Vivaro-Bet-ի աշխատակիցները թմրանյութ են օգտագործում. ինչ են բացահայտել իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ Հարութ Ռուստամի Նազարյանին մեղադրանք է առաջադրվել:

Նա և Հարություն Գրիգորի Հովհաննիսյանը համագյուղացիներ և ընկերներ են։ Հարութ Նազարյանն աշխատել է Եղեգնաձորի մարզադպրոցում որպես վոլեյբոլի ուսուցիչ, ինչպես նաև՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող «Vivaro Bet» օնլայն խաղադրույքների գրասենյակում որպես օպերատոր-գանձապահ։

Հարություն Հովհաննիսյանը հաճախակի գնացել է Հարութ Նազարյանի աշխատավայր հանդիսացող «Vivaro Bet» օնլայն խաղադրույքների գրասենյակ, որտեղից Հարութ Նազարյանին իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի, 37 PU 596 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով տարել է տուն։ 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Հարություն Հովհաննիսյանը գնացել է «Vivaro Bet» օնլայն խաղադրույքների գրասենյակ, գրասենյակում Հարութ Նազարյանը եղել է միայնակ, մոտ 10 րոպե գրասենյակում մնալուց հետո Հարութ Նազարյանըը փակել է գրասենյակը, և 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Հարություն Հովհաննիսյանի վարած ավտոմեքենայով մեկնել են Գլաձոր՝ տուն գնալու համար։

Ավտոմեքենայի մեջ գտնվելու ընթացքում Հարութ Նազարյանը Հարություն Հովհաննիսյանին հայտնել է, որ իր մոտ «Պլան» կա, որը ցանկանում է օգտագործել և առաջարկել է իր հետ ծխելու եղանակով այն օգտագործել, ինչից Հարություն Հովհաննիսյանը չի հրաժարվել։ Հարութ Նազարյանը, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ Կառավարության՝ 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, այն է՝ չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի շրջանառություն իրականացնելու՝ թմրամիջոց իրացնելու թույլտվություն, 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 23.00-ից մինչև ժամը 23.45-ն ընկած ժամանակահատվածում, Հարություն Հովհաննիսյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի, 37 PU 596 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Եղեգնաձոր քաղաքից Գլաձոր գյուղ գնալու ճանապարհին իր կողմից դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք բերված կանեփի բուսական մանրացված զանգվածին ծխախոտի մասնիկներ խառնելու եղանակով պատրաստել է տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ տեսակի թմրամիջոց։

Դրա մի մասը լցրել է «L&M» տեսակի ծխախոտի գլանակի մեջ և Գլաձոր գյուղի հուշարձանի տարածքում հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացրել է Հարություն Հովհաննիսյանին, իսկ մնացած՝ 0.28 գրամ քաշով «տետրահիդրոկաննաբինոլ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոցը փաթեթավորել է թղթի մեջ ու պահել իր կիսաթև վերնահագուստի ծոցագրպանում։

Գլաձոր համայնքի հուշարձանի մոտ հասնելուց և մեքենան կայանելուց հետո տեսնելով, որ փողոցում ոչ ոք չկա՝ Հարութ Նազարյանը վառել է թմրամիջոցով լցված գլանակն ու սկսել ծխելու եղանակով օգտագործել։ Մի քանի ծուխ տալուց հետո այդ գլանակը փոխանցել է Հարություն Հովհաննիսյանին, ով սկսել է ծխելու եղանակով դրանից օգտագործել և կրկին փոխանցել է Հարութ Նազարյանին և այդպես շարունակ այնքան ժամանակ են այն միմյանց փոխանցել մինչև թմրամիջոցով լցված գլանակն ամբողջությամբ ծխել են, որից հետո Հարութ Նազարյանն իջել է մեքենայից և ծխախոտի այրված գլանակի մնացորդը գցել է փողոցի կողքով անցնող ոռոգման ջրի համար նախատեսված առուն, որպեսզի ջուրը տանի և հետքեր չմնան։

Ստացված տեղեկություններն իրացնելիս Հարութ Նազարյանը և Հարություն Հովհաննիսյանը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 2023թ. ապրիլի 4-ին՝ ժամը 23:45-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցների կողմից Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի գյուղամիջյան ճանապարհից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ Հարութ Նազարյանի հագին եղած սև գույնի կիսաթև բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է սպիտակ փաթեթ՝ ընդհանուր 1.24 գրամ քաշով, որի մեջ եղել է դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգված:

Հարութ Նազարյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, հանդիսանում է կանեփի թփերից պատրաստված թմրամիջոց, որից նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, Գլաձոր բնակավայրի տարածքում հյուրասիրելու միջոցով իրացրել է Հարություն Հովհաննիսյանին։

Վերջինս հայտարարել է, որ Հարութ Նազարյանն իր մոտ առկա կանեփի բույսի թփերից պատրաստված թմրամիջոցից 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Գլաձոր բնակավայրի տարածքում իրացրել է իրեն։

Քնար Մանուկյան




Լրահոս