Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին:

 

Այդ օրը ավագանին քննարկելու է նաեւ համայնքի բյուջեն եւ զարգացման քառամյա ծրագիրը:

Բյուջեն եւ զարգացման ծրագիրն ավագանու անդամներին է ներկայացնում համայնքի ղեկավարը, իսկ ավագանին դրանք հաստատում եւ ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ, այսինքն՝ այդ օրը նիստին ներկա ավագանու անդամների մեծամասնության քվեարկությամբ:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը եւ նրանց հետ կոալիցիա կազմած «Հանրապետությունը»-ը ավագանիում միասին ունեն 32 մանդատ, իսկ ընդդիմադիր թեւից հանդես եկող 3 խմբակցությունները՝ «Ազգային առաջընթաց»-ը, «Մայր Հայաստան»-ը եւ «Հանրային ձայն»-ը, միասին ունեն 33 մանդատ։

Ստացվում է՝ բյուջեն եւ համայնքի զարգացման ծրագիրը կարող են ընդունվել միայն այն դեպքում, երբ ընդդիմադիրները գան, քվորում ապահովեն եւ կողմ քվեարկեն դրան:

Այսինքն՝ քաղաքային իշխանություններին անհրաժեշտ է ընդդիմադիրներից մեկ ձայն ստանալ, որպեսզի ավագանին կարողանա բյուջեն ու զարգացման ծրագիրն ընդունել:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 55-րդ կետը սահմանում է՝ համայնքի բյուջեն չընդունվելու դեպքում նոր բյուջեի նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել համայնքի ավագանին` համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ, կամ համայնքի ղեկավարը` հրավիրելով արտահերթ նիստ:

Եթե ավագանին մինչեւ տարվա սկիզբը համայնքի բյուջեն չի ընդունում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

Համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը կարող է դնել հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:

Եթե համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ավագանու անդամների թվի ձայների կեսից ավելիով նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:

Համայնքի բյուջեի հաստատման առնչությամբ հրաժարական տալու միջոցով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշում կայացնելու դեպքում համայնքի ղեկավարը հարցը ներկայացնում է կառավարություն` օրենքով սահմանված կարգով:

Այսինքն՝ եթե ընդդիմադիր ֆրակցիաները չգան, չներկայանան եւ չընդունեն բյուջեն, ապա կարող է ընդհուպ մինչեւ քաղաքապետի հրաժարականի հարց բարձրանալ:

Արդյոք ՔՊ-ին կհաջողվի ընդդիմության հետ համաձայնության գալ եւ մեկ ձայն ապահովել, ինչպես եղավ քաղաքապետի ընտրության հարցով ավագանու նիստի դեպքում՝ ցույց կտա ժամանակը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

 

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԳԵՐԻՆԵՐԻՆ

Այս ամիս ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերին:

Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Տեղեկությունների համաձայն՝ ապօրինի պահվող հայերի հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար, սակայն չի նշվում, թե ստույգ ում հետ են հանդիպել։

 

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾ ԿԿԱՌՈՒՑՎԻ

Երեւանում տրանսպորտային մեծ հոսքերը կանոնակարգելու եւ խցանումները նվազեցնելու նպատակով կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

Այն իրար կկապի մայրաքաղաքի երեք վարչական շրջանները՝ հնարավորություն ստեղծելով զգալիորեն կրճատել առկա ճանապարհը:

Նախագիծը կյանքի կոչելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դոնալդ Լամբերտը ստորագրել են վարկային եւ ծրագրի իրականացման համաձայնագրերը:

 

 

 

 

 

ՄԵԿՆԻ ՎՐԱՍՏԱՆ

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից:

Այցի ընթացքում ԱԽ քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ:

 

 

ԿՍԿՍԻ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Խորհրդարանը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 5-ից, կմեկնարկի իր աշխատանքը:

ԱԺ նոր նստաշրջանի օրակարգում 30-ից ավելի հարցեր են, այդ թվում՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրություն հարցը, ինչպես նաեւ կշարունակվի ՀՀ 2024թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկումը:

Նախատեսվում է, որ այս նստաշրջանում բյուջեի նախագիծը պետք է արդեն վերջնական ընդունվի:

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻՑ՝ ՈՒԿՐԱԻՆԱ

Ադրբեջանն Ուկրաինա ականազերծման տեխնիկա է ուղարկել։ APA-ն գրում է, որ այս մասին հայտնել է Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալության (ANAMA) վարչության նախագահ Վուղար Սուլեյմանովը։

«Ուկրաինայում ականազերծման գործում արդեն գործադրված է ադրբեջանական արտադրության տեխնիկա»,- ասել է նա։

Քանակության եւ պայմանների մասին տվյալներ չկան։

 

 

 

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության իրական հնարավորություն է տեսնում եւ համարում է, որ դրանից կօգտվի ամբողջ տարածաշրջանը։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենը։

«Մենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության իրական հնարավորություն ենք տեսնում։ Մեզ ոգեւորում է այն, որ երկու կողմերը միմյանց հետ շփվում են ուղղակիորեն եւ միջնորդների միջոցով։ Դա հաշվի առնելով՝ մենք իրական հնարավորություն ենք տեսնում, որից ամբողջ տարածաշրջանը կարող է օգուտ ստանալ։ Օրինակ՝ եթե Կենտրոնական Ասիայից առեւտրային հոսքերը լինեին Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա, ապա դա զգալի խթան կլիներ այդ առեւտրային ուղու վրա գտնվող բոլոր երկրների համար։ Մենք կողջունեինք, եթե այդ հնարավորությունը լիներ դրա (խմբ.՝ խաղաղության համաձայնագրի) մի մասը», – ասել է պետքարտուղարի օգնականը լրագրողների հետ հեռախոսակապով շփման ժամանակ։

Օ’Բրայենը հավելել է, որ եթե նման ուղի չստեղծվի խաղաղ ճանապարհով, ապա ԱՄՆ-ն զգուշացրել է այն հետեւանքների մասին, որ կլինեն այլ կերպ առաջ շարժվելու դեպքում։

«Միեւնույն ժամանակ, եթե որոշում կայացվի դա չանել խաղաղ ճանապարհով, ապա մենք պետք է օգտագործենք հնարավոր բոլոր գործիքները, որպեսզի խուսափենք այդ տեսակի առեւտրային ճանապարհի ստեղծումից։ Այսպիսով, մենք կողմերին շատ հստակ ասել ենք, թե ինչ հույս ունենք տեսնել, եւ ասել ենք այլ կերպ առաջ շարժվելու հետեւանքների մասին։ Այսպիսով, մենք անհամբեր կսպասենք՝ տեսնելու, թե ինչի կհասնեն կողմերը: Մենք գիտենք, որ նրանք շահագրգռվածություն են հայտնել շատ շուտով խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում, եւ կցանկանայինք տեսնել դրա իրագործումը», – ասել է պաշտոնյան։

Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի Հանրապետություն վարչապետ Փաշինյանի նախաձեռնած բարեփոխումները եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների ընդլայնումը. «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենը առցանց ճեպազրույցի ժամանակ։

«Վարչապետ Փաշինյանը շատ խիզախ է գտնվել եւ հստակ հասկացրել, որ ցանկանում է, որ Հայաստանն առաջ շարժվի իր սահմանները բացելու եւ Արեւմուտքի հետ իր հարաբերությունները ընդլայնելու հարցում, որ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից, ինչպես նախորդ ղեկավարներն էին դա անում։ Նա մի շարք բարեփոխումներ է նախաձեռնել, որոնք պետք է որ շատ խրախուսող լինեն Հայաստանի քաղաքացիների համար, մինչ նրանք շարունակում են արագ տնտեսական աճը, որ ունեցել են վերջին մեկ կամ երկու տարվա ընթացքում», – ասել է Օ’Բրայենը։

 




Լրահոս