ԿԱՍԿԱԾԵԼԻ ՄԱՀՎԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

4 տարի առաջ՝ 2019 թվականի նոյեմբերի 28-ին, Մոսկվայում կասկածելի հանգամանքներում մահացավ «Մարտի 1»-ի գործով վկա, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը: Մինչ օրս առեղծված է մնում նրա մահը: Բանն այն է, որ 2019 թվականին կասկածելի հանգամանքներում մահանում էին «Մարտի 1»-ի գործով անցնող անձինք:

 

Աշոտ Կարապետյանի մահվանից երկու ամիս առաջ էլ հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ոստիկանության նախնական վարկածով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն էր։ Հարությունյանը եւս «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակ ուներ, ու մինչ օրս նրա մահը եւս մնում է առեղծված:

Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում մահացել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը։

Ըստ ռուսական լրատվամիջոցների հաղորդումների՝ ոստիկանության նախկին պաշտոնյայի մահը վրա է հասել Պյատիգորսկում՝ մասնավոր գարեջրի գործարանում, գազի պայթյունի հետեւանքով:

Ըստ տեղեկությունների՝ պայթյունի հետեւանքով մահացել է նաեւ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մորեղբայրը։

Ռուսաստանում երկու մարդկանց մահվան առթիվ քրեական գործ էր հարուցվել՝ աշխատանքային պահանջները չբավարարելու հատկանիշներով։ Ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին, որ գարեջրի գործարանը գազի ցանցին միանալու թույլտվություն չի ունեցել։

49-ամյա Կարապետյանը ոստիկանության համակարգում աշխատել է 1990-ականներից, 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ էլ զբաղեցրել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության խորհրդային բաժնի պետի պաշտոնը։ Հետընտրական արյունալի իրադարձություններից մեկ տարի անց պարգեւատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:

Հատուկ քննչական ծառայությունից հայտնել էին, որ Կարապետյանը «Մարտի 1»-ի քրեական գործում վկայի կարգավիճակ ուներ: «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նշել էր, որ Աշոտ Կարապետյանը հետընտրական իրադարձություններին իր մասնակցությունն է ունեցել: «2008թ. փետրվարի 29-ի միջոցառում կոչված «տեղանքի զննություն» օպերացիան եւ դրա ամբողջ գիշերվա ընթացակարգի հետ Աշոտ Կարապետյանն առնչություն ուներ, նա էր զանգել Արմեն Նիկողոսյանին, կանչել ոստիկանություն, այնուհետեւ ոստիկանությունում մենք գիտենք՝ ինչ իրավիճակ է եղել այդ ժամանակ՝ զենքերի հետ կապված, օպերացիան իրագործելու հետ կապված, եւ ժողովրդի դեմ նախահարձակ լինելու հիմքեր ստեղծելու հանգամանքներին վերաբերող քննարկումները եւ բուն դրա իրագործումն է։ Որպես ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա՝ նա եւս առնչվել է այն ամենին, ինչ որ առավոտվա գործողություններում առկա են եղել ոստիկանության բիրտ ուժի կիրառման ժամանակ», – ասել էր նա։

«Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցչի գնահատմամբ՝ Կարապետյանը «Մարտի 1»-ի գործով պիտի հարցաքննվեր։ Ըստ նրա՝ չի կարող ասել՝ Կարապետյանի մահը կապ ուներ այս իրադարձությունների հետ, թե ոչ. «Չեմ էլ ուզում բացառել այն վարկածը, որ կարող է եւ կապ ունենալ, որովհետեւ զարմանալի զուգադիպությամբ բոլոր այն անձինք, ովքեր Մարտի 1-ի առանցքային գործողությունների կիզակետում եղել են, այս անձինք կա՛մ ինքնասպան են լինում, կա՛մ մահանում եմ, եւ ինչ-որ բան նորմալ չեմ համարում այս ամենի մեջ»:

Ի դեպ, Կարապետյանը հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել հատկապես ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանի գործի շրջանակներում: Վիրաբյանը հայտարարել էր, որ 2004-ին ընդդիմադիր ցույցերին մասնակցելու համար իրեն խոշտանգողների շարքում է եղել նաեւ Աշոտ Կարապետյանը, որն այն ժամանակ Արարատի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։ Կարապետյանի անունը շոշափվել էր նաեւ Եվրադատարանի 2012 թվականի վճռում, որով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել էր 31 հազար եվրոյի փոխհատուցում վճարել:

2016 թվականին՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավելու օրերին՝ Երեւանում մեկնարկած հանրահավաքներից հետո, Կարապետյանը ենթարկվել էր կարգապահական տույժի, ապա ազատվել Երեւանի ոստիկանապետի պաշտոնից։ Այդ օրերին ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ, տասնյակ մարդիկ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

«ԱՆՈՐՍԱԼԻ» ՎԱՐՈՐԴԸ ԿՄՆԱ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Երեւանի կենտրոնի՝ «Համեր»-ի «անորսալի» վարորդի գործով ՀՀ վերաքննիչ դատարան հատուկ վերանայման բողոք էր ներկայացվել, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը:

 

Մեղադրյալ Գեղամ Սահրադյանի վերաբերյալ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 15-ի որոշումը թողել են անփոփոխ։ Նա կշարունակի մնալ կալանքի տակ:

2023թ? փետրվարի 11-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ փետրվարի 10-ին` ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում Պարեկային ծառայության ծառայողներին է մոտեցել «Համեր» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է ապահանջել պարեկներից։

Մերժում ստանալուց հետո, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, նա մեքենան վարել է Աբովյան փողոցով՝ երթեւեկությանը հանդիպակաց, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «կանգ առ» ազդանշանին, մեքենան շարունակել է վարել Արամի, Փ.Բյուզանդի, Վ.Սարգսյանի, Ագանթագեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով, այդ թվում նաեւ` հետիոտնի համար նախատեսված վայրով՝ դիտավորյալ վնասելով փողոցներում կայանված թվով 8 քաղաքացիական մեքենաներ։

Այնուհետեւ նա երթեւեկել է ՀՀ կառավարության վարչական շենքի հանդիպակաց ոչ երթեւեկելի հատվածով, որտեղ, շարունակելով չենթարկվել պարեկային ծառայության օրինական պահանջին, վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության աշխատակցին, դիտավորյալ վնասել Պարեկային ծառայության թվով 3 ավտոմեքենա։ Այդ գործողությունները կանխելու համար պարեկային ծառայողներն իրենց ամրակցված ատրճանակներով մոտ տարածությունից մի քանի անգամ կրակել են վերոհիշյալ ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ՝ փորձելով կանգնեցնել այն, սակայն վարորդը շարունակել է երթեւեկությունը, խույս տալով պարեկներից` մեքենան թողել է Երեւան քաղաքի Ագաթանգեղոս 7-րդ շենքի կամարանցման տակ եւ դիմել փախուստի:

Վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Համեր» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ Գեղամ Ս.-Ն-ին, որը եղել է ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ:

Պարզվել էր, որ տեղյակ լինելով որդու՝ թմրամոլ լինելու մասին` հայրն ավտոմեքենայի բանալիները թաքցրել է նրանից, սակայն երիտասարդը փնտրել ու գտել է ավտոմեքենայի պահեստային բանալին, որից հետո ավտոմեքենայով մարզից եկել է Երեւան քաղաք: Գործը դատարանում է։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ դատախազը 2023 թվականի նոյեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված եւ կառավարվող «Ismoke», «Ismoke420» եւ «Marc Emery Market» առցանց խանութ-հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ եւ փողերի լվացմամբ զբաղված երեք անձի նկատմամբ:

Մասնավորապես՝ քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Վ.Մ.-ն եւ Խ.Ֆ.-ն 2019-2021 թվականներին զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ Խ.Ֆ.-ի կողմից «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված եւ կառավարվող «Ismoke», «Ismoke420» եւ «Marc Emery Market» առցանց խանութ-հարթակների միջոցով:

Խ.Ֆ.-ն ապահովել է, որ թմրամիջոցներն առանձնացվեն՝ ըստ քաշերի, փաթեթավորվեն եւ նախապես տեղադրվեն ՀՀ տարածքում գտնվող թաքստոցներում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները:

Վ.Մ.-ն կառավարել է տելեգրամյան խանութ-հարթակները, նամակագրություն վարել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց հետ, պահանջել թմրամիջոցի համապատասխան չափաբաժնի արժեքը կազմող գումարը (ընդհանուր՝ շուրջ 60 մլն 744 հազար դրամ) փոխանցել կրիպտոարժութային դրամապանակներին, ինչպես նաեւ ՀՀ եւ օտարերկրյա էլեկտրոնային դրամապանակներին:

Վճարման անդորրագրերի լուսանկարները գնորդի կողմից փոխանցվելուց հետո Վ.Մ.-ն եւ Խ.Ֆ.-ն գնորդին ուղարկել են թաքստոցներում նախապես տեղադրված՝ տարբեր տեսակի թմրամիջոցների տեղակայման լուսանկարները՝ ճշգրիտ աշխարհագրական կոորդինատներով:

Հավելենք, որ  իրենց կողմից կառավարվող «Marc Emery Market» խանութ-հարթակի միջոցով մեկ այլ՝ «Davitvanhoktemberyan» անվամբ գրանցված օգտատիրոջից Խ.Ֆ.-ն եւ Վ.Մ.-ն, իրացնելու նպատակով 2021 թվականի օգոստոսին ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 80 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Դրա մի մասը տեղադրել են Կոտայքի մարզի տարածքում, լուսանկարել տեղադրման վայրը, նշել աշխարհագրական կոորդինատները եւ լուսանկարն ուղարկել «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում «ՏՆՕՐԷՆՔ» եւ «Origin666» անուններով գրանցված Գ.Ա.-ին ու Հ.Հ.-ին: Վերջիններս, Խ.Ֆ.-ի հրահանգով, ձեռք բերված թմրամիջոցի մի մասը փաթեթավորել եւ թաքցրել են Երեւան քաղաքի ու ՀՀ մարզերի տարբեր հատվածներում:

Վ.Մ.-ն եւ Խ.Ֆ.-ն թմրամիջոցի մնացած մասը՝ 60.39 գրամ ընդհանուր քաշով, հետագայում իրացնելու նպատակով տեղափոխել են Խ.Ֆ.-ի բնակության վայր եւ թաքցրել տան խորդանոցում (թմրամիջոցը հայտնաբերվել է 2021 թվականի օգոստոսի 30-ին կատարված խուզարկությամբ, իսկ Գ.Ա.-ի եւ Հ.Հ.-ի կողմից թաքցված փաթեթներից հայտնաբերվել է ընդհանուր 19,93 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 49 փաթեթ):

 




Լրահոս