Վերջին շրջանում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին բնորոշ ակտիվությունը, կարծես թե, նվազել է: Նախ՝ պարոն Հարությունյանը կորավ քաղաքական հորիզոնից, ապա նույնիսկ ներկա չգտնվեց «Բյուջե-2024»-ի քննարկմանը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Արայիկ Հարությունյանը գտնվում է արձակուրդում: Մամուլում սկսեցին տեղեկություններ պտտվել այն մասին, որ Հարությունյանը մեկնել է Միացյալ Նահանգներ: Աշխատակազմի ղեկավարը վերադարձավ արձակուրդից, սակայն նրա ներկայությունը այդպես էլ չզգացվեց. շատերը վստահաբար նաեւ մոռացել էին նրա մասին՝ կենտրոնանալով քաղաքական այլ կերպարների վրա, որոնք այդ պահի դրությամբ փաստացի ավելի ակտիվ գործունեություն են ցուցաբերում, քան երբեմնի ակտիվ ՔՊ-ական Հարությունյանը: Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բացումը, որին, բացի բռնցքամարտի ֆեդերացիայի տեղական ու միջազգային ներկայացուցիչներից, ներկա էին ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչը տրամաբանական է: Ներկա էր նաեւ նախարարի՝ սպորտի գծով տեղակալ Կարեն Գիլոյանը. սա եւս օրինաչափ է: Թերեւս այսքանը: 2022 թվականից ի վեր սպորտային եւ, առհասարակ, կարեւոր միջոցառումների «գլխին կանգնած» Արայիկ Հարությունյանը բացակայում էր: Նշենք, որ 2022 թվականի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը (EUBC 2022), ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը (EWC 2023), բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը (EUBC 2023) եւ մի շարք այլ կարեւոր նախագծերի իրականացում վստահված է եղել Արայիկ Հարությունյանին, որն էլ լավ թե վատ միջոցներով ու ձեւերով, սակայն, ի վերջո, հավուր պատշաճի կարողացել էր կազմակերպել այնպես, որ գլխիկոր չհեռանան Հայաստան եկած հյուրերը: Այլ կերպ ասած՝ միջոցառումների կազմկոմիտեի ղեկավարը միշտ եղել է Հարությունյանը: Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, սակայն, հեղափոխիչ էր. այս անգամ, կարծես թե, կազմկոմիտեի ղեկավարը Ժաննա Անդրեասյանն է: Դասագրքերի տապալված տպագրությամբ ու համալսարանների անվտանգային համակարգերի անտեղյակությամբ հայտնի նախարարն այսօր միջազգային միջոցառման կազմակերպիչ է: Իսկ ինչո՞ւ է ամեն բան այսպես դասավորվել՝ դեռեւս հայտնի չէ: Հավելենք, որ երկար դադարից հետո ՀՀ կառավարության պաշտոնական էջում միայն նոյեմբերի 23-ին հայտնվեց աշխատակազմի ղեկավարը, այն էլ՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) Հարավային Կովկասի համագործակցության տարածաշրջանային տնօրեն Բարբարա Բոենի Սլաթսի ղեկավարած պատվիրակությանը ընդունելիս եւ բավականին հյուծված տեսքով:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որը մշտապես ԱԺ ծեծկռտուքների էպիկենտրոնում է հայտնվում, հայտարարագրել է 1 անշարժ գույք։ Միանձնյա սեփականությամբ հողամասը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, որը ձեռք է բերվել 2011 թվականին։ Համբարձումյանը որպես անշարժ գույք բնակարան կամ անհատական բնակելի տուն չի հայտարարագրել։ Հարց է, թե որտեղ է ապրում Համբարձումյանը։ Կարեն Համբարձումյանը հեղափոխությունից հետո մի քանի ամիս զբաղեցրել է Սյունիքի մարզպետի պաշտոնը: Նրա աները Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն է: Համբարձումյանը 2006-2018 թթ. ԲՀԿ անդամ է եղել, 2011 թվականից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, սակայն մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո նա հեռացավ ԲՀԿ-ից եւ արդեն «Իմ քայլ»-ի կազմում դարձավ պատգամավոր, այժմ էլ ութերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր է: Սակայն հետաքրքիր է, որ ԲՀԿ-ից լինելու եւ հենց այդ քվոտայով մարզպետ նշանակվելու փաստը ԱԺ պաշտոնական կայքում առկա նրա կենսագրությունից խնամքով թաքցված է: Նրա տարեկան եկամուտները կազմել են 7 մլն 513 հազար դրամ, որ միայն աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 89 դրամ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1 մլն 200 հազար դրամ։ Համբարձումյանը 2018 թվականին հայտարարագրել է 2012 թվականի արտադրության, Mercedes Benz մակնիշի մեքենա։ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր՝ ԲՀԿ-ի քվոտայով մարզպետ դարձած, ապա ճամբարափոխ եղած Կարեն Համբարձումյանն իրեն բավական ակտիվ է դրսեւորել 2021 թվականի օգոստոսի 30-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ: Տեսանյութերից եւ ՀՔԾ ուղարկված հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Կարեն Համբարձումյանը 1 անգամ ձեռքով եւ առնվազն 2 անգամ ոտքով հարվածում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն Երեւանի քաղաքապետարանի միջադեպի քրեական գործով ուսումնասիրում է լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տեսանյութերի հրապարակումից հետո կսկսի ծանուցումներ ուղարկելու գործընթացը։ Ասել է թե՝ սպասվում է հարցաքննությունների տեղատարափ։ Հետաքրքիր է՝ արդյոք կոմիտեն այս միջադեպով մինչեւ վերջ կգնա, ու պատասխանատվության ենթարկվողներ կլինեն, թե Հակակոռուպցիոն կոմիտեի օրինակով Ազգային ժողովում պատգամավորների ծեծկռտուքի դեպքի նման այն կկարճի: Հիշեցնենք, որ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 11-ին՝ Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջեւ առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով Արցախից Հայաստան տեղափոխված պատգամավորները մտադիր են հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Ինչպես տեղեկացանք, նիստի օրակարգը եւ անցկացման հստակ օրը դեռ որոշված չէ. քննարկումներ են ընթանում այս մասով: Մեր տեղեկություններով՝ Արցախի բոլոր խմբակցությունները նախնական տվել են իրենց համաձայնությունը՝ նիստին մասնակցության մասով: Թե ինչ արդյունք կտա Արցախի Ազգային ժողովի նիստը, ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում, ցույց կտա ժամանակը: