Երևանի բյուջեով աղբահանությանը տրամադրվող միլիոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի բյուջեի նախագիծն արդեն ներկայացված է հանրային քննարկման Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։
Հանրային քննարկման ժամկետը մինչեւ դեկտեմբերի 5-ն է, դրանից հետո նախագիծը քննարկվելու է Երեւանի ավագանիում՝ դեկտեմբերի 26-ին կայանալիք նիստում։

Ըստ ներկայացված բյուջեի նախագծի՝ աղբահանություն եւ սանիտարական մաքրում ծրագրին հատկացվել է 104 մլն դրամ: Ծրագրով նախատեսված ցուցանիշը ավել է 2023 թվականի հաստատված բյուջեի ցուցանիշից 54 մլն դրամով:

Աղբամուղերի սպասարկման եւ շինարարական աղբի տեղափոխման ծառայություններ ծրագրով նախատեսվել է 231 մլն դրամ: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել վարչական շրջաններում հավաքված (լքված) շինարարական աղբի բարձումն ու տեղափոխումը:

Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի պահպանման ծախսեր ծրագրով նախատեսվել է 5 մլրդ դրամ, որով նախատեսվում է իրականացնել Երեւան քաղաքի աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները: «Երեւանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» ծրագրի շրջանակներում մասհանումների գծով մարումների տրամադրում ծրագրով նախատեսվում է նոր աղբավայրերի կառուցման շրջանակներում կնքված ենթավարկային մարումների նպատակով 14 մլն դրամի չափով սուբսիդավորել պայմանագրի կողմ հանդիսացող «Երեւան քաղաքի նոր աղբավայր» ՓԲԸ-ին:

«Երեւան քաղաքի նոր աղբավայր» ՓԲԸ-ի միակ սեփականատերը Երևան համայնքն է։ Հուսանք նման միլիոններ տրամադրելուց հետո Երևանը չի ունենա աղբահանության խնդիր։

Էմմա Միքայելյան




Լրահոս