«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը եւ հարցաքննվել:
Հարցաքննությունը կապված է եղել Ռուբեն Վարդազարյանի կողմից հրավիրված ասուլիսում աղմկահարույց ձայնագրության հրապարակման հետ։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական բաժին, որտեղից մեզ իրավիճակի մասին չմեկնաբանեցին՝ նշելով, որ քրեական վարույթի շրջանակում հարցաքննվող անձանց վերաբերյալ տվյալներ չեն հայտնում։
Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրված ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ։ Աղմկահարույց զրույց-պահանջը տեղի էր ունեցել ընթրիքի սեղանի շուրջ, որին ներկա են եղել ոչ միայն Վարդազարյանն ու Ջհանգիրյանը, այլ նաեւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։ Հրապարակված ձայնագրությունից հասկանալի էր, որ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։
Ջհանգիրյանը Հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ հրաժարական տալուն տրամադրելու համար։ Ավելին՝ վերջինս հայտարարել է, որ ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ, ու ինքը հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ տվել»։
Աղմկահարույց ձայնագրությունից եւ առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ եւ ենթարկվել է վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը այդ խայտառակ ձայնագրությունից հետո առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում էր հրաժարական տալ: Եւ, ահա, հուլիսի 1-ին արդեն պաշտոնապես հաստատվեց Ջհանգիրյանի հրաժարականը: ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը դեկտեմբերին կարճվել էր՝ հանցանքի բացակայության հիմքով։
ՔԿ-ում վկայի կարգավիճակով վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաեւ ԲԴԽ արդեն նախկին անդամներ Ստեփան Միքայելյանը, Սերգեյ Չիչոյանը եւ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը: Ընդ որում` վերջին երկուսի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշում էր կայացվել: Նշված որոշման դեմ Վարդազարյանը բողոք էր ներկայացրել, սակայն մինչ բողոքը կստացվեր, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը սեփական նախաձեռնությամբ վերացրել էր քննիչի որոշումը՝ ըստ քննչական ենթակայության գործը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու որոշում կայացնելով։ Միեւնույն ժամանակ դատախազն արձանագրել է, որ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո ժամկետները չեն պահպանվել, քանի որ ավարտ հայտարարելու մասին տեղեկացնելուց հետո քննիչը ժամանակ չի տրամադրել բողոքարկման համար: Վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխվելուց հետո փաստացի սառեցված վիճակում պահվել է երեք ամիս, ապա՝ կարճվել՝ հանցանքի բացակայության հիմքով։ Գործի վարույթը կարճելու որոշումը դատական կարգով վիճարկվել է։ Արդյունքում Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, բավարարել է Վարդազարյանի ներկայացուցիչների բողոքը՝ վերացնելով գործի վարույթը կարճելու որոշումը։ Դատական ակտը չի վիճարկվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչի կողմից, ըստ այդմ՝ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել։ Այժմ վարույթը վերսկսվել է, ու նախկին պաշտոնյաները հարցաքննվում են:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ո՞Վ Է ՊԱՅԹՅՈՒՆԻ ԶՈՀԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե ԵՊՀ պայթյունի հետեւանքով 2-րդ մահացած անձը ով էր։ Վերջինս Ահարոն Հակոբյանն էր՝ ծնված 1957 թվականին։ Նա աշխատում էր ԵՊՀ-ում՝ իրականացնելով համալսարանի կանաչապատման աշխատանքները։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրել էր, որ մահացել է հիվանդանոց տեղափոխված պացիենտներից մեկը։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հայտնի է օրերս ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունից տուժածների անունները։
Այսպիսով, հիվանդանոց տեղափոխված անձանցից մեկը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ առաջին գումարտակի 2-րդ վաշտի լեյտենանտ Հայկ Ղազարյանն է՝ ծնված 1990 թվականին. վերջինս ծխահարվել է եւ այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Մյուս տուժածները ԵՊՀ աշխատակիցներ Սեյրան Բիչախչյանն է՝ ծնված 1953 թվականին, Ահարոն Հակոբյանն է՝ ծնված 1957 թվականին։
Իսկ, ահա, պայթյունի հետեւանքով մահացածը Երեւանի բնակիչ Ժորժիկ Խաչատրյանն է՝ ծնված 1950 թվականին Երեւանում։
Իսկ ի՞նչ վարկած է քննվում այս պահին իրավապահ համակարգում:
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն եւ ըստ նախնական վարկածի՝ Ս. Բիչախչյանը Երեւանի պետական համալսարանի նկուղային հարկում իրեն անհայտ ծագման նյութը փակ տարայից դատարկել է դույլի մեջ, ինչի հետեւանքով էլ առաջացել է այս պայթյունը։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԳՈՂԱՑԵԼ Է ԳՐՔԻ ՄԻՋԻՑ
Նոյեմբերի 22-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի շենքերից մեկի մի բնակարանից գողություն է կատարվել: Ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ նշված հասցե ոստիկանության Վաղարշապատի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ նոյեմբերի 21-ի ժամը 10:00-ից նոյեմբերի 22-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել նշված բնակարան եւ հյուրասենյակի պահարանի գրքի միջից գողացել 5000 դոլար: 84-ամյա տանտիրուհուց ընդունվել էր հաղորդում:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է էջմիածինցի 42-ամյա կինը: Նա Արագածի զանգվածի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գողոնի մի մասը՝ 200 դոլար: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է արարքը եւ հայտնել, որ գողոնի մյուս մասը՝ 4.800 դոլարը, իր տանն է:
42-ամյա կինը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻ» ՈՐՍ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս Սեւան քաղաքում խուլիգանություն կատարելու եւ ապօրինի թմրամիջոց պահելու համար ձերբակալվել եւ Նոր Նորքի բաժին են տեղափոխվել 4 անձ, որոնցից մեկը կին է եղել։ Ձերբակալված անձանցից մեկը Վիտալի Ավդիանին է՝ ազգությամբ վրացի «օրենքով գող»։ Իրավապահները «օրենքով գողի» մոտ հայտնաբերել են թմրանյութ։ «Օրենքով գողի» կնոջը բաց են թողել, իսկ մնացած 3 հոգին ձերբակալված են։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին «օրենքով գողերի ռազբորկա» է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Դավիթ Բեկի 111/30 հասցեում կրակոցներ են հնչել: Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել 13 անձինք, այդ թվում՝ Արսեն Երեւանսկին, իսկ մյուս մասնակիցներին փնտրում էին։ Ավդիանին իրավապահները ձերբակալել են Սեւանի ճանապարհին։
ՄԻՋԱԴԵՊԻ ՀԵՏՔԵՐՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 11-ին՝ Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջեւ առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։
Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ