ՔՊ-ն դժգոհ է Կոռուպցիայի հանձնաժողովի նախագահից, ԵՄ-քաղհասարակություն պլատֆորմը դիմել է վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը հայտարարություն է տարածել․

«ԵՄ-Հայասատան քաղհասարակության պլատֆորմի ուշադրության կենտրոնում են հայտնվել մամուլի և փորձագիտական շրջանակների հրապարակումները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ` նաև Հանձնաժողով) անդամների երկու թափուր պաշտոնների համալրման խնդրահարույց գործընթացի վերաբերյալ: Ըստ այդ հրապարակումների` իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշել է այդ պաշտոնում չընտրել առաջադրված թեկնածուներից Հայկուհի Հարությունյանին, որը մինչ այդ զբաղեցրել է Հանձնաժողովի նախագահի պաշտոնը` նրան հրավիրելով խմբակցության փակ նիստի, որի շրջանակներում խմբակցության մի քանի անդամներ նրան հիշեցրել են իրենց, իրենց ընտանիքների անդամների և ընկերների առնչությամբ կայացրած որոշումները և գործողությունները` դժգոհություն հայտվելով դրանց կապակցությամբ: Այս առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ Հանձնաժողովի ուշադրության թիրախում հայտնված որոշ անձանց վերաբերյալ մտահոգություններ ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը ևս ունեցել և կիսել է համապատասխան միջազգային և ներպետական գործընկերների հետ: Այդ մտահոգությունները վերաբերել են այդ անձանց հնարավոր ներգրավմանը կոռուպցիոն գործարքներում:

Ցավալի է, որ Հանձնաժողովի և ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի մտահոգություններին պատշաճ ուշադրություն դարձնելու փոխարեն` Խմբակցությունը, ամենայն հավանականությամբ առանց ամբողջական պատկերն ունենալու, որոշել է ազատվել Հայկուհի Հարությունյանից` տուրք տալով անձնական շահագրգռությամբ առաջնորդվող մի քանի անդամների ցանկություններին: Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում արձանագրել, որ Հայկուհի Հարությունյանի նախագահության օրոք Հանձնաժողովն իրեն դրսևորել է որպես իրապես անկախ և արհեստավարժ մարմին հակակոռուպցիոն մարմինների համակարգում, ինչն արտացոլված է մի շարք միջազգային գործընկերների զեկույցներում: Ավելին, 2023թ. սեպտեմբերի 6-7-ը Էստոնիայում կայացած Բաց կառավարման գործընկերության համաշխարհային գագաթաժողովին հենց Հայկուհի Հարությունյանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որպես համաշխարհային լավագույն գործելակարգի օրինակ: Հաշվի առնելով վերոգրյալը և արձանագրելով վերջերս Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները` կոռուպցիայի դեմ պայքարի գործում ջանքերը ինտենսիվացնելու վերաբերյալ` կոչ ենք անում նրա առաջնորդած Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը լրջորեն վերաբերվել իրենց լիազորություններին Կոռուպցիայի կանխարգելման անկախ հանձնաժողովի ձևավորման գործընթացում : Այդ կապակցությամբ առաջարկում ենք հետաձգել ԱԺ-ի մոտակա քառօրյայում նախատեսվող Հանձնաժողովի անդամների ընտրությունը և կազմակերպել հանրային լսումներ կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող քաղհասարակության կոալիցիաների ներկայացուցիչների, այդ թվում` ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի անդամների հետ: Խմբակցության մյուս անդամներին առաջարկում ենք չթողնել այս հարցը նեղ անձնական շահագրգռություններով առաջնորդվող փոքրամասնության որոշմանը և գործուն մասնակցություն ունենալ այս հարցում»,- նշված է հայտարարության մեջ։




Լրահոս