Ստեղծվել է ազատ շուկա էներգիա ներկրողների եւ էլեկտրաէներգիա արտադրողների համար. այժմ շուկան ազատ է եւ ցանկացողները կարող են էլեկտրաէներգիա արտադրել, արտահանել ՀՀ-ից: «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 28-ին՝ «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան եւ ապագան» խորագրով համաժողովի ժամանակ, հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Ըստ նրա՝ պետական մի շարք ծրագրերը՝ ներառյալ օրենսդրական դաշտում աշխատանքները, ուղղված են աջակցելու էլէներգիա արտադրողներին։
«Հայաստանում հարմարավետ միջավայր է ստեղծվում էներգետիկայի ոլորտում ներդրումների համար, ինչի արդյունքում է՛լ ավելի է բարձրանում երկրի էներգետիկ անվտանգության եւ անկախության մակարդակը։
«Հայաստանի էլեկտրաէներգիայի ոլորտի զարգացման կայուն գրավականն են վերականգնվող էներգետիկ ներուժի տնտեսապես հիմնավորված, արդյունավետ եւ պատասխանատու օգտագործումը, ատոմային էներգետիկայի՝ խաղաղ նպատակներով զարգացումը, էլեկտրաէներգետիկական համակարգի տարածաշրջանային ինտեգրումը, էներգակիրների մատակարարման ուղիների եւ ձեւերի տարատեսակումը, էներգաարդյունավետության եւ էներգախնայողության միջոցառումների ներդրումը, թվային էներգետիկ վերափոխումը։ Սրան էն ուղղված բոլոր քայլերը։
Կայուն էներգետիկան երկրի տնտեսության զարգացման կարեւորագույն պայմաններից է՝ ուղղված մարդկանց կյանքի բարելավմանը եւ կենսամակարդակի բարձրացմանը»,- ասաց Արշակյանը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, էներգետիկայի ոլորտի նկատմամբ առկա է մեծ հետաքրքրություն։ «Էներգետիկան հիմքն է արդյունաբերության զարգացման, մարդկանց բարեկեցության, տնտեսական առաջընթացի, պետությունների անվտանգության եւ սուվերենության»,- նշեց ԱԺ փոխնախագահը։
ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով սահմանված է, որ էներգետիկայի ոլորտում քաղաքականությունն ուղղված է լինելու էներգետիկ անկախության եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը, սպառողներին էլեկտրաէներգիայի եւ գազի հուսալի մատակարարումների ապահովմանը։
Իսկ մինչեւ 2040 թվականը էներգետիկ բնագավառի զարգացման ռազմավարությունն ուրվագծում է Հայաստանի տեսլականը էներգետիկայի զարգացման ոլորտում, որը խարսխված է ազատ մրցակցային եւ ոչ խտրական, ներառական եւ դիվերսիֆիկացված, էներգետիկ անկախության բարձր մակարդակով, մաքուր եւ էներգախնայող, թվայնացված եւ ինովացիոն, գիտելիքահեն, բարձր տեխնոլոգիատար, կանխատեսելի եւ թափանցիկ, հասանելի, բոլորի համար արդարացի սկզբունքների վրա։
«Ռազմավարության շրջանակներում իրագործված բարեփոխումների արդյունքում 2022 թվականին գործարկված էլեկտրոնային հարթակի օգնությամբ Հայաստանում էլեկտրաէներգիա սպառողին ընձեռվում է հնարավորություն մատակարարին ինքնուրույն ընտրելու համար՝ պայմանագիր կնքելու եւ առեւտուր անելու։ Այս կարեւոր բարեփոխումը էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման մասին է։ Ստեղծվել են նոր հնարավորություններ ներդրողների եւ էլեկտրաէներգիա արտադրողների համար։ Շուկան այժմ ազատ է, ցանկացողները կարող են էլեկտրաէներգիա արտադրել, ներկրել եւ արտահանել Հայաստանից»,- հավելեց Հակոբ Արշակյանը։
Նա մանրամասնեց, որ պետական մեկ այլ ծրագրով հնարավոր է տեղադրել մինչեւ 10 միլիոն դրամ արժողությամբ անհատական արեւային համակարգեր՝ արտոնյալ վարկային պայմաններով։
Արշակյանը քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց այս ծրագրի վրա՝ կոչ անելով օգտվել դրանից։ «Այն իսկապես կարող է փոխել թե՛ անհատական էլեկտրական համակարգեր ունեցողների, թե՛ պետության կախվածությունը էներգետիկ միջավայրի տեսանկյունից»,- ասաց Ազգային ժողովի փոխնախագահը։
ՍԱՐՔԵՐ ՁԵՌՔ ԿԲԵՐԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության երաշխավորված սարքերի/սարքավորումների ցանկը։
Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են ԱԺ-ից:
Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի արդյունքում հայաստանյան 19 պետական գիտական կազմակերպություններ եւ բուհեր Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ ձեռք կբերեն 60 սարք/սարքավորում՝ ընդհանուր 930 միլիոն դրամ արժողությամբ։
Ի գիտություն շահառու կազմակերպությունների՝ անհրաժեշտ է մինչեւ ս.թ. նոյեմբերի 30-ը Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի հետ կնքել Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանագիրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ
«ՀՀ-ն լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ԼՂ-ն մեջը»,-այս մասին նոյեմբերի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Սա արդեն մի 8 անգամ ասել ենք վերջին մեկ-երկու տարվա ընթացքում։ էլ ի՞նչ է պետք ասել»,- ընդգծեց Սիմոնյանը։
Նա նաեւ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարց ՀՀ-ի համար գոյություն չունի. «Ի՞նչ է նշանակում՝ Արցախի հարցը լուծված է։ Ո՞րն է Արցախի հարցի հանգուցալուծումը կամ չլուծվածությունը. Հայաստանի Հանրապետությունը նման հարց հիմա չունի»,- ավելացրեց ԱԺ նախագահը։
Ըստ նրա` այսօր ՀՀ-ի համար գլխավորը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է։
Հիշեցնենք, որ 2023 թ. մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ բացատրեց, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,6 հազար քառակուսի կմ տարածքով. այն ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը։
ՂԵԿԱՎԱՐ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ
Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումը բնակչության եւ անձնակազմի անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պաշտպանության եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության պաշտպանության նպատակներով:
Ուսումնասիրելով այս կառույցի գործունեությունը՝ տեսնում ենք, որ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին կոմիտե է այցելել, որից հետո այս կառույցի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: ՀՀ կառավարությանն առընթեր այս մարմինը կես տարուց ավելի է՝ ղեկավար չունի: Ղեկավար չունեցող կոմիտեն 2023 թվականի հունվարից մինչեւ նոյեմբերն ընկած հատվածում ձեռք է բերել ամեն ինչ, բացի իր լիազորություններին համապատասխան գնումներից։
Օրինակ՝ ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 172 հազար 130 հազար դրամ։ Ավտոմեքենաների պահպանման ծառայության եւ ավտոմեքենաների անիվների ձեռք բերման համար կոմիտեն ծախսել է 930 հազար 300 դրամ։ Տնտեսական ապրանքների ձեռք բերման եւ գրենական պիտույքների համար ծախսվել է 648 հազար 760 դրամ։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն եւ ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։
ՊՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ քննական գործընթացին հետեւել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը եւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Քննության ավարտին, դիմելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված գեներալներին ու բարձրաստիճան սպաներին, նախարար Պապիկյանն ընդգծել է, որ ակնհայտ է այն դրական ազդեցությունը, որ ատեստավորման գործընթացը թողել է ԶՈՒ մարտական պատրաստականության բարձրացման վրա։