44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեությունը 3-րդ անգամ երկարացնելը օրենքի պահանջի եւ իրավակարգավորումների խեղաթյուրում է. սահմանադրագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն վաղը՝ դեկտեմբերի 3-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը կավարտի իր աշխատանքը եւ կսկվի ամփոփիչ զեկույցը գրելու փուլը:
Հանձնաժողովը ստեղծվել էր 2022թ-ի փետրվարի 10-ին՝ «Քաղաքացիական նայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ:

Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածի՝ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկու անգամ հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեցական ամսով:
Այս հանձնաժողովի գործունեությունն արդեն երկու երկարացվել է՝ 2022թ-ի հոկտեմբերին 5-ին և 2023 թ. մայիսի 3-ին հանձնաժողովի գործունեությունն արդեն երկրորդ անգամ էր 6 ամսով երկարաձգվել, այսինքն՝ այն այլևս չէր կարող երկարաձգվել:

Չնայած սրան՝ ժամկետը լրանալուց հետո հանձնաժողովը դեռ շարունակում էր իր գործունեությունը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովն ապօրինի է գործում, քանի որ դրա լիազորությունները օգոստոսի 11-ից ավարտվում են:

Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան Արծվիկ Մինասյանի հայտարարությունների գրություն-պարզաբանում էր ներկայացրել , թե 2023թ-ին ամռանը պատգամավորները՝ այդ թվում հանձնաժողովի անդամները, արձակուրդում են եղել, չեն կարողացել իրենց լիազորություններն իրացնել, ուստի հանձնաժողովի գործունեությունը պետք է երկարացվի, փաստացի, արդեն երրորդ անգամ:

ArmLur.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Գոհար Մելոյանը նշում է՝ հանձնաժողովի գործունեությունն արդեն 3-րդ անգամ երկարացնելը օրենքի պահանջի եւ իրավակարգավորումների խեղաթյուրում է.

«Իրավիճակը հետեւյալն է՝ ունենք գործող հանձնաժողով, որն օրենքի շրջանակներում երկու անգամ օգտվել է հնարավորությունից եւ 6-ամսյա ժամկետով երկարացրել է իր գործունեությունը: Այս պահի դրությամբ՝ այդ 6-ամսյա ժամկետն ավարտվել է, ինչը քննիչ հանձնաժողովի լիազորությունների դադարեցման հիմքերից է:

Խնդրահարույց է, որ հանձնաժողովի նախագահը, ըստ ներկայացված գրությունների, ժամկետը արդեն 3-րդ անգամ երկարաձգելը գրությամբ հիմնավորում է, թե այս 6-ամսյա ժամկետների միջակայքում պատգամավորներն արձակուրդի մեջ են եղել, այդ պատճառով հնարավորություն չեն ունեցել քննիչ հանձնաժողովի լիազորություններն իրացնելու:
Սա հերթական անգամ օրենքի պահանջի եւ իրավակարգավորումների խեղաթյուրում է: Այս հարցերը հստակ կարգավորված են օրենսդրությամբ: Հիմա ստացվում է, իշխող ուժը հերթական անգամ մանյովրում է եւ լիազորությունների ոչ պատշաճ իրացումն արդարացնելու կամ իրենց համար ցանկալի պրոցեսը շարունակելի դարձնելու համար օրենք է խախտում:

Սա կարելի է որակել քաղաքական նպատակահարմարություն կամ մասնագիտական փնթիություն, որ, ունենալով այդքան ժամկետ, այնուամենայնիվ, լիազորությունների ոչ պատշաճ կատարումն արդարացնում են տարամեկնաբանություններով եւ կրկին փորձում են օրենքի տառից խուսանավել»-ասաց սահմանադրագետը:

Ամփոփելով ստեղծված իրավիճակը՝ Գոհար Մելոյանը նշում է՝ սա հերթական անհեթեթ եւ իրավական պետությանը ոչ հարիր գործընթացն է:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս