Լուսանկարն արվել է Երեւանում
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցն արձանագրել է, թե ինչ վիճակում է գտնվում Արաբկիր վարչական շրջանի դատարանի տանիքին ծածանվող եռագույնը:
Ո՞վ պետք է պատասխան տա Արաբկիր վարչական շրջանի դատարանի դիմաց պատառոտված եռագույնի համար. մի՞թե այսքան ժամանակ դատարանում աշխատող որեւէ աշխատակից եւ, առհասարակ, արդարադատություն իրականացնող դատավորները չեն նկատել, թե ինչ վիճակում է գտնվում եռագույնը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը, ապա ինչպե՞ս է վճարվում նրա կենսաթոշակը:
Գրետա Հարությունյան (71 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը, ապա պետք է գրավոր դիմի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը նախկին բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից գրավոր պահանջում է կենսաթոշակի գործը եւ այն ստանալուց հետո շարունակում վճարել կենսաթոշակը:
Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամuվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Ի դեպ, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ինչպիսի պարտականություններ ունեն ծառայողական քննության կողմերը:
Վազգեն Սաֆարյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ծառայողական քննության կողմը պարտավոր է`
ա) ծառայողական քննություն վարողի պահանջով ներկայանալ քննության կատարման վայր եւ տալ բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ), մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների եւ ստորագրությամբ հաստատել դրանց կապակցությամբ կազմված արձանագրությունների (տեղեկանքների) ճշտությունը, իսկ չստորագրելու դեպքում` ներկայացնել գրավոր պատճառաբանություն,
բ) ծառայողական քննություն վարողի պահանջով ներկայացնել քննության համար անհրաժեշտ իր մոտ եղած առարկաները եւ փաստաթղթերը,
գ) ենթարկվել ծառայողական քննություն վարողի` ծառայողական քննություն անցկացնելու կարգով սահմանված պահանջներին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերն ունեն նաեւ իրավական ակտերով, ինչպես նաեւ ծառայողական քննություն անցկացնելու կարգով իրենց վերապահված այլ պարտականություններ: