ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁ ՉԵՆ ՎՃԱՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք Ակադեմիական քաղաքում գիտակրթական կյանք ենք ուզում ունենալ: Դրա համար մտածել ենք, որ Ակադեմիական քաղաքում պետք է լինեն բոլոր բուհերը, պետք է գոյություն ունենա մինչեւ 8 պետական բուհ, եւ այդ բոլոր բուհերը պետք է ամբողջությամբ ֆինանսավորվեն պետության կողմից»,- նոյեմբերի 24-ին ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ապագա մոդելում վճարովի ուսուցումը չի բացառվի, բայց ՀՀ քաղաքացի ուսանողները, որոնք պատշաճ առաջադիմություն կցուցաբերեն, ուսման վարձ չեն վճարի: «Ակադեմիական քաղաքը ստեղծվելու է Երեւանի 17-րդ թաղամասում՝ Արագածոտնի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերի հատման հատվածում։ Այս պահին այնտեղ ամայի տարածք է, բացի նախագծումից, որեւէ այլ աշխատանք չի տարվում։ Հաջորդ փուլով սկսվելու են շինարարական աշխատանքներ։ Դրանից դուրս Ակադեմական քաղաքի շուրջ կարեւոր եւ էական բովանդակային աշխատանք է կատարվում»,- ասաց նա։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Փաշինյանի խոսքով՝  ժամանակի ընթացքում բուհերը եւ գիտահետազոտական կենտրոնները շատ դեպքերում կտրվել են իրարից, եւ բարձրագույն կրթության հետազոտական բաղադրիչը շատ հաճախ դուրս է մնացել, ինչը բացասական է ազդում կրթության որակի վրա եւ կրթության գրավչության, քանի որ ուսանողները բուհում ստացած գիտելիքները չեն կարողանում կիրառել աշխատանքում։

«Այս պատճառով ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն տարածեց, որ խնդրում, կոչ է անում եւ հանձնարարում  է բուհական եւ գիտահետազոտական  հաստատություններին սկսել քննարկում բուհական 8 կլաստերների ձեւավորման նպատակով։ Մենք խնդրում, կոչ ենք անում եւ հանձնարարում ենք, որ բուհերը, գիտահետազոտական հաստատությունները միասին քննարկեն, թե որ բուհերը միասին եւ գիտահետազոտական ինստիտուտների հետ կարող են միավորվել եւ միասնական գործունեություն ծավալել Ակադեմիական քաղաքում»,- նշեց նա։

Ըստ կառավարության ղեկավարի՝  իրենց ընկալմամբ՝ 8 բուհերից մեկը պետք է ունենա մանկավարժական, մյուսը՝ սպայական, տեխնոլոգիական, արվեստների եւ այլ ուղղություններ։

Փաշինյանը նաեւ բացատրեց ակադեմիական քաղաք ստեղծելու շարժառիթը. «Այսօր Հայաստանում ոչ մի բուհ չկա, որ իր, օրինակ, ֆիզիկական հատկանիշներով համապատասխանի միջազգային չափանիշներին, եւ եթե մենք միջազգային չափանիշներով հավաստագրենք մեր բուհերը, բոլորը կփակվեն անհամապատասխանության պատճառաբանությամբ»։

Ըստ նրա՝ Ակադեմիական քաղաքում ցանկանում են նաեւ միջազգային դիմորդների ներգրավել Հայաստան: Բուհերից բացի, գործելու են ավագ դպրոցներ, հանրակացարաններ. «Ակադեմիական քաղաքում ուզում ենք նաեւ ավագ դպրոցներ ունենալ։ Հիմա վստահ գիտենք, որ արվեստների եւ սպայական ավագ դպրոց ենք ուզում ունենալ, որը ավարտածները ավելի հեշտ կընդունվեն համապատասխան համալսարաններ»։

 




Լրահոս