ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վաղ առավոտից կառավարական երրորդ շենքի բակը բազմամարդ է։

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսկերպ քաղաքացիներն իրենց բողոքն էին արտահայտում։

Նախնական տվյալներով՝ բողոքի պատճառը եղել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների նվազումը եւ որակի փոփոխությունը:

Շրջակա միջավայրի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ իրենց բողոքն արտահայտող տնտեսվարողներին:

Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների հյուծման հետ կապված եւ ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդրման խնդիրների իրավակարգավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է նոր՝ «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող փակ շրջանառու համակարգ» հասկացություն, իսկ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է իրավական հիմք՝ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդրման կարգի սահմանման համար, որից եւ բողոքել են քաղաքացիները։

Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում  Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացրին, որ քննարկմանը ներկա ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են օրենքի նախագծի հետ կապված իրենց մտահոգությունները։

Նախարարը ներկայացրել է Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների ներկայիս վիճակը, մոնիթորինգային ուսումնասիրությունների արդյունքները եւ հույս հայտնել, որ տնտեսվարողները գիտակցում են, որ իրականացվող փոփոխությունները բխում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից, այն է՝ խնայել ջրային ռեսուրսները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները արդեն իսկ ձեւավորված աշխատանքային խմբի շրջանակում։ Նախարարը եւ բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողները պայմանավորվել են միասին քննարկել եւ համատեղ լուծումներ գտնել ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդրման հնարավորությունների վերաբերյալ։

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԱՐԴՅՈՔ ԹՌԻՉՔՆԵՐ ԿԼԻՆԵ՞Ն

«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ ապրիլի 1-ից հայկական ավիաընկերություններից գրեթե բոլորը չունեն չվերթներ Երեւանից դեպի Մոսկվա։

«Ժողովուրդ» օրաթերթը կապվել էր Քաղավիացիայի կոմիտեի հետ, որտեղից մեզ պատասխանել էին, որ նման խնդիր չկա. հնարավոր է՝ դա կապված լինի օդանավ շահագործող ավիաընկերությունների շահագործման թույլտվության հետ, որի համար մրցույթը պիտի լինի հաջորդ տարի։ Այժմ եւս հայկական ավիաուղիներում Երեւան-Մոսկվա չվերթներ կրկին չկան։

Հայկական ավիաընկերությունները մարտի 31-ից դեպի Մոսկվա չվերթներ չունեն։ Եղած չվերթներն էլ արդեն սպառվել են, եւ մարտ ամսի տոմսերը գրեթե սպառված են։

Սա դեռ ամենը չէ. Հայաստանը կարծես հրաժարվել է Ռուսաստան մեկնող չվերթներից, սակայն Ռուսաստանից Երեւան չվերթներ ռուսական ավիաընկերություններում կան մինչեւ 2024 թվականի նոյեմբերի 22-ը։

Հավելենք նաեւ, որ Ամանորի շեմին Մոսկվա-Երեւան եւ Երեւան-Մոսկվա չվերթի ավիատոմսերը կրկնակի թանկանալու են։ Օրինակ՝ դեկտեմբեր ամսվա սկզբին Երեւան-Մոսկվա չվերթի տոմսերի արժեքը տատանվելու է 42-ից 54 հազար դրամի սահմաններում։

Դեկտեմբերի 25-30-ին Երեւան-Մոսկվա չվերթի տոմսերի արժեքը տատանվելու է 114-130 հազար դրամի սահմաններում։

 

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ

Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան բնակավայրերի բնակիչները, որոնց անշարժ գույքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, եւս 5 ամիս (օգոստոսից դեկտեմբեր) սոցիալական օգնություն կստանան: Այս մասին որոշում կայացվեց կառավարության նոյեմբերի 23-ի նիստում:  Հիմնավորման մեջ նշվում է, որ, կառավարության որոշմամբ, 2021-ի փետրվարից մինչեւ 2023-ի հուլիս ամիսը ներառյալ այդ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000.0 դրամ) եւ ամենամսյա (68000 դրամ) դրամական օգնություն։ Այժմ ամենամսյա դրամական օգնության տրամադրման ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2023-ի դեկտեմբեր:

Սյունիքի մարզպետարանի տվյալների համաձայն՝ աջակցության ցուցակում ընդգրկված շահառուների թիվն անփոփոխ է՝ 38 անձ: Նախագծի ընդունման դեպքում ծրագրում ընդգրկված 38 անձի համար հինգ ամիսներին դրամական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ կլինի հատկացնել 12,92 մլն դրամ (38 x 5 x 68000=12,920.0 հազար դրամ):

Միաժամանակ առաջացել է անհրաժեշտություն ավելացնելու «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման ծառայությունների տրամադրում» միջոցառման գծով նախատեսված ֆինանսական միջոցները 1,600.0 հազար դրամով: Ավելացումը պայմանավորված է նվազագույն աշխատավարձի ավելացմամբ:

 

 

ԲԱԺՆԻ ՊԵՏԸ  «ԱՐԴԱՐԱՑՐԵԼ Է»

«Ժողովուրդ» օրաթերթը Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի ընտանիքին պատկանող ավտոլվացման կետի մասին գրել էր դեռեւս 2021թ. փետրվարին, երբ Սարգսյանը Դիլիջան համայնքի ավագանու անդամ էր։ Հաղարծին գյուղի հարավային ծայրին՝ գյուղը շրջանցող, սողանքի պատճառով չգործող միջպետական ավտոճանապարհի վրա՝ ապօրինի՝ առանց շինթույլտվության, ավտոլվացման կետ է կառուցվել, այն հիմա էլ աշխատում է։  Ավտոլվացման կետը կառուցված է այժմ գործող Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից մի քանի մետր հեռավորությամբ։ Դավիթ Սարգսյանը 2021-ի փետրվարին «Ժողովուրդ» օրաթերթին ասել է, որ ավտոլվացման կետը գրանցված է իր եղբայր, անհատ ձեռներեց Սասուն Սարգսյանի անվամբ, ինքը դրա բաժնետեր է։

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանն իր 2019թ. օգոստոսի գրությունով ավտոլվացման կետի վերաբերյալ հայտնել է, որ իր առաջին իսկ պահանջի դեպքում ապօրինի կառուցված ավտոլվացման կետը պետք է քանդվի. Դիլիջանի համայնքապետարանն ավտոլվացման կետի ապօրինի կառուցման համար 200 հազար դրամի չափով տուգանք է կիրառել։

ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ նրան հարցնելով՝ Հաղարծին գյուղում ապօրինի կառուցված ավտոլվացման կետը տարիներ շարունակ գործում է, ոստիկանության Դիլիջանի բաժինը ինչ միջոցներ է արդյոք ձեռնարկել այդ առթիվ։

Նոյեմբերի 17-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանի  ստորագրությամբ «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է պատասխան, որում նշված է. «Հաղարծին բնակավայրում գտնվող մայրուղուն մոտ առկա ավտոլվացան կետի տարածքի համար կա տրված թույլտվություն՝ որպես ժամանակավոր օգտագործման ծածկ։ Կատարված ուսումնասիրություններով ոչ մի անօրինական խախտումներ չեն հայտնաբերվել»։

Ի՞նչ է նշանակում «անօրինական խախտումներ», խախտումներն ինքնին ապօրինություն են, «ոչ մի անօրինական խախտումներ» բառակապակցությունը սխալ, անգրագետ է։ Անդրադառնանք իրավական հարցերին, որոնք Եփրեմ Գալստյանն անտեսել է՝ ո՞ւմ կողմից, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակով է տրվել տարածքը ժամանակավոր օգտագործման ծածկ օգտագործելու համար թույլտվությունը, այդ ժամկետն այժմ չի՞ ավարտվել, ժամանակավոր օգտագործման ծածկն ու ավտոլվացման կետը նո՞ւյն բանն են։

Հաղածին գյուղում ավտոլվացման կետը կառուցվել է ապօրինի, առանց շինթույլտվության։ Ոստիկանության Դիլիջանի բաժնի ուսումնասիրություններով խախտումներ չեն հայտնաբերվել, այդ դեպքում նախկինում Դիլիջանի համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը ինչո՞ւ է պահանջ դրել, որ իր առաջին իսկ պահանջի դեպքում ավտոլվացման կետը պետք է քանդվի, ապօրինի կառույցի կապակցությամբ 200 հազար դրամի չափով տուգանք է կիրառել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս