«Մինչեւ 1988 թվականը ապրել եմ Շուշի քաղաքում: 1988 թվականին, երբ սկսվեց պատերազմը, ընտանիքիս հետ տեղափոխվեցինք Ստեփանակերտ: 4 զավակ եմ ունեցել, մեծ չարչարանքով մեծացրել, բոլորին բարձրագույն կրթության տվել:
Ամուսինս 1992 թվականին Մարտակերտի «Կանալ» կոչվող տեղամասում վիրավորում է ստացել, որից հետո վիրավորումը ծանր հետք թողեց նրա առողջության վրա: Հաճախակի էր ունենում էպիլեպսիկ նոպաներ: Մեկ տարի Ստեփանակերտում բուժում ստանալուց հետո վիճակն ավելի վատացավ: Դիմեցինք այդ ժամանակ ՊԲ նաախարար Սամվել Բաբայանին: Աջակցեց, ու նրա միջնորդությամբ ուղարկեցինք Մոսկվա՝ բուժվելու… Գնաց, բայց էլ չվերադարձավ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված, որդեկորույս Գյուլվարդ Աթայանը:
Դժվարություններն անտեսելով՝ տիկին Գյուլվարդը չընկճվեց եւ կարողացավ երեխաներին ուսման տալ ու ամուսնացնել: 2020թ. 44-օրյա պատերազմը կրկին ցավ պատճառեց նրան՝ տանելով իր փրկարար որդուն:
«Նոյեմբերի 6-ի առավոտյան որդիս զանգեց կնոջն ու ասաց, որ երեխաների քեֆին երբեք չկպնի ու ոչ մի անգամ նրանց ցանկությունն անկատար չթողնի: Հարսս հեռախոսը փոխանցեց ինձ, ինձ հետ եւս խոսեց: Նեղվեցի, զգացի, որ մի բան այն չէ, բայց ինձ չկորցրի, հավաքեցի ինձ ու ջղայնացած ասացի՝ կգաս ու ինքդ երեխաներիդ կնայես: Սա էլ եղավ իմ ու որդուս վերջին խոսակցությունը»,-ասում է մեր զրուցակիցը: Որդուն հուղարկավորեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, իսկ 2021 թվականի հունվարին վերադարձան Ստեփանակերտ՝ հայրենի հողում ապրելու ու արարելու:
«Հարսս որոշեց, որ պիտի կրի ամուսնու համազգեստը, աշխատանքի անցավ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտաքին իրավիճակների պետական ծառայությունում: Պետությունը, որպես զոհվածի ընտանիք, 3 սենյականոց բնակարան հատկացրեց: Հարսիս ու որդուս երեք անչափահաս երեխաների հետ այնտեղ էի ապրում. ինչով կարողանում, օգնում էին: Ցավս միայն սփոփում էին որդուս երեխաները»,- ասում է տիկին Գյուլվարդը: Հիմա տիկին Գյուլվարդն ապրում է Աբովյան քաղաքում հաշմանդամության խնդիր ունեցող մոր, հարսի ու թոռների հետ: Նպաստ, թոշակ չեն ստանում, իսկ պետության հատկացրած գումարը հերիքում է միայն տան վարձին ու ամենօրյա կենցաղային ծախսերին:
«Թվում էր՝ կյանքը գոնե որդուս երեխաներին հանգիստ ու անհոգ ապրելու հնարավորություն կտա, սակայն պատերազմը տակնուվրա արեց ամեն ինչ: Հիմա արդեն որերորդ անգամ ամեն ինչ պիտի սկսենք զրոյից, եւ ամենացավալին այն է, որ ո՛չ որդիս կա, ո՛չ հայրենիքս»,- ասում է տիկին Գյուլվարդը: