Լուսանկարը՝ համացանցից
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա, կլուսավորվեն Գորիսի ժայռերը: Ժայռերի լուսավության ծրագրի նախագծային աշխատանքները ավարտական փուլում են, ավարտից հետո կմեկնարկեն լուսավորության անցկացման աշխատանքները:
ԱՐԺՈՒՅԹ
ՀԱՐՑ. Ինչո՞վ են պայմանավորված ՀՀ դրամի փոխարժեքի տատանումները:
Սմբատ Վերդյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի եւ դրանց փոփոխությունների ազդեցության ներքո: Եթե արտահանման աճի կամ կապիտալի ներհոսքի հետեւանքով տվյալ ազգային արժույթի շուկայում ավելանում է արտարժույթի առաջարկը, ազգային արժույթի դիրքերն անհրաժեշտաբար ամրապնդվում են: Համապատասխանաբար, ներմուծման աճը կամ կապիտալի արտահոսքը նպաստում են ազգային արժույթի դիրքերի թուլացմանը: Արժութային շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը կարող է փոփոխվել նաեւ մի շարք այլ գործոնների ազդեցության ներքո, որոնցից են, մասնավորապես, կառավարության ծախսերը, կենտրոնական բանկի ինտերվենցիաները, արժութային կարգավորման ոլորտում օրենսդրական փոփոխությունները, էներգակիրների գների տատանումները, բնակչության մոտ ձեւավորվող սպասումները:
ՀՀ Կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փոխարժեքի փոփոխությունը կարող է լինել բավականին տեւական, երբ այն պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով (օրինակ՝ կայուն տնտեսական աճով պայմանավորված ազգային արժույթի արժեքավորումը), կարող է կրել սեզոնային բնույթ (երբ, օրինակ, ներմուծման ու արտահանման սեզոնները տարբեր են) եւ կարող է լինել կարճաժամկետ, երբ այն կարճաժամկետ գործոնների (օրինակ` կարճաժամկետ ֆինանսական ներհոսքի կամ արտահոսքի) ազդեցության արդյունք է:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Քոլեջի ո՞ր շրջանավարտը կարող է ուսումը շարունակել բուհի 2-րդ կուրսում եւ կրթության ի՞նչ ձեւով:
Զոյա Բադալյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քոլեջի՝ բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու գործընթացը կազմակերպվում է ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշմամբ:
Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է հետեւյալ կերպ` մինչեւ 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված hավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված hավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։
ՀՀ ԿԳՄՍՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն hավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 եւ ավելի տոկոս կազմող տարբերությունը:
Հավակնորդը կամ քոլեջը համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է բուհ մինչեւ տվյալ տարվա օգոստոսի 30-ը։
Հատկացված տեղերից ավելի դիմումների դեպքում սահմանված կարգով անցկացվում է մրցույթ: