ԹԵԺ ԿՌԻՎԸ՝ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոնի քննչական բաժին է հրավիրվել Երեւանի ավագանու կին անդամներից մեկը: Տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետարանում կայացած ավագանու սկանդալային նիստում միջադեպի գործով հարցաքննության է հրավիրվել Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ Սոնա Աղեկյանն այսօր կրկին հրավիրված է Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները Աղեկյանին հարցեր են ուղղել, թե ինչից է սկսվել, ով է իր մասին ինչ ասել, ու ինչու է նա ջուր լցրել ավագանու անդամ Անի Խաչատրյանի վրա: Շատ հարցեր դեռեւս կան ավագանու անդամ Սոնա Աղեկյանին տալու, ինչի համար նրան այսօր կրկին կհարցաքննեն: Իսկ ի՞նչ էր արել Սոնա Աղեկյանը քաղաքապետարանում միջադեպի ժամանակ: Ավագանու անդամ Անի Խաչատրյանը ամբիոնից հնչեցրեց հայտարարություններ, որոնք դահլիճում կրքերը թեժացրին: Ու երբ Անի Խաչատրյանը լքեց ամբիոնը եւ վերադառնում էր նստել իր տեղը, ավագանու անդամ Սոնա Աղեկյանը ջրով լի բաժակը լցրեց նրա վրա, ինչից հետո սկսվեց ողջ կռիվը: Հետաքրքիր է՝ արդյոք կոմիտեն այս միջադեպով մինչեւ վերջ կգնա, ու պատասխանատվության ենթարկվողներ կլինեն, թե Հակակոռուպցիոն կոմիտեի օրինակով Ազգային ժողովում պատգամավորների ծեծկռտուքի դեպքի նման այն կկարճի: Հիշեցնենք, որ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 11-ին՝ Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջեւ առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են։

 

 

 

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը 2009-2021 թվականներին եղել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի պատմության, հասարակագիտության եւ տնտեսագիտության ուսուցիչ: Ղազարյանը 2016 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, իսկ պատգամավորական մանդատը ստացել է 2021 թվականին։ Պատգամավորը հայտարարագրել է 2016 թվականին նվիրատվություն ստացած մեկ բնակարան բազմաբնակարան շենքում՝ Սյունիքի մարզի Կապան համայնքում։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 464 հազար դրամ, որը տարեսկզբի համեմատ՝ աճել է 5,5 անգամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են  2 մլն 600 հազար դրամ, որը տարեսկզբի համեմատ՝ գրեթե կրկնապատկվել է։ Նրա՝  հաշվետու տարվա եկամուտները կազմել են  8 մլն 871 հազար դրամ, որից 8 մլն 492 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովից։ Պատգամավոր Ղազարյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից կենսաթոշակ է ստացել տարեկան 379 հազար դրամ։ Ազգային ժողովում ակտիվությամբ աչքի չընկնող Պողոսյանը հանդիսանում է 6 դպրոցի եւ 1 հատուկ կրթահամալիրի («Կապանի N5 հիմնական դպրոց», «Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր», «Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոց», «Սյունիքի միջնակարգ դպրոց», «Արծվանիկի միջնակարգ դպրոց», «Գեղանուշի միջնակարգ դպրոց», «Ճակատենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների) կառավարման խորհրդի անդամ։ Հավելենք նաեւ, որ Ղազարյանը այն իշխանականներից է, որն իշխանությունների որոշումներին կողմ քվեարկելու համար է խորհրդարան եկել, հլու-հնազանդ սեղմում է անհրաժեշտ կոճակները, առանց սեփական տեսակետի, եւ օգտվում «անվճար տուրիստական փաթեթներից»՝ գնում է գործուղումների Հայաստանում կամ դեպի արտերկիր:

 

 

 

 

Փողոցներ փակելով, ռադիոտուն ներխուժելով եւ անհնազանդության ակցիաներով իշխանության եկած թավշյահեղափոխականների իշխանությունը, թերեւս, ամենաանհանդուրժողն է փողոցային ակցիաների նկատմամբ: Սրա մասին է փաստում մինչ այս ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժերի նախաձեռնած ակցիաների առաջնորդների եւ դրա մասնակիցների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանության դրսեւորած վերաբերմունքը: Երբ ընդդիմադիր դաշտում որեւէ նոր հակաիշխանական շարժում է ձեւավորվում, իշխանության ներկայացուցիչները ջանք չեն խնայում դրա մասնակիցներին պիտակավորելու եւ վարկաբեկելու համար: Նիկոլ Փաշինյանն անհանդուրժող է նաեւ իր երբեմնի գաղափարակիցների նկատմամբ: Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը, որը հեղափոխության ակտիվ ջատագովներից էր, 44-օրյա պատերազմից հետո տարբեր ֆորմատներով ակցիաներ է իրականացնում, շարժումներ է ձեւավորում եւ պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս օրերին Սուրեն Սահակյանի եւ նրա թիմակիցների ձեւավորած «Զանգ» շարժումն է քայլերթեր եւ անհնազանդության ակցիաներ իրականացնում, վրան տեղադրում. ինչպես նրանց հայտարարություններից է պարզ դառնում, ոստիկանությունն անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում ակցիայի մասնակիցների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը Սուրեն Սահակյանից հետաքրքրվել է՝ ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության անհանդուրժող վերաբերմունքն իրենց ակցիաների նկատմամբ, արդյոք փողոցային պայքարի օրերին ինքն արժեքավոր խորհուրդներ է տվել՝ ինչպես աշխատել հանրութան հետ: «Մի անգամ առանձնազրույցում ոստիկաններից մեկն (թող ների, որ, առանց իր ասելու, հրապարակում եմ իր ասածը) ինձ ասաց՝ ես ամեն բան լավ հասկանում եմ, բայց բոլոր ժամանակներում ոստիկանության բոլոր ժամանակների միակ սրբազան պարտականությունը  օրվա իշխանությունների «հետույքը» պահելն է. սա էլ երեւի Ձեր հարցի պատասխանն է՝ ինչու են այդպես վարվում: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի անունը չի հնչում, ամեն ինչ լավ է՝ գնացե՛ք, խոսե՛ք ձեզ համար, ոնց ուզում եք, քայլե՛ք, ժողովրդավարության բաստիոն է, բայց հենց Նիկոլ Փաշինյանին ինչ-որ վտանգ է սպառնում, դա ոստիկանության եւ նրա քաղաքական հրահանգիչների նյարդերին ազդում է»,- արձագանքեց Սուրեն Սահակյանը:

 

 

 

 

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գարեգին Իսախանյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով հարուցվել է վարույթ: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ այդ որոշումը ուղարկվել Է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: 2023 թվականի հոկտեմբերի 26-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից հանձնաժողովին է հասցեագրվել գրություն ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գարեգին Իսախանյանի կողմից «Դատախազության մասին» օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները պահպանված կամ չպահպանված լինելու վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով: Արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գարեգին Իսախանյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով, հարուցել է վարույթ: Բանն այն է, որ կան տվյալներ՝ դատախազ Իսախանյանը ընկերություններից մեկում բաժնեմաս է ունեցել եւ այն հայտարարագրում չի ներկայացրել, ինչը, ըստ էության, դատախազի պաշտոնի հետ անհամատեղելի է եւ պատժելի:

 




Լրահոս