ԲԵԳԼԱՐՅԱՆԸ՝ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քարտ-բլանշ է տվել թշնամուն, որպեսզի ագրեսիա իրականացնեն. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

 

Մեզ հետ զրույցում նա հայտարարեց, որ այս պահի դրությամբ դեռ նախադրյալներ չի տեսնում Արցախի՝ ապօրինի գերեվարված նախագահների եւ պաշտոնյաների վերադարձի համար:

-Պարո՛ն Բեգլարյան, Արցախը փաստացի տարիներ շարունակ պայքարից հետո հայտնվեց մի իրավիճակում, երբ այն ամբողջությամբ հայաթափված է: Ըստ էության, պատմության մեջ առաջին անգամ  է սա տեղի ունենում: Ինչո՞ւ հասանք այս իրավիճակին: Ի՞նչ կատարվեց: Իշխանություններն ասում են, որ Արցախում տեղի ունեցող վերջին օրերին քաղաքական իրադարձությունները հանգեցրին այս ամենին՝ նկատի ունենալով նախագահական ընտրությունները: Ընդդիմադիրներն էլ, հակառակը, իշխանության ուղղությամբ են պարզում իրենց սլաքները: Ի՞նչ կատարվեց, ի վերջո:

-Մի շատ մեծ հետազոտության եւ բազմահատոր գրքի չափ հարց եք տալիս: Ես բավարար տվյալներ չունեմ այդ հարցին պատասխանելու համար, բայց ընդհանուր պատկերն առկա է: Ընդհանուր պատկերը սա է. աշխարհաքաղաքական միջավայրը դրան հանգեցրեց, որը օբյեկտիվ արտաքին գործոնների համակարգն է. այսպես ասած, դա Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունն է, միջազգային իրավակարգի առկա փլուզումն է, Ադրբեջանի եւ Թուրքիայի ուժեղացումն է տարածքում ռազմաքաղաքական առումով, բայց եթե խոսենք այն գործոնների մասին, որոնք կախյալ փոփոխական են, այլ կերպ ասված՝ մեր ազդեցության տակ գտնվող փոփոխականներ են, դրանց մեջ գլխավոր ռազմավարական նշանակության գործոնը եղել է Հայաստանի Հանրապետության կողմից Արցախը Ադրբեջանի կազմի մեջ ճանաչելը: Սա քարտ բլանշ է տվել Ադրբեջանի իշխանություններին, ներքին  հարց դիտարկել, հարձակվել, ձերբազատվել Հայաստանի Հանրապետության դիմադրության ռիսկերից, եւ նաեւ միջազգային հանրության համար արդեն հստակ հիմք է եղել, որ ասեն, այո, Ադրբեջանի ներքին հարցն է, իրենք պետք է որոշեն, այնինչ մինչեւ այդ պահը Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հիմնական սուբյեկտ, Արցախի ժողովրդի անունից խոսելու, իրավունքներն ու շահերը պաշտպանելու, եւ երբ Հայաստանի Հանրապետությունը այդ սուբյեկտի դերից հրաժարվեց, արդյունքում ստացվեց, որ Արցախի իշխանությունները այն չէին կարող լրացնել, որովհետեւ բավական ռեսուրսներ մենք չենք ունեցել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ»

Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առնչությամբ Ադրբեջանի առաջին արձագանքն այն է, որ իրենք, կարծես, այլեւս հետաքրքրված չեն այդ նախագծով, որովհետեւ հաղորդակցությունների բացման նախագիծն իրականացնում են Իրանի հետ:

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու տեսահարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչվելու դեպքում մաքսային եւ սահմանային վերահսկողությունը հենց Հայաստանի սահմանապահների ու մաքսայինների կողմից է իրականացվելու:

Փաշինյանն ընդգծեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներից մեկը հետեւյալն է՝ յուրաքանչյուր երկիր իր պետական ինստիտուտների միջոցով իր տարածքում իրականացնում է սահմանային մաքսային հսկողություն եւ ապահովում է անվտանգություն:

«Սա է այն առաջարկը, որ մենք անում ենք մեր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին, Վրաստանին: Եվ Ադրբեջանի առաջին արձագանքը հետեւյալն է, որ իրենք, կարծես, այլեւս հետաքրքրված չեն այդ նախագծով, որովհետեւ իրենք կոմունիկացիաների այդ նախագիծն իրականացնում են Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Մենք բացարձակապես դեմ չենք, բայց մեր առաջարկը դա է: Մեր առաջարկը ընդունելու դեպքում այդ նախագիծը կիրականացվի»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց եւս մեկ կետի մասին, որ փոխադարձության հիման վրա՝ ընթացակարգերի պարզեցումներ կարող են տեղի ունենալ: Այդ պարզեցումները պետք է լինեն նախագծին մասնակցող բոլոր երկրների համար եւ բոլոր երկրների տարածքում:

Անդրադառնալով քաղաքացու դիտարկմանը, մտահոգությանը, որ «Զվարթնոց» օդանավակայանում առկա են ռուս սահմանապահներ՝ վարչապետն ասաց, որ դա ուրիշ դեպք է, ունի նախապատմություն: «Բայց նաեւ մեր քաղաքականությունը հետեւյալն է՝ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը նաեւ ինստիտուցիոնալ առումով գնալով պետք է ավելանա: Եվ «Խաղաղության խաչմերուկ»-ն այդ դեպքերից է»,-նշեց նա:

 

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում որոշվել է սակագնային արտոնություն տրամադրել 2024 եւ 2025 թվականների ընթացքում Հայաստան ներմուծվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար: Հայաստանի համար քվոտան սահմանվել է տարեկան ութ հազար տրանսպորտային միջոց:

 

 

 

ԱՄՓՈՓԻՉ ԺՈՂՈՎ ԿՈՒՆԵՆԱՆ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ամփոփիչ ժողովը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին եւ 16-ին Գյումրիում:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը:

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ն դեկտեմբերին 3-րդ՝ ամփոփիչ քաղաքական ժողովն է անելու՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Այս օրերին ՔՊ-ում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. քննարկվում են քաղաքական ժողովի անցկացման օրվա, տեղի եւ օրակարգի հետ կապված հարցեր:

Նշենք, որ կուսակցության քաղաքական ժողովին մասնակցում են կուսակցության վարչության անդամները, կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, ինչպես նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:

 




Լրահոս