ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ. ԱՆԿԼԱՎՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԵՂԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անկլավների հարց, այո՛, կա, բայց ի՞նչ է նշանակում այդ հարցը, եւ որտեղի՞ց կա, եւ ինչո՞ւ կա»,- նոյեմբերի 24-ին՝ ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ, նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Խաղաղության պայմանագրի սկզբունքներից մեկն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի տրածքների վրա, եւ երբ ասում ենք Հայաստանի 29 800 քկմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն էքսկլավ/անկլավները, որոնք ԽՍՀՄ ժամանակ պատկանել են Ադրբեջանին, եւ Հայաստանի 29 800 քկմ-ի մեջ   մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է շրջափակված Ադրբեջանի տարածքով: Այս հարցը պետք է ինչ-որ ձեւով հասցեագրվի: Եթե ես ուզենամ էլ, չեմ կարող ասել, որ նման հարց չկա: Արծվաշենը ինքնիշխան Հայաստանի տարածք է, ես չեմ կարող ուղղակի ասել՝ ՀՀ ինքնիշխան տարածքի այս կտորի հետ գործ չունենք: Երբ մենք  Արծվաշենի հարցը բարձրացնում ենք, Ադրբեջանն էլ իր հերթին բարձրացնում է այն անկլավների հարցը, որը, իր բնութագրմամբ եւ ԽՍՀՄ քարտեզներով ու որոշումներով, դե յուրե գոյություն են ունեցել: Եթե ասենք՝ անկլավի հարց չկա, ուրեմն պետք է ասենք, որ էքսկլավի հարց էլ չկա, Արծվաշենի հարց էլ չկա, բայց երկու հարցն էլ կա: Խաղաղության գործընթացում այդ երկու հարցերը պետք է կարգավորվեն»,-ասաց Փաշինյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ նա ընդգծեց, որ այս խնդրի լուծման մի քանի տարբերակ կա. «Ասենք, մենք վերահաստատում ենք մեր ինքնիշխանությունը Արծվաշենի նկատմամբ, Ադրբեջանը՝ այն դե յուրե գոյություն ունեցած անկլավների նկատմամբ: Այստեղ բազմաթիվ հարցեր կան: Նախ՝ պետք է այդ էքսկլավի տարածքը գծել, վերահաստատել: Երկրորդ՝ մենք անմիջական սահման Արծվաշենի հետ չունենք, ո՞նց ենք մեր սահմանից մինչեւ Արծվաշեն տարածքն անցնելու, համապատասխանաբար Ադրբեջանն էլ՝ իր պարագայում: Այստեղ առաջանում են շատ խնդիրներ:

Այստեղ կարելի է այլ լուծում գտնել, որ այն էքսկլավները, որոնք պարփակված են Հայաստանի տարածքով, սկսում են համարվել դե յուրե ՀՀ տարածք, այն տարածքները, որոնք պարփակված են Ադրբեջանի տարածքով, սկսում են համարվել Ադրբեջանի տարածք: Բայց սա արդեն կոնկրետ պայմանագրի թեմա է, որը պետք է նաեւ ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացվի»,- ընդգծեց Փաշինյանը:

Հավելենք, որ վարչապետը հայտարարեց, որ բանակցություններում եղել են այդ թեմայով քննարկումներ. «Այս պահին այս թեմայով շատ կոնկրետ, առարկայական պայմանավորվածություն, համաձայնություն չկա: Եթե մենք գործողություն անելու կլինենք, դուք այդ մասին կիմանաք, մենք կքննարկենք»:

Նա վստահեցրեց, որ այս խնդրի լուծման որեւէ տարբերակ չկա, որից բխող զուգահեռ լուծումները տեղում հնարավոր եւ մտածված չլինեն. «Այս հարցի շուրջ լարվածությունները շատ ավելին են, քան արժի, որ այս խնդրի վերաբերյալ լարվածություն ունենանք»:

 

 

 

ԸՆՏՐՎԵՑ ՆԱԽԱԳԱՀ

Գրեթե 4 տարի առաջ՝ 2019 թվականի հոկտեմբերի 17-ին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը ընտրվեց Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ:

Երեկ արդեն Հայրապետյանը ֆեյբուքյան իր էջում հայտնել է, որ իր պաշտոնավարման ժամկետը լրացել է, եւ ինքն այլեւս Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահը չէ:

«Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը՝ որպես Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ ԵՇՖ հերթական համաժողովում 31 կողմ ձայնով ֆեդերացիայի նոր նախագահ միաձայն ընտրվեց Արթուր Դավթյանը, որին մեծ հաջողություններ եմ մաղթում այս կարեւոր գործում։

Ավելի ուշ կներկայացնեմ 4-ամյա իմ պաշտոնավարման ընթացքում Երեւանի շախմատի ֆեդերացիայի գործունեության եւ գրանցած արդյունքների, նվաճումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն»,- գրել է նա։

 

 

 

 

ՀՐԱՎԻՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խավիեր Միլեյին Արգենտինայի Հանրապետության  նախագահ ընտրվելու առիթով:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Արգենտինայի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ։

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում, հաջողությամբ հաղթահարելով բոլոր առկա մարտահրավերները, Դուք եւ Ձեր քաղաքական թիմը կկարողանաք ամրապնդել Արգենտինայի Հանրապետության դիրքերը միջազգային ասպարեզում, իսկ Արգենտինայի հայ համայնքը կշարունակի իր ավանդն ունենալ երկրի հզորացման գործում։

Մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն առնչվող հարցերում եւ ազատ տնտեսական հարաբերությունների կառուցման գործում Հայաստանը վստահելի գործընկեր է Արգենտինայի համար։

Առիթը պատեհ համարելով՝ հրավիրում եմ Ձեզ պաշտոնական այց կատարել Հայաստան Ձեզ հարմար ժամկետներում։

Վստահ եմ, որ մեր երկրների միջեւ ջերմ հարաբերություններն ունեն դեռեւս չբացահայտված մեծ ներուժ։ Իմ պատրաստակամությունն եմ հայտնում միասնական աշխատանքի շնորհիվ կառուցել առավել հավակնոտ օրակարգ եւ զարգացնել հարաբերություններն Արգենտինայի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով»։

 

 

 

 

ԵԼՈՒՅԹԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տարված է Հայաստանով։

Բոլոր ելույթները, բոլոր հանդիպումները, բոլոր հարցազրույցները մշտապես հանգեցնում են Հայաստանի հետ վիրտուալ վեճի: Այս անգամ էլ, Բաքվում ելույթ ունենալով Կենտրոնական Ասիայի տնտեսությունների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի (SPECA) գագաթնաժողովում, Ադրբեջանի ղեկավարը չկարողացավ զսպել իրեն եւ չխոսել այդ թեմայով։

«Աշխարհում կան բազմաթիվ անհաջող, կախյալ երկրներ, որոնք ցանկանում են միաժամանակ նստել երկու կամ ավելի աթոռների վրա, ծառայել մի քանի տիրոջ եւ իրենց վերածել ավելի մեծ պետությունների առճակատման ասպարեզի։ Դրանցից մեկն Ադրբեջանի հարեւան Հայաստանն է։ Նման երկրները բառի իրական իմաստով անկախ կոչել չի կարելի։ Նման երկրների քաղաքականությունը հիմնված չէ իրենց ժողովրդի կամքի վրա, նրանց ճակատագիրը դրսի հովանավորների ձեռքում է։ Իսկ SPECA-ի անդամ երկրներն իսկապես անկախ երկրներ են, քանի որ վարում են անկախ արտաքին եւ ներքին քաղաքականություն»,- ասել է Ալիեւը։ Եվ նա շատ նմանվեց Գավրիլինին՝ «12 աթոռի» կերպարին. «Ընդունելությունից ոգեւորված Գավրիլինը, առանց հասկանալու, թե ինչու, հանկարծ սկսեց խոսել միջազգային իրավիճակի մասին։ Նա մի քանի անգամ փորձեց իր զեկույցն ուղղել տրամվայի ռելսերի երկայնքով, բայց սարսափով նկատեց, որ չի կարող դա անել։ Խոսքն ինքնին, հակառակ բանախոսի կամքին, ինչ-որ տեղ միջազգային էր ստացվում»։

 

 

 

 

ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԿԳԱ՞ՆՔ

Հայաստանի իշխանությունների արձանագրումները ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի դե-ֆակտո գործողությունները կամ անգործությունները չեն հասցեագրում Հայաստանի Հանրապետության նկատմամբ նրա ունեցած պարտավորությունները։

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չեն կայացնում, արդյոք քաղաքական կամք չկա։ Նրա խոսքով՝ քաղաքական կամք կա, եւ, ըստ անհրաժեշտության, որոշում է կայացվելու, որը կբխի  Հայաստանի Հանրապետության շահերից։

«Ինչո՞ւ չենք կայացնում եւ կայացնելո՞ւ ենք արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում։ Մենք կողմնորոշվելու ենք՝ ելնելով Հայաստանի պետական շահերից։ Եթե այս պահին որեւէ որոշում կայացրել կամ չենք կայացրել, մեր ուղենիշը, որի նկատմամբ կողմնորոշվում ենք, Հայաստանի պետական շահն է։ Մեր արձանագրումները ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի դե-ֆակտո գործողությունները կամ անգործությունները չեն հասցեագրում Հայաստանի Հանրապետության նկատմամբ նրա ունեցած պարտավորությունները։ Այսինքն՝ այս իմաստով ՀԱՊԿ-ի գործողությունները համապատասխան չեն Հայաստանի շահերին։ Եվ մենք այս հարցը բարձրացնում ենք թափանցիկ ձեւով»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը ցանկանում է մինչեւ վերջին հնարավորությունը անել ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու եւ իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար:

 

 




Լրահոս