Տրանսպորտը դարձնել համայնքային սեփականություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ի այսօրվա նիստը սկսվեց ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմամբ:

Հիշեցնենք, որ այս նախագիծը երեկ էլ է բավականին աշխույժ քննարկվել ԱԺ – ում: Անգամ ելույթ ունեցավ ՀՀԿ-ական  կին պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման համար կազմակերպությունների մրցույթի կարգն  ամբողջովին ենթարկվել է փոփոխությունների, այդ կապակցությամբ լրացվել է «նոր օպերատոր» հասկացությունը, որը Երևան քաղաքում ընդհանուր  օգտագործման ավտոմոբիլային  տրանսպորտով ուղևորների  ներքաղաքային  կանոնավոր  փոխադրումներ իրականացնող  100 տոկոս  համայնքային   մասնակցությամբ  կազմակերպություն է: Օպերատորի  տրանսպորտային միջոցները  չբավարարելու դեպքում  նոր հայտարարվում է մրցույթ:

Այսօր ևս նախագիծը քննարկվեց: Հարց առաջացավ նաև ՀՀԿ- ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի կողմից: Մասնավորապես  նրան  հուզում էր այն հարցը ՝  արդյոք այս փոփոխությունները վերաբերում  են միջհամայնքային տրանսպորտին, երկրորդ `   ինչու  է օպերատոր հասկացությունը սահմանում միայն Երևան քաղաքի վրա, երրորդ `  ավտոմոբիլային ընդհանուր տրանսպորտի  սահմանման մեջ  արդյոք մտնում են երթուղային տաքսիները, արդյոք կարելի է ենթադրել, որ  օպերատորը կարող է իր ծառայությունները մատուցել նաև երթուղային տաքսիներով, չորրորդ `  հայտնի է, որ այս ոլորտը պահանջում է  մեծ ներդրումներ, որոնք  կպահանջեն նաև սակագնի ավելի բարձր մակարդակ, հետևաբար արդյոք մեր քաղաքացիները   կարող են վճարել այդ բարձր սակագինը, հինգերորդ` «ե» կետի համարվում է ուժը կորցրած:  Դա այն կետն է, որը  կարելի է օպերատորին զրկել ծառայություններ  մատուցելու իրավունքից, եթե նա իրականացնում է ծառայությունն ավելի բարձր սակագնով, քան  հաստատվել է   մրցույթում: Ինչու է հանվում այս կետը:

Հարցին պատասխանեց ՀՀ կառավարության օրենսդրության կարգավորման ազգային  կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանը: Նրա խոսքով `  այնտեղ, որտեղ մրցույթային խնդիր կա, լիցենզիան  վերացնելը վերաբերում  է  բոլոր տիպի տրանսպորտային  միջոցներին: Երկրորդ ` օպերատոր հասկացությունը չի տարածվում միջհամայնքային  տրանսպորտային միջոցների վրա, քանի որ դա պահանջում է  ներդրումներ  ու նյութական բազա: «Աստիճանաբար  պետք է տրանսպորտը դարձնել  համայնքային սեփականություն»,- ասաց պրն Եղիազարյանը:

Ինչ վերաբերում է երթուղային տաքսիներին, ապա օպերատորը կարող  է ծառայություններ մատուցել նաև երթուղային տաքսիներով, եթե ավտոբուսները բավարար չլինեն: «Օպերատոր ասվածը պետք է  հասարակական շահին սպասարկի»,- ասաց կառավարության ներկայացուցիչը:

Սակագների մասին խոսելիս  Եղիազարյանն ասաց, որ  օպերատորի առումով  դա  հաստատվում է համայնքի կողմից :  Այս  նախագծով ավագանին պետք է սահմանի  օպերատորի կողմից շահագործվող երթուղիների սակագները:

Մյուս հարցադրումը  Արմեն Եղիազարյանը  մոռացել էր.« Կհիշեցնենք, որն էր դա»:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ խոսքը վերաբերում է   նախագծի «ե» կետին. «Դա հանել ենք»:

Պրն Հարությունյանն ասաց, որ իրեն հետաքրքում է  այդ  կետի ուժը կորցրած համարելը «Ինչի՞ ենք հանել»,-   հարցին հարցով պատասխանեց Եղիազարյանն  ու ընկավ մտորումների մեջ և այդպես էլ չպատասխանեց:

Եղիազարյանն անդրադարձավ Հարությունյանի մյուս հարցին `  օպերատորը տուրք վճարելո՞ւ է, թե ոչ և արդյոք օպերատորը  պետք է հավասար պայմաններ ունենա:  Կառավարության ներկայացուցչի խոսքով ՝ օպերատորը չի կարող հավասար պայմաններ ունենալ, քանի որ մրցակցային պայմաններ են: «Եթե մենք  մտցնում ենք հասարակական փոխադրող,  մրցակցությունը վերացնում ենք, հավասար պայմաններ կլիներ այն դեպքում, երբ օպերատորի ձևակերպումը չլիներ»,- մանրամասնեց Եղիազարյանը:

Ինչ վերաբերում է  տուրքին, ապա դա այս  նախագծի սահմաններում հնարավոր չէ լուծել: «Դա պետության ֆիսկալ քաղաքականության լուրջ վերականգնում է, այստեղ արդեն այլ խնդիր է: Երևի հարկային նոր օրենսգիրքը կփորձի դա կարգավորել»,-եզրափակեց  պրն Եղիազարյանը:




Լրահոս