ՀՆԴԻԿՆԵՐԸ՝ ՎԹԱՐՆԵՐԻ ԷՊԻԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Հայաստանում, հիմնականում՝ Երեւան քաղաքում, վթարների էպիկենտրոնում հնդիկ վարորդներն են։ Նրանք  մայթերին հիմնականում ինքնագլորով մարդկանց են հարվածում եւ վնասում, հաճախ իրենց ճարպիկ վազանցների ժամանակ հայտնվում են մեքենաների դիմաց, ինչի հետեւանքով էլ ստեղծվում է վթարային իրավիճակ։

 

Բացի նրանից, որ հնդիկներն ինքնագլորներով են կաթվածահար անում երթեւեկությունը, այժմ էլ նրանք սկսել են տաքսիներ վարել եւ ակտիվ մասնակցություն ունենալ ճանապարհատրանսպորտային վթարների։

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացին բողոքում էր, որ հնդիկները վարում են տաքսիներ առանց երթեւեկության կանոններին տիրապետելու։ Նրանք չեն տիրապետում  ճանապարհատրանսպորտային կանոներին, դրա հետեւանքով ավտովթարները եւ վթարային իրավիճակները շատանում են։

Հավելեց նաեւ, որ նրանք նույնիսկ օնլայն քարտեզներից չեն կարողանում պատշաճ օգտվել։

Նրանք, չունենալով նաեւ վարորդական վկայական, զբաղվում են ուղեւորափոխադրմամբ, ինչն էլ իր հերթին օրենքի որոշ կետերի խախտում է համարվում։ Երեկ Shamshyan.com-ը Հնդկաստանի քաղաքացու մասնակցությամբ վթար էր արձանագրել։ Վթարը տեղի էր ունեցել Սարալանջի փողոցից Ազատության պողոտա ընթանալիս, երբ բախվել են Mercedes եւ Opel մակնիշի մեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, որը Հնդկաստանի քաղաքացի է եղել։ Նա Ազատության պողոտայով ընթանալիս է եղել դեպի Բաբայան փողոց եւ դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել Mercedes մակնիշի մեքենային։ Վթարի հետեւանքով տուժել էր անչափահաս երեխա։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության եւ վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, որը փոխանցեց, որ  Հայաստանում վարորդական վկայական ստանալու համար նախատեսված քննությունը լեզվական առումով ճկուն է, այսինքն՝ հնդիկները, նաեւ օտարերկրացիները շատ հեշտ կարող են քննություն հանձնել։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՆԳՆ-ին, որ տրամադրեն վիճակագրություն հնդիկների մասնակցությամբ վթարների մասին, որին կանդրադառնանք վիճակագրությունը ստանալուն պես։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ՝ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ

 

Հայաստանի զինված ուժերում հսկայածավալ բարեփոխումներ են տեղի ունենում, պետությունը գնացել է ատեստավորման միջոցով զինվորականների աշխատավարձերը բարձրացնելու ճանապարհով, քանի որ չի ցանկանում «փակ աչքերով» աշխատավարձ բարձրացնել:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացու հարցին, թե ինչու բանակում չի կիրառվում զարգացած երկրների մոդելը, ինչպիսին է, օրինակ, Շվեյցարիան:

«Հայաստանի Հանրապետությունում բանակում՝ Զինված ուժերում, հսկայածավալ բարեփոխումներ են տեղի ունենում: Բարեփոխումներն, այդ թվում, տեղի են ունենում՝ միջազգային փորձն ուսումնասիրելով»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը հիշեցրեց վերջերս ներդրված 24-օրյա վարժական հավաքների մեխանիզմի մասին, որի նպատակներից մեկն ինչ-որ առումով շվեյցարական մոդելի ուղղությամբ գնալն է, երբ պահեստազորը ժամանակ առ ժամանակ կմասնակցի 24-օրյա հավաքներին՝ տիրապետելու զինվորական նվազագույն հմտությունների: Փաշինյանը նաեւ նշեց, որ ատեստավորման գործընթացով հիմա էականորեն բարձրացնում են զինվորականների աշխատավարձը:

«Ասում են, թե ինչու միանգամից աշխատավարձը չենք բարձրացնում. շատ պարզ պատճառով, այդ թվում՝ դառը փորձի պատճառով. ուզում ենք համոզված լինել, որ այն զինվորականները, որոնց ուսերին մենք դնում են պետության անվտանգությունը պահպանելու պարտավորություն, կարող են իրենց ուսերին կրել այդ բեռը: Մենք չենք ուզում փակ աչքերով բարձրացնել աշխատավարձ: Մենք ուզում ենք, որ նաեւ հանրությունը համոզված լինի, որ եթե պետությունն ինչ-որ մեկին վստահել է պահպանել երկրի անվտանգությունը, ապա այդ զինվորականը կարող է կրել այդ պատասխանատվությունը:  Պատկերացրե՛ք՝ մենք միլիարդներ ծախսենք, 500-600 հազար դրամ աշխատավարձ տանք մի մարդու, որը չգիտի զինվորական գործը, իսկ, ցավոք, մեր դառը փորձը ցույց է տալիս, որ այդպիսի դեպքեր լինում են եւ ամենեւին էլ վիճակագրական շեղման չափ քիչ չեն, որ ուշադրություն չդարձնենք»,- ասաց վարչապետը:

 

 

 

ՈՉ ՄԻ ՎԿԱ ՉԻ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի նախկին անդամ Սուրեն Մանուկյանը մեկ տարի 3 ամիս կալանքի տակ է, նա  մեղադրվում է նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Քոքոբելյանի հորը առեւանգելու գործով։

Նա  չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ այն համարելով շինծու։ Մանուկյանի պաշտպան, փաստաբան Սերգեյ Ոսկանյանից տեղեկացա, որ այդ քրեական գործով դատական նիստերը նշանակվում են մեծ ընդմիջումներով։

Ըստ փաստաբանի՝ Ս. Մանուկյանը անազատության մեջ է 2022թ. օգոստոսի 11-ից, սակայն մինչեւ հիմա դատարանում ոչ մի վկա չի հարցաքննվել, ոչ մի ապացույց չի հետազոտվել։

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը, չսպասելով, որ Ս. Մանուկյանի կալանքի ժամկետը լրանա, դրանից շուրջ 20 օր առաջ որոշել է Ս. Մանուկյանի կալանքը եւս 3 ամսով երկարացնել, թեեւ այդ գործով նրա  կալանքի ժամկետը լրանալուց 2 օր առաջ դատական նիստ էր նշանակված, կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը կարող էր այդ նիստում քննարկվել։

Տպավորություն կա, որ նպատակ կա Սուրեն Մանուկյանին որքան հնարավոր է երկար պահել կալանքի տակ։ Մանուկյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական հերթական նիստը նշանակված է դեկտեմբերի 13-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում։

«Դատալեքս»   դատական տեղեկատվական համակարգում այդ դատավարության մասին տեղեկություններ չկան։

 

 

ՈՉ ՀԱՄՈԶԻՉ ՊԱՏԱՍԽԱՆ

Դիլիջանի ոլորաններում բազում տեղեր   քանդել են դարավանդը, խաթարել հողի արտաքին տեսքը, ռելիեֆը, այնտեղ սննդի օբյեկտներ սարքել, տեղակայել։  Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մեր տեղեկատվական հարցումին  պատասխանել է, որ   դարավանդի քանդումը կատարվել է  ոչ թե Դիլիջանի ազգային պարկի, այլ Դիլիջան համայնքի հողերում:  ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ նրա հարցնելով, թե  ոստիկանության  Դիլիջանի բաժինը ինչ է ձեռնարկել անօրինական այդ գործողությունների դեմ։ Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը  հարցմանը պատասխանել է. «Համաձայն Դիլիջանի համայնքապետարանից ստացված գրության՝ Դիլիջանի ոլորաններում առկա են ոչ հիմնական շինություններ՝ փայտյա տնակներ, որոնք գտնվում են ոչ համայնքապատկան տարածքում։ Առկա են քաղաքացի Մարինե Բադալյանի 0,07486 հա եւ 0,04276 հա սեփականություն հանդիսացող տարածքներ, ում սահմանված կարգով տրամադրվել է հողհարթեցման եւ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն։ Նշված տարածքներում ներկա պահին շինություն առկա չէ»։

Ոստիկանության Դիլիջանի բաժինը, փոխանակ խնդրի վերաբերյալ քննություն անցկացներ, բավարարվել է Դիլիջանի համայնքապետարանից ստացված գրությամբ, որտեղ դարավանդ  քանդելը, հողի տեսքի ավերելը ներկայացված է որպես հողհարթեցում եւ բարեկարգում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս