
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 45-ամյա Արթուր Գ.-ն, իր վարած վրացական համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Վարդանանց փողոցում՝ Սախարովի անվան հրապարակում, բախվել է Սախարովի արձանի բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը՝ վարորդին, ով եղել է շոկային իրավիճակում, օգնության է հասել այդ պահին նշված հատվածով անցնող Էդգար անունով երիտասարդ տղա: Նա ավտոմեքենայից մեծ դժվարությամբ կարողացել է վարորդին դուրս բերել ու մինչ շտապօգնության ժամանումը՝ տեղում առաջին օգնություն է ցուցաբերել:
Տուժածն այնուհետ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած կրակը, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: