ՔՊ-Ն ՀԱՎԱՔԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին թեժ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:

«Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր հայտնել, որ դեկտեմբերի 15-ին եւ 16-ին ՔՊ-ականները տարեվերջյան քաղաքական ժողով են անելու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Այս օրերին  կուսակցությունը պատրաստվում է այդ ժողովին, հրավիրյալների ցանկը, ձեւաչափն են հստակեցնում, օրակարգի վերաբերյալ են քննարկումներ գնում:

Նախատեսվում է, որ այդ օրը ՔՊ-ն ողջ կազմով պետք է ներկա լինի՝ վարչության անդամները, պատգամավորները, նախարարները, մարզպետները եւ այլք։

Բացի կուսակցական քննարկումներից, ՔՊ-ականները նաեւ հանգստին ժամանակ կհատկացնեն:

Մի խոսքով, իշխող կուսակցությունը մտադիր է ամեն բան հավուր պատշաճի անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հանկարծ դժգոհ չմնա:

 

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի գնումներն ուսումնասիրելով՝ հանգեցինք այն եզրակացության, որ աշխատակազմը բավականին գումար է ծախսում ներկայացուցչական ծառայությունների համար։ Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների կայքի՝ վարչապետի աշխատակազմը մեկ ամսվա ընթացքում՝ հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 27-ը, կնքել է 1 մլն 331 հազար դրամ արժողությամբ ներկայացուցչական ծառայության համար նախատեսված պայմանագիր։ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 212 հազար 950 դրամ է արժեցել ներկայացուցչական ծառայության համար նախատեսված պայմանագիրը։ Օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում նման ծառայությունների համար պայմանագրեր չեն կնքվել։ Հուլիս-Օգոստոս ամիսների նույն պայմանագրերի արժեքը կազմել է 44 հազար 290 դրամ։ Հունիս-հուլիս ամիսներին ներկայացուցչական ծառայության պայմանագրի արժեքը կազմել է 1 մլն 323 հազար դրամ։ Մայիս-հունիս ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 1 մլն 916 հազար դրամ։ Ապրիլ-մայիս ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 1 մլն 519 հազար դրամ։ Մարտ-ապրիլ ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է  784 հազար դրամ։ Փետրվար-մարտ ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 1 մլն 177 հազար դրամ։ Հունվար-փետրվար ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 1 մլն 458 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ, վերը նշված ամիսների ընթացքում պայմանագրերի արժեքը կազմել է 8 մլն 221 հազար դրամ։ Ստացվում է, որ վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում, իսկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր պետության կոպեկները շռայլ ու անիմաստ ծախսելու համար:

 

 

 

 

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր կգնա 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստն անցնելու է դռնփակ, ներկա կլինեն միայն հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները, այսինքն՝ քննիչ հանձնաժողովի անդամները Բաբայանին իրենց ուզած հարցերը կտան, պատասխաններ կստանան, սակայն հանրության համար այդ ամենը մութ կմնա: Գաղտնիք չէ, որ Սամվել Բաբայանը, թերեւս, ՔՊ-ականների ամենասիրելի արցախցի գործիչն է, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մտերիմն է, ուստի ՔՊ-ականները մտադիր են ջերմ ընդունել ու ճանապարհել նրան: Այսինքն՝ կարող ենք ասել, որ նրան քննիչ հանձնաժողով հրավիրելն ընդամենը ձեւական բնույթ է կրում: Ուշագրավ է, որ հանձնաժողովի ձեւավորվելուց հետո Սամվել Բաբայանը՝ որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, մասնակցում էր դրա աշխատանքներին: Նա հետո հայտարարեց, թե հրաժարվում է հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել, քանի որ «խաղի կանոնները չեն պահպանվում»: Հիմա, փաստորեն, իրավիճակ է փոխվել. Սամվել Բաբայանի համար այլեւս «խաղի կանոնների» հարց չկա, եւ արդեն որպես հրավիրյալ է գալիս քննիչ հանձնաժողով: Հավելենք նաեւ, որ դեկտեմբերի 3-ին արդեն Անդրանիկ Քոչարյանի գլխավորած 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովն ավարտում է իր աշխատանքը, ուստի Սամվել Բաբայանը կլինի վերջին հրավիրյալը:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-Ն մտել  է մանկապարտեզներ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի մանկապարտեզների տնօրենների են տարել ԱԱԾ՝ հարցաքննության, եւ քննությունը ցույց կտա՝ կկալանավորեն նրանց, թե ոչ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ում հարցաքննված տնօրենների մեջ եղել են նախկին  պաշտոնյաների կանայք, իսկ թե ով կամ ովքեր են նրանք, կներկայացնենք առաջիկայում։ Նշենք, որ ԱԱԾ-ն օրերս հայտնեց՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի մատակարարման պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված եւ սննդի մատակարարմամբ զբաղվող «Հայկազունք» եւ «Ֆոտոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների փաստացի սեփականատեր Յ.Ա-ն, նշված ընկերություններում վարորդ-առաքչի գործառույթներ փաստացի իրականացնող Պ.Մ-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում մեկ միասնական դիտավորությամբ, խաբեության եղանակով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, առանձապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության եւ առեւտրային կազմակերպության կողմից տրվող, իրավաբանական նշանակության փաստ հաստատող եւ հատուցման իրավունք վերապահող, տարբեր տեսակի սննդի պահանջարկի եւ մատակարարված լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ուռճացված տվյալներ են ներկայացրել։ Ըստ ԱԱԾ-ի՝ 2023 թվականի փետրվարից նոյեմբեր ամիսների ընթացքում փոխանցման եղանակով ստացել եւ խաբեության եղանակով հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված՝ առանձնապես խոշոր չափերով գումարները:




Լրահոս