ԻՆՉՈ՞Ւ Է ՎԱՅՐ ԴՐԵԼ ՄԱՆԴԱՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը վայր է դրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահի լիազորությունները: Կուսակցության որոշմամբ՝ այդ պաշտոնում միաձայն ընտրվել է Դավիթ Խաժակյանը:

 

Կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լուսավոր Հայաստան կուսակցության 27.11.2023թ. կառավարման խորհրդի նիստում Գեւորգ Գորգիսյանը վայր դրեց կուսակցության փոխնախագահի լիազորությունները:

Նիստի ընթացքում առաջադրվեց Դավիթ Խաժակյանի թեկնածությունը փոխնախագահի կարգավիճակում, որն ընտրվեց միաձայն:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում Գեւորգ Գորգիսյանին տարիների նվիրական աշխատանքի համար եւ մաղթում ամենայն բարիք: Նորընտիր փոխնախագահ Դավիթ Խաժակյանին կուսակցությունը մաղթում է հաջողություն նոր եւ պատասխանատու կարգավիճակում»:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է Գեւորգ Գորգիսյանի հետ:

-Պարո՛ն Գորգիսյան, ինչո՞ւ կուսակցության փոխնախագահի լիազորությունները դադարեցնելու որոշում կայացրիք, ո՞րն է պատճառը, տարաձայնություննե՞ր են եղել, թե՞ այլ պատճառ կա:

-Տարաձայնություններ չեն եղել, շարունակում եմ մնալ կուսակցության կառավարման խորհրդի անդամ, պարզապես զբաղվածության պատճառով չէի հասցնում կատարել փոխնախագահի պարտականությունները, բացի սա, ժամանակն է սերնդափոխության:

-Այսինքն՝ միայն ժամանակի սղությո՞ւնն էր պատճառը:

-Այո, տարաձայնություններ չեն եղել, բոլոր կուսակցություններում էլ լինում են քննարկումներ, տարբեր կարծիքներ հնչում են, բայց պատճառը դա չի եղել:

-Պարո՛ն Գորգիսյան, «Լուսավոր Հայաստան»-ի հասցեին հաճախ սուր քննադատություններ են հնչում, որ հատկապես Էդմոն Մարուքյանի՝ պաշտոն ստանալուց հետո սկսել եք իշխանությունների թելը թելել, ամեն հարցում աջակցում եք նրանց: Ինչո՞ւ են նման քննադատություններ հնչում, ինչպե՞ս է Էդմոն Մարուքյանի՝ պաշտոն ստանալն ազդել կուսակցության գործունեության վրա:

-Էդմոն Մարուքյանի՝ պաշտոնի նշանակվելուց հետո փոխվել է միայն այն, որ նա ստացել է հնարավորություն հայրենիքին ծառայելու արտաքին ճակատում. ներքին ճակատում մենք միշտ ազատ ենք եղել քննադատություններում:

-Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք ձեր կուսակցության հասցեին հնչող մեղադրանքները:

-Չես կարող անել մի բան, որը բոլորին դուր կգա. ինչ էլ անես, մի մասը գոհ է լինելու, մի մասը՝ ոչ:

-Իսկ Դուք համաձա՞յն եք գործող իշխանությունների վարած քաղաքականության հետ:

-Մասամբ, քանի որ տեքստերը հիմնականում, ինչ ասում են, ճիշտ են ասում, բայց դրանց իրականացման հետ բազմաթիվ խնդիրներ եմ տեսնում:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԱՂԵԿՅԱՆԸ՝ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը երեկ կրկին հրավիրվել է Քննչական կոմիտե եւ հրաժարվել է ցուցմունք տալ:

 

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երբ քննիչը հարցեր է ուղղել Սոնա Աղեկյանին, վերջինս պատասխանել է, որ այս փուլում հրաժարվում է ցուցմունք տալ, քանի որ վստահություն չունի նախաքննական մարմնի գործողությունների մասով, հետագայում կտեսնի՝ քննությունը ինչպես կընթանա, որից հետո արդեն ընթացքը ցույց կտա:

Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Սոնա Աղեկյանը քննիչին հորդորել է նայել միջադեպի տեսանյութերը, որտեղից հետո իրենց ամեն ինչ պարզ կլինի:

Իսկ ի՞նչ էր արել Սոնա Աղեկյանը քաղաքապետարանում միջադեպի ժամանակ:

Ավագանու անդամ Անի Խաչատրյանը ամբիոնից հնչեցրեց հայտարարություններ, որոնք դահլիճում կրքերը թեժացրին:

Ու երբ Անի Խաչատրյանը լքեց ամբիոնը եւ վերադառնում էր նստել իր տեղը, ավագանու անդամ Սոնա Աղեկյանը ջուրը լցրեց վրան։

Հետաքրքիր է՝ արդյոք կոմիտեն այս միջադեպով մինչեւ վերջ կգնա, ու պատասխանատվության ենթարկվողներ կլինեն, թե Հակակոռուպցիոն կոմիտեի օրինակով Ազգային ժողովում պատգամավորների ծեծկռտուքի դեպքի նման այն կկարճի:

Հիշեցնենք, որ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 11-ին՝ Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջեւ առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԻԾԸ 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին:

Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականների հիմնական կարիքները եւ դրանց հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից մշակված ծրագրերը: ՀԲ տարածաշրջանային տնօրենը վերահաստատել է Հայաստանին աջակցելու ՀԲ պատրաստակամությունը եւ ներկայացրել համագործակցության հնարավոր ուղղություններն ու գործիքները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մասնավորապես Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման եւ հանրային կառավարման բարեփոխումների շուրջ:

Մհեր Գրիգորյանը հանդիպման շրջանակներում ՀԲ տարածաշրջանային տնօրենին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, դրա հիմնական նպատակներն ու դրա իրագործման պարագայում տարածաշրջանի զարգացման միտումները:

 

 

ՆԻՍՏԵՐ ԿԱՆԵՆ

Հաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները կգնան խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 5-ից, խորհրդարանը սկսում է իր աշխատանքը: Ի թիվս այլ հարցերի՝ ԱԺ-ում քննարկվելու է նաեւ ՀՀ 2024թ.-ի պետբյուջեն, այն արդեն կդրվի վերջնական քվեարկության եւ կներկայացվի ԱԺ-ի հաստատմանը: Նախատեսվում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները նույնպես պետք է գնան ԱԺ՝ մասնակցելու բյուջեի քննարկմանը: Նշենք, որ արդեն հաջորդ չորեքշաբթի օրը կառավարության հետ հարցուպատասխանի օրն է, ուստի մինչեւ ուշ երեկո Փաշինյանը եւ նախարարները կլինեն ԱԺ-ում: Եթե արտահերթ նիստեր չլինեն, ապա սա կլինի ԱԺ վերջին հերթական նստաշրջանը:




Լրահոս