնք այսօր կկայացվեն, միանգամայն օրինական են։ Կազմակերպության կանոններին եւ ընթացակարգին համապատասխան՝ որոշումներն ընդունվում են բոլոր անդամ երկրների համաձայնությամբ: Մենք պայմանավորվել ենք, որ գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երեւան, եւ, բնականաբար, բոլոր որոշումները, որոնք այստեղ վերջնական տեսքի են բերվել  հանձնաժողովի շրջանակներում, կփոխանցենք մեր հայ գործընկերներին, եւ  մենք հույսը դնելու ենք նրանց վրա, որ կմիանան նրանց»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Մինսկում կայանալիք գագաթնաժողովին հայկական կողմի բարձր ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետի չժամանելուն, Սերգեյ Ալեյնիկն ասել է, որ դրան պետք է հանգիստ վերաբերվել։

 

 

 

 

 

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

«Խնդիրները պետք է լուծել եւ քննարկել սեղանի շուրջ, այլ ոչ թե դեմարշի դիմել»,- երեկ ՀԱՊԿ ԽՎ նիստում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվել են երեկ մասնակցել այդ նիստին։

 

 

 

 

ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՆ Է

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը Մինսկում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումից հետո կայցելի Երեւան եւ հայկական կողմին կհանձնի ստորագրված փաստաթղթերը։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մեկնարկից առաջ հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։

«Մենք պայմանավորվեցինք, որ գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երեւան, եւ համաձայնեցման հանձնաժողովի շրջանակներում վերջնական լրամշակում անցած բոլոր որոշումները կփոխանցենք մեր հայաստանցի գործընկերներին եւ հույս կունենանք, որ նրանք կմիանան դրանց», – Բելառուսի ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում «ՏԱՍՍ»-ը։

Ալեյնիկը նշել է, որ ՀԱՊԿ-ի խնդիրն է պահպանել բոլոր անդամ երկրների համերաշխությունը։

«Այսօր ամենակարեւորը կազմակերպության բոլոր անդամների համերաշխությունն ու միասնությունը պահպանելն է։ Հենց դա էլ մենք, ըստ էության, ցույց տվեցինք երեկ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստի ժամանակ», – ասել է նա լրագրողներին։

Ալեյնիկը հավելել է, որ ՀԱՊԿ անդամ երկրներին հաջողվել է համաձայնության գալ Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացվելիք գրեթե բոլոր փաստաթղթերի շուրջ։

Մինսկում անցկացվող ՀԱՊԿ խորհրդի նիստին կմասնակցեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հյուրերին կընդունի 2023 թվականին ՀԱՊԿ-ում նախագահող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ Փաշինյանն այդ մասին տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հայաստանի պաշտոնյաները չեն մասնակցել նաեւ ՀԱՊԿ խորհրդի նիստին նախորդած նիստերին՝ ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների, անվտանգության խորհրդի քարտուղարների մասնակցությամբ։




Լրահոս