Հունվարի 1-ից կմեկնարկի 2023 թվականի հայտարարատու տարվա հայտարարագրերի լրացման փուլը։ Պաշտոնատար անձինք պարտավոր կլինեն ներկայացնել 2023 թվականի իրենց ունեցվածքը։
Ներկայացնենք ՔՊ-ական պաշտոնատար անձանց կողմից շահագործվող մեքենաները, ըստ նրանց հայտարարագրերի հեղափոխությունից առաջ և հետո։
Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2018 թվականին հայտարարագրել է Mitsubishi ASX մեքենան, 2018 թվականի հունիսին 12 մլն դրամով ձեռք է բերել Range Rover Evoque մեքենան։ Այժմ Ալեն Սիմոնյանը հայտարարագրած մեքենա չունի, նա երթևեկում է ծառայողական մեքենայով։
ՔՊ-ական պատգամավոր Արփինե Դավոյանը, ով նույնիսկ սեփական տուն չուներ, 2021 թվականին Hyundai մակնիշի մեքենա է գնել։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիլյանը 2019 թվականին հայտարարագրել է Hyundai Elantra, որը 2021 թվականին օտարել է և գնել է 2018 թվականի արտադրության Hyundai մակնիշի մեքենա։
Հրաչյա Հակոբյանը 2015 թվականին գնել է Honda մակնիշի մեքենա, որը 2022 թվականին օտարել է։ 2018 թվականի գույքի և եկամուտների մասին հայտարարագրում որպես սեփականություն նշել է 3 մեքենա՝ Hyundai Sonata,BMW X5, Isuzu Axiom, որից երկուսը տարվա ընթացքում օտարվել են։ Հրաչյա Հակոբյանն այժմ փաստացի մեքենա չունի։
Էդուարդ Աղաջանյանը՝ նույն ինքը DJ Edo-ն, մինչ հեղափոխությունը 2013-ին ունեցել է 1 մոտոցիկլ և 1 մեքենա։ 2020 թվականին նա գնել է Yamaha մակնիշի մոտոցիկլ, որի շուկայական արժեքը սկսվում է 6-7 հազար ԱՄՆ դոլարից։
Էմմա Միքայելյան